Շեշտակի ակտիվություն ոչ ավանդական վարկային շուկաներում. Ի՞նչ է կատարվում բանկային համակարգում

Բանկերի վարկային պորտֆելում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ապրիլին անսպասելի ակտիվություն է դրսևորվել ոչ ավանդական վարկային շուկաներում։

Բանկերի, այսպես կոչված, այլ վարկերը շեշտակի ավելացել են։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնք դուրս են ավանդական վարկային շուկաներից։

Դրանք մեզ հայտնի ո՛չ սպառողական, ո՛չ հիփոթեքային, և ո՛չ էլ արդյունաբերական կամ գյուղատնտեսական վարկերն են։ Այդ վարկերը Կենտրոնական բանկը միավորել է այլ վարկերի անվան տակ։ Այդպիսի վարկերի կշիռը բանկերի վարկային պորտֆելում միշտ էլ մեծ չի եղել։ Բայց ապրիլին կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել։ Այլ վարկերը շեշտակի ավելացել են։

Նախկինում երբևէ նման ակտիվություն այս վարկային շուկաներում չէր դրսևորվել։

Կարդացեք նաև

Մինչդեռ՝ ապրիլին այստեղ կատարված վարկային ներդրումները գրեթե երեք անգամով գերազանցել են բանկերի վարկային ամբողջ պորտֆելի աճը։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, ապրիլին Հայաստանի ռեզիդենտներին տրամադրված բանկերի վարկային պորտֆելն աճել է 36,5 մլրդ դրամով։ Միայն այլ վարկերինը՝ գրեթե 106 մլրդ դրամով։

Եթե մինչ այդ կամ մարտին բանկերի այլ վարկերը կազմում էին ընդամենը 170 մլրդ դրամ, ապրիլի վերջին արդեն հասել են 276 միլիարդի։

Կոպիտ ասած՝ միանգամից ավելացել են գրեթե այնքանով, որքանով բանկերի ամբողջ վարկային պատմության ընթացքում։

Թե հատկապես ո՞ր վարկերի հաշվին է տեղի ունեցել այս կտրուկ ակտիվությունը և ինչո՞վ է դա պայմանավորվել, հայտնի չէ։ Կենտրոնական բանկը չի հրապարակում այլ վարկերի բացվածքը, ինչը կարող էր թույլ տալ հասկանալ դրա պատճառները։ Բայց այն, որ ակտիվությունը ոչ ավանդական վարկային շուկաներում տեղի է ունեցել մեծամասամբ տարադրամային վարկերի հաշվին, որոշակի ենթադրությունների առիթ կարող է տալ։ Այդպիսի վարկերը գրեթե կրկնապատկվել են։

Եթե մինչ այդ նման վարկերի պորտֆելը կազմել էր 80 մլրդ դրամ, ապրիլի վերջին հասել է 152 միլիարդի։

Մեկ ամսվա ընթացքում 72 միլիարդով ավելացել է։ Ապրիլին այս շուկայում գրեթե 185 մլն դոլարի տարադրամային վարկեր են տրամադրվել բանկերի կողմից։

Ավելացել են նաև դրամային վարկերը, բայց ավելի քիչ՝ շուրջ 34 մլրդ դրամի չափով։

Այս փոփոխությունից հետո, այլ վարկերի շուկայում տարադրամային ներարկումները սկսել են գերազանցել դրամային վարկերին։ Դրամայինները կազմել են 124 մլրդ դրամ, տարադրամայինները՝ 152 միլիարդ։

Մինչև ապրիլ այլ վարկերի շուկան ոչնչով աչքի չէր ընկել։ Նույնիսկ վարկային պորտֆելի անկում էր գրանցվել՝ նախորդ տարվա վերջի համեմատ։

Գերազանցապես ոչ ավանդական վարկային շուկաներում արձանագրված այս կտրուկ փոփոխության հաշվին են բանկերն ապրիլին պահպանել վարկային ակտիվությունը։ Մյուս շուկաներից  որոշակի ակտիվություն է դրսևորվել բացառապես սպառողական և հիփոթեքային վարկերի դեպքում։ Բանկերի մնացած բոլոր վարկային պորտֆելներում անկում է տեղի ունեցել։ Ընդ որում, ոչ միայն ապրիլին. բազմաթիվ վարկային շուկաներում բանկային ներդրումներն այս տարի կրճատվել են, երբեմն՝ շատ կտրուկ։ Դա ակնհայտ է հատկապես արդյունաբերությանը հատկացված վարկային ներարկումների պարագայում։

Ընդամենը չորս ամսում արդյունաբերական նշանակության վարկերը նվազել են ավելի քան 59 մլրդ դրամով։ Խոսքն ավելի քան 150 մլն դոլարի մասին է։

Եթե անցած տարվա վերջին բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված արդյունաբերական վարկերի պորտֆելը հասնում էր 509 մլրդ դրամի, ապրիլի վերջին կազմել է շուրջ 450 մլրդ դրամ։ Ավելի քիչ, քան անգամ անցած տարվա ապրիլին էր։

2023թ. ապրիլին բանկերի արդյունաբերական վարկերի պորտֆելը 485 միլիարդից ավելի էր։ 2022թ. ապրիլին նույնիսկ ավելի շատ՝ անցնում էր 529 միլիարդից։

Սա ցույց է տալիս բանկերի վերաբերմունքն իրական տնտեսության նկատմամբ, ինչը, իհարկե, բոլորովին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն, ինչ տեղի է ունենում արդյունաբերության մեջ։ Բազմաթիվ կարևոր ճյուղեր ու ենթաճյուղեր, որոնք տնտեսության ու տեղական արտադրության հիմքն են, անկման մեջ են։ Իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական ու դրամավարկային քաղաքականությունը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել։ Արտադրական հատվածում գործերը լավ չեն, ինչն էլ ազդում է դրանց ներդրումային գրավչության վրա։

Այս տարի բավական կտրուկ նվազել են բանկային ներարկումները նաև առևտրի ոլորտում։ Պորտֆելի գրեթե 42 մլրդ դրամի հասնող անկում է գրանցվել։

Ավանդական վարկային պրոդուկտներից ակտիվ են եղել բացառապես սպառողական և հիփոթեքային վարկերի շուկաները։ Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը հասել է 1 տրիլիոն 170 մլրդ դրամի։ Հիփոթեքը՝ 1 տրիլիոն 127 մլրդ դրամի սահմաններում է։ Սպառողական վարկերը տարեսկզբի չորս ամիսներին ավելացել են 84 միլիարդով, հիփոթեքային վարկերը՝ շուրջ 54 միլիարդով։

Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակահատվածում, ոչ ավանդական կամ այլ վարկերն ավելացել են գրեթե 98 մլրդ դրամով՝ բացառապես ապրիլին արձանագրված 106 մլրդ դրամ աճի հաշվին։

Սպառողական և հիփոթեքային վարկերը վերջին տարիներին եղել և շարունակում են մնալ բանկային ներարկումների աճի հիմնական ուղղությունները։

Այս երկու ուղղություններով, որոնք կազմում են բանկերի վարկային պորտֆելի գրեթե կեսը, շուրջ 6 մլրդ դոլարի բեռ է կուտակվել քաղաքացիների վրա։

Վերջին տարիներին, հատկապես հիփոթեքի ակտիվ վարկավորման արդյունքում, այդ բեռը կտրուկ ծանրացել է։ Այսօր էլ շարունակում է ոչ պակաս ակտիվությամբ ծանրանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս