Սի Ծինպինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Պետք է ջանքեր գործադրել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար և լուծել ուկրաինական ճգնաժամը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Պեկինում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցությունների ժամանակ ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը։
Դուդան հունիսի 22-26-ը պետական այցով Չինաստանում է։ Հունիսի 24-ին Չինաստանի և Լեհաստանի ղեկավարները բանակցություններ են վարել, որոնց ընթացքում կարծիքներ են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:
«Ներկայումս պետք է ջանքեր գործադրել՝ խուսափելու հակամարտության ընդլայնումից և սրումից, անհրաժեշտ է ջանասիրաբար նպաստել իրավիճակի դեէսկալացիային և ջանքեր գործադրել խաղաղ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- Չինաստանի ղեկավարի խոսքերը մեջբերել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Սի Ծինպինն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը խաղաղ բանակցությունների և քաղաքական կարգավորման խթանումն է։ «Չինաստանը խրախուսում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և նպաստում են հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության կառուցմանը», – հավելել է նա։