Երբևէ չէինք կարող պատկերացնել, բայց Ցեղասպանության ժխտողականության չար ձեռքը եկավ Հայաստան․Մելքոնյան

Այսօր տեղի է ունեցել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսը՝ հեղինակությամբ Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի, Անի Սարգսյանի։

Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցաբար։

Գրքում առաջին անգամ ցուցակագրվել և մանրամասն նկարագրվել են 1938 թ.-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թթ. Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության» 11 տուփերից բաղկացած անմշակ այս արխիվի առաջին տուփի վավերագրերը՝ համապատասխան ծանոթագրություններով։

Արխիվում հավաքված են հայ և օտար քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչների, դիվանագետների բազմաթիվ զեկույցներ, տեղեկագրեր, նամակներ, ականատեսների վկայություններ և օրագրեր, ինչպես նաև՝ Առաջին աշխարհամարտից առաջ և հետո Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան Կայսրության հայաբնակ այլ վայրերի հայ բնակչության, որբերի, բռնի իսլամացված ու առևանգված հայերի, նյութական կորուստների վիճակագրական ցանկեր, առաջնորդարաններից Կ. Պոլսի պատրիարքարան ուղարկված նամակներ, Օսմանյան իշխանությունների հայերի բնաջնջման հրամանագրեր, երիտթուրք ոճրագործների անվանացանկեր, քեմալականների իրականացրած ոճրագործությունները վկայող վավերագրեր և այլն։

Կարդացեք նաև

«Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսին ներկա ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը նշել է, որ հրաշալի աշխատանք է կատարվել, և հավելել, որ թուրքական կողմի գլխավոր փաստարկն այն է եղել, թե ուր են հայկական աղբյուրները, որովհետև իբր Անտանտի երկրների աղբյուրները «սարքովի» են, բայց հետո մեջտեղ եկան գերմանական աղբյուրները, անգամ թուրքական որոշ նյութեր շրջանառվեցին, և մեր հակառակորդները սկսեցին լռել:

Այս համատեքստում Մելքոնյանը նկատել է. «Այդ ժխտողականության չար ձեռքը եկավ և հասավ Հայաստան, որ երբևէ չէինք կարող պատկերացնել»:

Պատմաբանը խոստավանել է՝ ինքն այն մարդկանցից մեկն է եղել, ով դեմ է եղել Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը Հայաստանում, բայց այսօր, ըստ նրա, դրա անհրաժեշտությունն արդեն կա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս