Ինչո՞ւ է Երևանը հայ-ադրբեջանական մոնիտորինգ նախաձեռնում, եթե ԵՄ դիտորդներն արդյունավետ են. Եվսեև
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պարբերական ռեժիմով տարածվող տեղեկատվության ֆոնին, թե հայկական ստորաբաժանումները հրադադարի ռեժիմ են խախտում, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարում է՝ ողջունում է հրադադարի խախտումների երկկողմ մեխանիզմ ստեղծելու՝ Հայաստանի առաջարկը:
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել»,- X սոցիալական ցանցում գրել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, որը ներկայացնում է մի կառույց, որն ունի մի քանի հարյուր դիտորդներ Երևանում։
Ավելին, ՀՀ իշխանություններն առաքելության տեղակայման առաջին իսկ օրվանից ողջունում և գոհունակություն են հայտնում դիտորդների դերակատարությունից։
Սակայն պարզվում է, որ ՀՀ իշխանությունները հավելյալ մեխանիզմների կարիք ունեն, այնպիսի մեխանիզմների, որոնք մերժեցին 2018 թվականին՝ գալով իշխանության և հայտարարելով բանակցություններում սեփական՝ զրոյական կետի մասին։ Այնինչ մինչ փաշինյանական իշխանությունը՝ Արևմուտքի միջամտությամբ, իսկ հետո՝ նաև Ռուսաստանի, բանակցային սեղանին հաստատվել էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ներառում էին նաև համատեղ մոնիտորինգային մեխանիզմ սահմանին։
Այս օրերին Բաքվի տարածած ապատեղեկատվություններից միայն մեկին է արձագանքել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, այն էլ՝ հունիսի 14-ին. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել»,- ասված էր նրանց X-ում արված գրառման մեջ։
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի նախաձեռնությանը, ռեգիոնալ իրավիճակին և ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս մեխանիզմը կողմերի կողմից կընդունվի միմիայն այն դեպքում, երբ սահմաններին հաստատվի խաղաղություն և գրանցվեն միմիայն հրադադարի խախտումներ, որոնք թյուրիմացությունների ժանրից են։
Ըստ նրա, եթե կողմերից մեկն ուժային բաղադրիչը և հրադադարի թեման օգտագործում է հակառակորդի դեմ, ու դեռ չկա իրական խաղաղություն, այլ կան ծանր բանակցություններ՝ ուղեկցվող ուժային ճնշմամբ, բնականաբար, դեմ է լինելու նման մեխանիզմի ներդրմանը։
«Բացի այդ, եթե չեմ սխալվում, կողմերի միջև համաձայնեցվել էր ուղիղ կապ, դա ևս նմանատիպ մեխանիզմ է, որը քաղաքական կամքի պարագայում օգտակար կլիներ, սակայն այդպես չէ։ Երբ չկա քաղաքական կամք, միջազգային մեխանիզմները ևս անօգուտ են, ինչպիսին ԵՄ դիտորդական առաքելությունն է, որը պարզապես ներկայություն է ապահովում և նույնիսկ երբեմն իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ չի տալիս։ Ինչի՞ն է ծառայում այդ մեխանիզմը, եթե այն հասցեական ոչ մի գնահատական չի տալիս, ինչը կարող էր զսպող դերակատարություն ունենալ և չեզոքացնել այսօր մեկ այլ մեխանիզմի անհրաժեշտությունը։ Ակնհայտ է, որ արևմտյան դիտորդները ներկայություն են ձեռք բերել Հարավային Կովկասում, սակայն նպատակ չունեն այն վերածել լծակի Հայաստանի ձեռքին և հանուն ՀՀ անվտանգության, այլ սա լծակ է ռեգիոնում ռուսական ազդեցության դեմ, երբ իբրև թե պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները ԵՄ դիտորդներին չեն թույլատրել առաքելություն իրականացնել այն հատվածում, որտեղ ռուս սահմանապահներն են։
Դրա հետևանքով, այսինքն՝ ԵՄ դիտորդների բարձրացրած աղմուկից հետո, ռուս սահմանապահները որոշակի հատվածներից դուրս բերվեցին։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ աշխարհաքաղաքականություն։ Իսկ եղե՞լ է երբևէ, որ դիտորդներն Ադրբեջանին մեղադրեն և հրադադարի խախտման պատասխանատու որակեն, դա էլ չի եղել, այլ պարզվել է, որ ԵՄ դիտորդները ներկա չեն եղել։ Եթե նման բան հայտարարեր Ռուսաստանը, կկոչեին հանցակից»,- շեշտեց Եվսեևը։
Ըստ նրա՝ ԵՄ դիտորդների գործունեությունն արդյունավետ չէ, չի ապահովում այնպիսի արդյունքներ, որոնք հարկավոր են իրավիճակի մոնիտորինգի համար։
«Եթե ստեղծվի նման մեխանիզմ, ինչո՞վ են զբաղվելու և ի՞նչ գործառույթներ են իրականացնելու ԵՄ դիտորդները։ Այդ մեխանիզմի կարիքը չէր լինի, եթե դիտորդներն իրենց գործառույթներն իրականացնեին։ Ուստի լավ հասկանալով խնդրի խորքը՝ ԵՄ ներկայացուցիչը ողջունում է նոր մեխանիզմի ներդրման առաջարկը»,- ասաց Եվսեևը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա վերլուծաբանը գտնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջեց այն, ինչ Արևմուտքից չի պահանջի։
«ՀՀ իշխանությունները գիտեն, որ հասցեական ոչինչ չի լինելու, սակայն դա չի խանգարում ԵՄ-ի հետ մերձեցման կուրսին։ Սա երկակի ստանդարտների քաղաքականություն է, որը վերաբերում է հենց ՀՀ անվտանգությանը»,- ասաց վերլուծաբանը։