 
                        Հնդկաստանում թունավոր ալկոհոլային խմիչքից 34 մարդ է մահացել
 
                                    Հնդկաստանի հարավային Թամիլ Նադուի նահանգում թունավոր ալկոհոլային խմիչք օգտագործելուց առնվազն 34 մարդ է մահացել: Այս մասին տեղեկանում է BBC-ից։
Միջադեպը տեղի է ունեցել Կալակուրուչիի շրջանում, որտեղ որոշ բնակիչների ինքնազգացողությունը վատացել էր հունիսի 18-ի գիշերը ոգելից խմիչք օգտագործելուց հետո։ Շուրջ 80 մարդ հոսպիտալացվել է: Նրանց ախտանիշները ներառում են գլխապտույտ, գլխացավ, փսխում, սրտխառնոց, ստամոքսի ցավ և աչքերի բորբոքում։
Երկու անձ ձերբակալվել է։ Բացի այդ, իշխանություններն անփութության համար ժամանակավորապես աշխատանքից ազատել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և 10 աշխատողի, որոնք նահանգում վերահսկում են ապօրինի ալկոհոլի մաքսանենգությունը:
Անօրինական ճանապարհով ալկոհոլ արտադրողները հաճախ ավելացնում են մեթանոլ՝ սպիրտի խիստ թունավոր տեսակ, որը բարձրացնում է խմիչքի թնդությունը: Նույնիսկ փոքր քանակությամբ ընդունելու դեպքում մեթանոլը կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան:
Հնդկաստանում ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում անօրինական ծագման խմիչք օգտագործելու պատճառով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        