Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ

Հայաստանյան իշխանությունները, ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանի, քարուքանդ են անում հայկական Սփյուռքի հետ հարաբերությունները:

Ինչպես տեղեկացնում է tass.ru-ն, այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Հայաստանում Կիպրոսի դեսպան Տիգրան Մկրտչյանի շնորհանդեսը Նիկոսիայի համալսարանում «The Foreign Policy Challenges of Armenia» (Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները.-168.am) խորագրով անցկացված սեմինարի ժամանակ:

«Նրանք կործանում են երկիրը և հայկական Սփյուռքի հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Սևանը, ով հայկական ծագմամբ կիպրացի է:

Նա նշել է, որ «Ռուսաստանում ապրում և աշխատում է ավելի շատ հայ, քան Հայաստանում, և նրանք էական ֆինանսական ներդրում են կատարում» իրենց պատմական հայրենիքի զարգացման գործում:

Կարդացեք նաև

Սակայն, ինչպես շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ թույլ չի տալիս արտասահմանյան որոշ հայ գործիչների մուտքը Հայաստան, քանի որ նրանք քննադատում են իր «ռեժիմը»:

Սևանի խոսքով՝ Հայաստանի կառավարության ղեկավարը «դարձել է իր տիկնիկավարների խամաճիկը» և «պրոքսի-պատերազմում գործիք»:

Ի պատասխան դեսպան Մկրտչյանի այն պնդումներին, որ Երևանն Արևմուտքում հնարավորություններ է փնտրում իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար այն պատճառով, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը իբր թե երես են թեքել Հայաստանից Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ, Սևանը հիշեցրել է, որ Հայաստանը Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր է կնքել դեռևս մինչ այդ ռազմական կոնֆլիկտը (խոսքը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած CEPA-ի մասին է.- 168.am):

Նա հավելել է, որ Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և ըստ այդմ անհասկանալի է, թե ինչու էր Երևանը սպասում, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պետք է միջամտեն ինքնիշխան պետության ներքին գործերին:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը նաև ցավակցել է Կիպրոսում Հայաստանի դեսպանին այն հանգամանքի կապակցությամբ, որ նա ստիպված է ներկայացնել մի երկիր, որը չունի հետևողական միջազգային քաղաքականություն:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս