ՀՀ իշխանությանը պետք է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա Բաքվի բանտում. Հակոբյան

Հունիսի 22-ին Քննչական կոմիտեի հատուկջոկատային դիմակավորված ծառայողները Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասներն էին կոտրում՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող՝ բակում կայանած մեքենան տարածքից հեռացնելու համար։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կատարվածի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում նշել էր՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ դեռ հունիսի 7-ի դեպքերից հետո է հեռախոսազրույց ունեցել, որի ժամանակ Քյարամյանն ասել է, որ իրեն սխալ են զեկուցել։ «Մեր վերջնական խոսակցության արդյունքը եղել է այն, որ ինքն ասաց՝ իրեն սխալ են զեկուցել, և այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել՝ մեքենան առգրավելու, և ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, և եթե իմանար, այդպիսի բան չէր լինի։ Ես իրեն փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում անհետաձգելի ինչ-որ քննչական գործողություններ անելու համար պատրաստ եմ այդ մեքենան, որտեղ ասեք՝ ուղարկեմ»,- մանրամասնեց Շահրամանյանը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության ղեկավար Մետաքսե Հակոբյանն Արցախի ներկայացուցչության վրա հարձակումը համարեց Արցախի դեմ ուղղված քայլ՝ իրականացված ՀՀ իշխանության կողմից։ Ավելին, Հակոբյանը պնդեց՝ Ադրբեջանը հարձակվեց Արցախում Արցախի վրա, իսկ Հայաստանում Արցախի Հանրապետությունը, որն այս պահին հենց Արցախի ներկայացուցչությունն է, հարձակման է ենթարկվում ՀՀ իշխանության կողմից՝ Բաքվին ցույց տալու համար, որ Արցախն իրենց համար մերժելի է նաև Հայաստանում։

Կարդացեք նաև

«Այո, Արցախի ներկայացուցչությունը, Արցախի նախագահը, Արցախի ժողովուրդն են այս իշխանության թիրախում, որոնք արդեն նշանակվել են մեղավոր Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական հետագա գործողությունների։ Օրինակ՝ ՔՊ-ական մի գեներալ ասում է, որ նոյեմբերին Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Փաշինյանն ասում է, որ պատերազմից որևէ մեկս ապահովագրված չենք, և, որ խաղաղության պայմանագիր՝ չի նշանակում խաղաղություն։ Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն»,– ասաց Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ ըստ ՔՊ-ականների՝ նոյեմբերին Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, և անհրաժեշտ է մեղավորներ կարգել դրա համար հենց արցախցիներին, ինչն էլ անում է ՀՀ իշխանությունը՝ չթաքցնելով իր ատելությունն արցախցիների նկատմամբ։

«Հիշեք, որ Հայաստանի Կառավարության ղեկավարի պահանջով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց. այդ որոշման նպատակն Արցախը գլխատելն էր, որովհետև եթե չկա իշխանություն, արցախցիները բռնի տեղահանվելու էին Հայաստան, ու մի կարճ ժամանակ անց արցախցի եզրույթն անգամ չէր հնչելու։ Նախատեսված էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի Բաքվում գերության մեջ, Արցախը չունենա նոր ընտրված իշխանություն, և դրանով կփակվեր Արցախի հարցը։ ՀՀ իշխանության ղեկավարի այս պլանը ձախողվեց, թերևս, միայն Արցախի՝ ղեկավար ունենալու պարագայում»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, թե իրենց ունեցած տեղեկություններով՝ այս պլանն է նաև պատճառը, որ ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ, իսկ Բաքվում նրանց հետ շատ վատ են վարվում։

«Իրենց ընտանիքի անդամների հետ շաբաթական մեկ անգամ են կարողանում խոսել, այն էլ՝ ստանդարտ մի քանի նախադասությունով։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է արվում նրանց վերադարձնելու ուղղությամբ. մեր տեղեկություները խիստ մտահոգիչ են։ Որևէ բան չի արվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար, որովհետև եթե նրանք գան Հայաստան, ամեն մի արցախցի համախմբվելու է նրանց շուրջ, ուստի Արցախի հարցը վերջնականապես փակելու համար Արցախի ղեկավարությունը պետք է մնա Բաքվի բանտում»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունը կխորացնի Արցախի ղեկավարության հետ հարաբերությունների սրումն այն աստիճան, որ որոշում կայացվի նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ձերբակալելու մասին, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.

«Այո՛, ինչո՞ւ ոչ. Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Մարդ, որը չունի կարմիր գծեր և սահմաններ, ինչո՞ւ պետք է Արցախի նախագահին հասնելիս կարմիր գծեր ունենա: Նայած, թե իր սցենարն ինչպիսին է և որ փուլում ինչ պետք է տեղի ունենա»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս