Վերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին. Ռոման Երիցյան
Հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննեց Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որոշեց կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 20 օրով, իսկ մինչ այդ իրավապահները խուզարկել էին քաղաքապետի բնակարանը։
168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։
«Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա։
Ըստ էության սա հանգեցնում է հետևյալ հետևանքին, որ եթե Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել, թե Առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։
Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր, և ըստ էության խափանման այդ միջոցն այլևս չկար։ Ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- նշեց Ռոման Երիցյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ նույն տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։
«Մենք Դավիթ Սարգսյանին ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով հատուցման հայցապահանջ ենք ներկայացնելու։ Ավելի քան վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելու նաև տնային կալանքի որոշումը և երկու ամիսը դեռ չլրացած՝ քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։
Վերաքննիչը հստակ նշել է, որ քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին՝ սա նշել է սևով սպիտակի վրա, իսկ ազատությունից զրկելը կարող ենք դիտարկել թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը»,- շեշտեց Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։
Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված է օկուպացված Մարտակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվում է տնային կալանք խափանման միջոցը։