Եթե Թուրքիան չունի պահանջներ, ինչո՞ւ չի բացվում սահմանը․ ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը խեղաթյուրում փաստերը

Օրերս ՀՀ ԱԺ-ում ԱԳ նախարարության 2023 թվականի բյուջեի կատարողականի թեժ դրվագներով քննարկման ժամանակ հանկարծակիորեն պարզվեց, որ Թուրքիան իբրև թե չունի որևէ պահանջ ՀՀ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փորձելով գովաբանել Թուրքիային և հայ-թուրքական անպտուղ, երկար դադարներով բանակցային գործընթացը, կարելի է ասել, պաշտպանել Թուրքիայի իշխանություններին հայաստանյան ընդդիմությունից, հայտարարել է, թե Թուրքիայի կողմից պահանջներ չկան իրենց ուղղված։

«Կա շատ առողջ երկխոսություն, նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, առայժմ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված այլ, երրորդ գործոններով։ Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ մեր պայմանավորվածությունները կսկսեն իրականանալ, մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ և նորմալ երկխոսությունը»,- ասել է Միրզոյանը, երկու նախադասության շրջանակում մի քանի անգամ հակասելով ինքն իր ձևակերպումներին։

Քիչ հավանական է, որ արդեն մի քանի տարի ՀՀ-ում ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը զուտ տեսականորեն չհասկանա, թե ինչ է նշանակում առողջ երկխոսությունը և ինչ է այն իրենից ենթադրում։ Ուստի հռետորական հարցեր են ծագում՝ եթե կա առողջ և նորմալ երկխոսություն, ինչո՞ւ չկան արդյունքներ, ինչո՞ւ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, և եթե չկան պահանջներ, ապա ի՞նչ երրորդ գործոններով է պայմանավորված հայ-թուրքական գործընթացը, միգուցե հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցություններով և Ադրբեջանի պահանջների լայն փաթեթո՞վ։

Հարցերի պատասխանները շատ հստակ են գրեթե բոլորի համար, սակայն, չգիտես ինչու, Արարատ Միրզոյանը հայ-թուրքական բանակցային գործընթացն «առողջ» է համարում։ Այս հռետորական հարցի պատասխանը ևս հայտնի է գրեթե բոլորին։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ շատ ավելի ուշագրավ է, որ նման հայտարարություն հնչում է օրերս Թուրքիայի նախագահի արած պահանջներից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Իզմիրում՝ EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչվող միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ», և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից»։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ «Ղարաբաղի ազատագրումից» հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։

«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն (Ադրբեջանի հետ): Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել էր Էրդողանը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է սա Միրզոյանի համար՝ պահա՞նջ, թե՞ թելադրանք։ Դժվար կլինի պատկերացնել, որ նման տոնայնությամբ Թուրքիայի ղեկավարը խոսի ռուս ժողովրդի, Պուտինի, Ալիևի, ԱՄՆ ղեկավարի հասցեին։ Ուրեմն ի՞նչ է սա, եթե ոչ՝ պահանջ կամ թելադրանք։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները կամ ինքնախաբեությամբ են զբաղվում, կամ փորձում են պարզապես իրենց արտաքին քաղաքականությունն արդարացնել՝ շատ լավ հասկանալով, որ իրականում հայ-թուրքական բանակցային գործընթացը չի տալու որևէ արդյունք, քանի դեռ չկա հայ-ադրբեջանական խաղաղության մասին պայմանագիր։

«Մեկ տարուց ավելի է, ինչ սկսվել են բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև, միայն ինչ-որ չվերթեր են վերականգնվել ու ինչ-որ աննշան քայլեր են եղել, մի քանի հանդիպում, մի քանի հեռախոսազանգ ու այցեր հայկական կողմից՝ Արարատ Միրզոյանն էր աղետի օրերին այցելել Թուրքիա, Փաշինյանը՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Իսկ եթե Թուրքիան չունի պահանջներ՝ ուղղված ՀՀ իշխանություններին, ապա ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը։ Սա գլխավոր հարցն է։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ պահանջներն ուղիղ չեն հնչեցվում, նույնիսկ դրա կարիքը չկա, ինչպես տեսնում եք, վերջերս բանագնացների հանդիպումներ տեղի չեն էլ ունեցել, Թուրքիան հստակ ցույց է տալիս իր հայտարարություններով, թե ինչ է ակնկալում, և ՀՀ-ն իր կամքը Թուրքիային ընդառաջ ցուցադրել է ի սկզբանե, որը որևէ արդյունքի չի հանգեցրել, այնինչ Թուրքիան հայտարարարում էր իր նախապայմանները և դա անում էր հրապարակային։ Ինչո՞ւ են հայտարարում, թե պահանջներ չկան, երբ դրանք հրապարակային են»,- ասաց թուրքագետը։

Բացի այդ, վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունները լրիվ նույնական են։

«Այսինքն՝ այն պահանջները, ինչ Ադրբեջանը հնչեցնում է, դրանք հենց թուրքական պահանջներ են, օրինակ, Զանգեզուրի միջանցք Ադրբեջանը ցանկանում է, իսկ Թուրքիան՝ ո՞չ։ Թուրք պաշտոնյաները ևս իրենց հայտարարություններում խոսում են այդ, այսպես կոչված, միջանցքից։ Ստացվում է՝ դա միայն Ադրբեջանի՞ պահանջն է։ Իհարկե ոչ, սա միասնական գործընթաց է»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Նա նաև համեմատական անցկացրեց հայ-ռուսական և հայ-թուրքական վերջին շրջանի շփումների ու ՀՀ իշխանությունների արձագանքների միջև։

«Անկախ հանգամանքից, թե ինչ հայտարարություն են անում թուրք իշխանությունները, ՀՀ-ն դրանց չի արձագանքում այնպես, ինչպես ՌԴ քաղաքականությանն է արձագանքում, թեև ՌԴ-ն հիմա խուսափում է հաճախակի անդրադառնալ ՀՀ-ին, ՀՀ իշխանություններին ու քաղաքականությանը։ Հայաստանյան քարոզչությանը հետևելը շատ ուշագրավ է՝ Թուրքիան չունի որևէ պահանջ, միջանցք չի ցանկանում, իսկ Ռուսաստանը միջանցք է պահանջում։ Սա չափազանց վատ, սակայն ուշագրավ բան է, թե քաղաքականության առաջմղման համար ինչ քարոզչություն է իրականացվում, որն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Նույնպես իրականության հետ առնչություն չունի նաև Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ ՀՀ գլխավոր դիվանագետի հայտարարությունը։ Սա ապարդյուն քաղաքականությունը թաքցնելուն ուղղված, իրականությունը թաքցնելուն ուղղված քաղաքականություն է, որը չի կարող հանգեցնել խաղաղության, քանի որ գործընթացը տալիս է ցանկալի արդյունք, երբ դրա իրականացման համար ճիշտ վերլուծություններ են հիմք ընդունվում։

Այս դեպքում դա բացակայել է, ու ներկայումս տեսնում ենք դրա հետևանքները ռեգիոնալ իրավիճակի չկարգավորման և նորանոր պահանջների ի հայտ գալու տեսքով։ Պետք է ընդունել այն, որ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են հնչում ՌԴ-ից կամ Թուրքիայից, ՀՀ իշխանությունները դրանք մեկնաբանելու են այնպես, ինչպես որոշել են նախապես՝ ՌԴ-ի դեպքում՝ բացասական տոնայնությամբ, Թուրքիայի դեպքում՝ ընդհակառակը»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս