Հենց վկաների հարցաքննությունը պետք է լինի հրապարակային. Աշոտյանի գործն ամենահնչեղն է. Ռուբեն Մելիքյան
«Շատ վատ նախադեպ էր։ Մտածում եմ՝ սա նախապես ծրագրվա՞ծ էր, թե՞ գուցե առանձին իրավաբանների մոտեցումն է այս հարցի շուրջ։ Եթե առանձին իրավաբանների մոտեցումն է, ապա պետք է վերանայվի սա․ սա խայտառակություն կարող է դիտվել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նիստն առանց տեսանկարահանման անցկացնելու՝ դատախազի միջնորդությանն ու դատավորի որոշմանը։
Ավելի վաղ 168.am–ը տեղեկացրել էր՝ այսօրվա դատական նիստին վկաների հարցաքննության փուլն էր, սակայն հանրային մեղադրողները միջնորդել էին, որ նիստն անցկացվի առանց տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման ռեժիմի՝ շեշտելով վկաների անջատ հարցաքննության անհրաժեշտությունը:
Այս միջնորդությանը դեմ էին թե՛ Արմեն Աշոտյանը, և թե՛ նրա պաշտպանական թիմը: Արմեն Աշոտյանը նկատել էր, որ և՛ 2-րդ, և՛ 3-րդ նախագահների վերաբերյալ քրեական վարույթների դեպքում հարցաքննություններն իրականացվել են հրապարակային: ՀՀԿ փոխնախագահն ու նրա պաշտպանները շեշտել էին՝ սա խոսում է այս գործի քաղաքական լինելու մասին:
Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանն, այդուհանդերձ, որոշել էր՝ նիստը տեսանկարահանել չի կարելի, սակայն ձայնագրել լրագրողները կարող են:
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հակասություն էր նկատել դատավորի արձանագրումների և կայացրած որոշման մեջ՝ շեշտելով, որ ձայնագրությամբ ևս անջատ հարցաքննության հարցը չի լուծվում, հետևաբար՝ այդ որոշումն այլ նպատակ ունի և վերահաստատում է գործի քաղաքական շեշտադրումը:
Դատական նիստից հետո արդեն Ռուբեն Մելիքյանը նաև նկատեց․ «Արդեն ութ ամսից ավելի է, ինչ դատական նիստերն ընթանում են, մարդիկ հետևում են, բայց բուն դատական նիստերը՝ հիմնական դատալսումները, նոր են սկսվում, այսօր է սկսվել։ Այսինքն՝ մարդիկ հենց վկաներին լսելով կարող են իրենց դատողությունը անել՝ ի վերջո, Արմեն Աշոտյանը, լինելով ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահ, արդեն մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է․ ի վերջո․ ճի՞շտ է դատախազությունը, թե՞ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում