Հրադադարի ռեժիմի պահպանման մեթոդների և հետաքննության մեխանիզմների ռեվոլյուցիան. Փաշինյանն Ալիևի ձեռքն է «հանձնում» ռազմական արդարադատությունը

Հունիսի 15-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մի նոր առաջարկ էր արել՝ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ:

168.amանդրադարձել էր Փաշինյանի առաջարկի հետին մտքերին: Բայց հունիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը կրկնել էր Ադրբեջանի հետ հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման առաջարկը: Եվ քանի որ նախորդ հրապարակման մեջ հիշատակել ենք միայն 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ տարբեր ժամանակներում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու և հետաքննության մեխանիզմների վերաբերյալ տարբեր պատկերացումներ են ունեցել հակամարտող կողմերը և միջազգային հանրությունը, ուստի հարկ ենք համարում ժամանակագրական առումով ավելի հետ գնալ:

Հետաքննության մեխանիզմների ստեղծման առաջարկների հետքերով

Կարդացեք նաև

Եվ այսպես՝

2011 թվական, մարտի 5

Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո եռակողմ հայտարարություն է ընդունվում, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ…»:

2011 թվական, մարտի 9

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձել էին նշված պայմանավորվածությանը: Մասնավորապես, համանախագահները խնդրել էին ԵԱՀԿ նախագահի անձական ներկայացուցիչ, դեսպան Անջել Կասպրչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել բոլոր կողմերի մասնակցությամբ` ինչպես համաձայնեցվել է մարտի 5-ին Սոչիում նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հայտարարությունում:

2011 թվական, մարտի 17

ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ նրանք տեղեկացնում էին, որ մարտի 15-17-ն այցելել են Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, այնուհետև տեղեկացվում էր, որ «համանախագահները նաև քննարկել են հստակ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրականացնելու այն պարտավորությունները, որոնք ամրագրված են Սոչիում արված հայտարարության մեջ` կապված հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության հետ»:

Բնականաբար, անդրադարձ էր կատարվել շփման գծից դիպուկահարների հեռացմանը, որին դեռ կանդրադառնանք:

2011 թվական, ապրիլի 14

Ապրիլի 11-14-ը Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու կատարած այցերը ամփոփելով` համանախագահները հայտնել էին, որ առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ հիմնվելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների արած համատեղ հայտարարության վրա` համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ ճակատային գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման նախագիծը:

«Համանախագահները կողմերի հետ շարունակելու են աշխատել հնարավորինս կարճ ժամկետում հետաքննության գործընթացի թափանցիկ ու օբյեկտիվ մեխանիզմի նախագիծ ստեղծելու ուղղությամբ` վստահությունը ամրապնդելու, սխալվելու ռիսկերը նվազեցնելու և մարդկային կյանքեր փրկելու նպատակով»,- ասվում էր ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

2011 թվական, դեկտեմբերի 1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 28-30-ը այցելել էին Երևան և Բաքու, որից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դարձյալ շեշտադրվում է հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Մասնավորապես, նրանք վերահաստատել էին, որ առաջին գծում տեղի ունեցող միջադեպերը վկայում են դրանց հետաքննության իրականացման կարևորության մասին, ինչին նախագահները սկզբունքորեն համաձայնել են:

2012 թվական, մարտի 6

ՄԽ համանախագահները հակամարտող կողմերը տարածաշրջանային այցից հետո հայտնել էին, որ կողմերի հետ քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների վրա աշխատելու մասին Սոչիի հայտարարությունում նշված պարտավորությունների իրականացման հարցը, և, որ «ԵԱՀԿ գործող նախագահի միջոցով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբին դիմել են կայունության ամրապնդման և վստահության բարելավման մեխանիզմ մշակելու խնդրանքով»:

2014, 2015, 2016 թվականներին իրենց հայտարարություններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շեշտում էին հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրենք չեն կարող վստահաբար որոշել՝ ով է հրադադարի ռեժիմն առաջինը խախտել կամ նախահարձակ եղել, «որովհետև յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ քննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես քննարկել են նախագահները»:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»,- նշվում էր 2015 թվականի սեպտեմբերի վերջին տարածած հայտարարության մեջ, որտեղ դատապարտվել էր նաև այդ օրերին արձանագրված հրետանու կիրառումը:

Բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերն օգտագործելու են հրթիռային խոցման համարժեք միջոցներ. 2015

Այս համատեքստում հավելենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը բավականին ուշագրավ ձևակերպումներով հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, անդրադառնալով նախօրեին ադրբեջանական զինուժի կողմից 122մմ հրետանային միջոցների կիրառմանը, երբ հարվածներ էր հասցվել ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազդում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»,- զգուշացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Եթե այլընտրանք չլինի, հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրն այս հանցագործությունները կատարողների նկատմամբ. Սերժ Սարգսյան

Իր հերթին՝ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականի սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին՝ հայտարարելով. 

«Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը։ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում։ Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրն այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհն ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»:

Իսկ այս ընթացքում միջազգային հանրությունը, գերտերությունները շարունակում էին հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու և հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկներ անել, քանի որ այդ ժամանակ միայն Անջեյ Կասպրչիկի գրասենյակի կամ նրա դաշտային օգնականների կողմից ժամանակ առ ժամանակ մի քանի րոպեանոց մոնիտորինգներ էին տեղի ունենում հակամարտող կողմերից, բայց երբեմն Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին առաջնագիծ չէր բերում, և հետո ցանկացած կողմ իր ճշմարտությունն էր առաջ տանում, հնչում էին փոխադարձ մեխադրանքներ:

Ըստ այդմ, մասնավորապես, 2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների անդամներ նամակ էին հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որտեղ առաջարկվում էր՝

հակամարտող կողմերի համաձայնությունը շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ,

– ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգերի և ձայնային տեղորոշման սարքավորումների տեղադրում՝ շփման գծի երկայնքով կրակի աղբյուրը որոշելու համար,

ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար:

Ի դեպ, դեռ 2011, 2012, 2013 թվականներին, երբ դիպուկահարային պատերազմ էր գնում, հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է իր դիպուկահարներին հեռացնել առաջնագծից, եթե նախ Ադրբեջանը գնա դրան:

Այսինքն, հայկական կողմը հստակ հասկացրել էր միջազգային հանրությանը՝ միակողմանի այդ քայլին չի գնա, և եթե Ադրբեջանը հրաժարվում է այս առաջարկից, ուրեմն՝ հայկական կողմը ստիպված է ժամանակակից դիպուկահար հրացաններ ձեռք բերել:

Ադրբեջանը չէր համաձայնում նաև հետաքննության մեխանիզմների ներդրման վերևում հիշատակված առաջարկներին՝ նշելով, որ մեխանիզմների ներդրման հարցն իրենք կքննարկեն միայն «ՀՀ զինված ուժերը դուրս բերելուց հետո»»:

Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր.

«Բաքուն կարող է դիտարկել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման հարցը, եթե այն չի արդարացնելու «ադրբեջանական տարածքների օկուպացումը» (չակերտները։- Մ.Պ.): Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու առկա ստատուս-քվոյի պահպանմանը»:

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո հետաքննության մեխանիզմների ստեղծման առաջարկն ինչ-որ առումով փաստաթղթավորվեց:

Խոսքը 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է, ինչը ենթադրում էր սահմանին ստատուս-քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն, պետք է ներդրվեին վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչը ենթադրում էր նաև համապատասխան սարքավորումների տեղակայում, ընդլայնվելու էր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:

Հարկ է նկատել, որ, եթե անգամ Ադրբեջանի սրտով չի եղել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, իսկ դա այդպես է, ամեն դեպքում, ունեինք հաղթաթուղթ. 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր.

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»: 

Փաշինյանը հրադադարի խախտումները կանխելու վտանգավոր մեթոդները

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը մի կողմ դրեց այս պայմանավորվածությունները: Ավելին, 2018թ. դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ պնդելո՞ւ են, որ իրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, շեշտել էր. 

«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդել է՝ նման պայմանավորվածություններ ընդհանրապես չկան: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես՝ որպես երկրի ղեկավար, պաշտոնական բանակցային որևէ գործընթացի դեռևս չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախընտրում է հենց սկզբից հավատալ Ալիևին՝ կասկածի տակ դնելով հայկական կողմի ձեռքի տակ ունեցած հաղթաթուղթը:

Ավելին, սկսել է առաջ տանել հրադադարի ռեժիմի խախտումների կանխման իր առաջարկները:

Առաջին, 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, որը հայտնի է՝ որպես «վերելակային հանդիպում»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ էր ներկայացրել Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին՝ նշելով, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու և օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը, և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ»,- շարունակել էր Փաշինյանը:

Երկրորդ, 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Ադրբեջանին գնալ առաջնագծից զորքի հայելային հետքաշման:

Երրորդ, 2021 թվականի մայիսին ադրբեջանական ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից հետո Նիկոլ Փաշինյանն Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով զորքի հայելային հետքաշմանը զուգահեռ՝ Սոթք-Խոզնավար հատվածում առաջարկել էր միջազգային դիտորդների տեղակայում՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Չորրորդ, 2022 թվականի հոկտեմբերին ՔՊ համագումարում Փաշինյանը խոսել էր ԵՄ դիտորդներ հրավիրելու մասին, որոնք արդեն տևական ժամանակ համապատասխան առաքելություն են իրականացնում, իսկ իշխանություններն էլ ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում նվազեցրել է սահմանային միջադեպերը:

Հինգերորդ, և ահա ընթացիկ տարվա հունիսին Փաշինյանը հրադադարի ռեժիմի խախտումները կանխող գործոն է դիտարկում Ադրբեջանի հետ հետաքննության երկկողմ մեխանիզմների ձևավորումը:

Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ, և, որ սա աշխատող տարբերակ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ հրադադարի ռեժիմի պահպանման համատեքստում արված առաջարկներն Ադրբեջանը չի ընդունել, և փոխարենը Փաշինյանը ստիպի, որ ադրբեջանական կողմը դրանք ընդունի, և այդ ամենն իրականացվի երկկողմանի, նա իր վերջին առաջարկով, ըստ էության, ընդունում է, որ ձախողել է իր բոլոր առաջարկների իրականացման գործում, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այնքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ:

Եվ հիմա անում է հերթական առաջարկը, որով անուղղակի կամ ուղղակի կերպով հայ սպային, հայ զինվորին, սահմանապահին Փաշինյանը «հանձնում է» Ալիևին, ադրբեջանական «արդարադատությանը»:

Այսինքն, մեղադրական սլաքը դարձյալ հայկական կողմի ուղղությամբ է լինելու, թեպետ առանց այն էլ ՀՀ-ն ինքն իր զինվորին և սահմանապահին շտապում է մեղադրել…

Տեսանյութեր

Լրահոս