Արտաքին առևտրի փուչիկը
Արտաքուստ Հայաստանի արտաքին առևտուրն այս տարի էլ նախանձելի արագությամբ աճում է։ Նախորդ տարվա համեմատ՝ աճը կրկնակիից անգամ բարձր է։
Արտաքին առևտուրը չորս ամսում հասցրել է գերազանցել 13,7 մլրդ դոլարը։
Աճել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը. արտահանումը՝ 2,8 անգամով, ներմուծումը՝ 2,1 անգամով։
Արտահանումը կազմել է գրեթե 6 մլրդ դոլար, ներմուծումը՝ 7,7 միլիարդ։
Առաջին հայացքից հրաշալի ցուցանիշներն են, որոնց, անշուշտ, կնախանձեր ցանկացած երկրի կառավարություն, եթե, իհարկե, այդ աճերը լինեին սեփական տնտեսության հաշվին։ Բայց այս աճերը կապված են ոչ թե մեր, այլ Ռուսաստանի տնտեսության հետ։ Գերազանցապես Ռուսաստանի տնտեսության հաշվին է աճել Հայաստանի արտաքին առևտուրը։
Ու որքան էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարի, թե Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա, պատժամիջոցները տարբեր խնդիրներ են ստեղծում, միևնույն է, դրանց խթանող ազդեցությունը մի շարք ոլորտներում ակնառու է։ Եթե պատժամիջոցները չլինեին, իշխանությունները կերազեին, որ արտաքին առևտրի նման դրսևորումներ կլինեին։
Այդ աճերն են, որոնք մեծապես ազդում են նաև տնտեսական ցուցանիշների վրա, ու թվում է, թե մեր տնտեսությունը մեծ վերելքի ճանապարհին է։ Աննախադեպ զարգացում է ապրում, ամենուրեք բարձր աճեր են գրանցվում։
Բայց այդ ամենն ընդամենը մեկ ապրանքատեսակի շրջանառության հաշվին է, որը դարձել է Հայաստանի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արտաքին առևտրի «մեծ վերելքի» պատճառը։ Եթե դա հանենք՝ այն ամբողջությամբ կփլվի։ Արտաքին առևտրի անգամներով աճից ոչինչ չի մնա։ Անկում կունենանք։
Մեծ ջանքեր պետք չեն սրանում համոզվելու համար։ Հարկավոր է ընդամենն արտաքին առևտրի ցուցանիշներից հանել ոսկին ու թանկարժեք քարերը, և կերևա մեր արտաքին առևտրի ամբողջ թշվառությունը։
Այս տարի Հայաստանից արտահանված գրեթե 6 մլրդ դոլար ապրանքների մեջ շուրջ 4,6 միլիարդը եղել են ոսկին ու թանկարժեք քարերը։ Մնացած բոլոր ապրանքների արտահանումը կազմել է ընդամենը 1 միլիարդ 402 մլն դոլար։
Այդ ապրանքների մեջ մտնում են նաև այնպիսիք, որոնք արտադրվում են Հայաստանում։ Հիմնականում Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանումն է, որ կրճատվել է, չնայած արտահանման անգամներով աճերին։
Նախորդ տարվա համեմատ՝ արտահանման մեջ այդ ապրանքների ոչ միայն կշիռն է էապես փոքրացել, այլև անվանական արժեքի անկում է տեղի ունեցել։
Անցած տարի՝ առանց ոսկու ու թանկարժեք քարերի, Հայաստանից արտահանումը կազմել էր 1 միլիարդ 660 մլն դոլար՝ 258 միլիոնով ավելի, քան այս տարի։
Սա է Հայաստանի տնտեսության գնահատականը, որին սովորաբար իշխանությունները խուսափում են անդրադառնալ։
Այս տարի ունենք արտահանման 2,8 անգամ աճ, որն ամբողջությամբ ոսկու ու թանկարժեք քարերի հաշվին է։ Այդ ապրանքների կշիռն արտահանման մեջ հասել է սարսափելի մեծ չափերի՝ անցնում է 76,5 տոկոսից։ Մնացած բոլոր ապրանքների բաժինն ընդամենը 23,5 տոկոսն է։
Դրա մեջ մտնում է նաև պղինձն ու մոլիբդենը։ Այն պղինձն ու մոլիբդենը, որը մշտապես ամենամեծ կշիռն է ունեցել Հայաստանի արտահանման մեջ։ Ու չնայած այս տարի դրանց արտահանումն ավելացել է, այն տասնյակ անգամներով զիջել է ոսկուն ու թանկարժեք քարերին։
23,5 տոկոսի մեջ մտնում է նաև Հայաստանի ամբողջ սննդարտադրության ոլորտի արտահանումը, որի բաժինն արտահանման մեջ այս տարի կազմել է ընդամենը 4,2 տոկոսը։ Անցած տարի անցնում էր 12 տոկոսից։
Պատրաստի սննդի արտահանումն անվանական արժեքով էլ է նվազել՝ գրեթե 7 տոկոսի անկում կա։ Հայաստանից ընդամենը 251 մլն դոլարի պատրաստի սնունդ է արտահանվել։ Նախորդ տարի 270 միլիոնից ավելի էր։
Կենդանական ծագման արտադրանքի արտահանումն է կրճատվել ավելի քան 34 տոկոսով, կենդանական և բուսական յուղերի ու ճարպերի արտադրանքինը՝ ավելի քան 24 տոկոսով, քիմիական արտադրանքինը՝ գրեթե 32 տոկոսով, պլաստմասսե ապրանքներինը՝ 41 տոկոսով, ոչ թանկարժեք մետաղներինը, դրանցից պատրաստված իրերինը՝ 49 տոկոսով, և այսպես շարունակ։
Մեքենաների արտահանումն է ընդհանրապես գահավիժել, 80 տոկոսի անկում կա, չնայած այստեղ արձանագրվող նախկին աճերն էլ մեր տնտեսության հետ կապ չունեն։ Ներմուծված մեքենաներն էին, որոնք Հայաստանով գնում էին այլ երկրներ։ Մի կողմից՝ արտաքին ազդեցությունները, մյուս կողմից՝ իշխանությունների, մասնավորապես՝ ՊԵԿ-ի անհարկի միջամտությունները բերեցին նրան, որ այս գործունեության նպատակահարմարությունը գրեթե վերացավ՝ իր ուղղակի հետևանքը թողնելով նաև պետության եկամուտների վրա։ Այն, որ այս տարի պետական բյուջեն բախվել է ֆինանսական խնդիրների հետ, նաև սրա հետևանք է։ Էապես կրճատվել են ավտոմեքենաների ներմուծումից բյուջե մտնող գումարները։
Միակը, որը դարձել է Հայաստանի արտաքին առևտրի բարձր աճերի հիմքը, մնացել է ոսկին ու թանկարժեք քարերը։
13,7 մլրդ դոլար արտաքին առևտրից այս ապրանքների բաժինը հասնում է 9,5 միլիարդի։
Միայն ոսկու հումքը՝ առանց ոսկու արտադրանքի, շուրջ 8 մլրդ դոլար է։ Սա մի ապրանք է, որը մի տեղից եկել, գնացել է մեկ այլ տեղ։ Ոսկու որոշ քանակի արտադրություն, իհարկե, եղել է նաև Հայաստանում, բայց Հայաստանի տնտեսության բաժինն այս ամենի մեջ չնչին է, գրեթե չերևացող։
Ոսկու ու թանկարժեք քարերի 9,5 մլրդ դոլարի շրջանառության պայմաններում Հայաստանում ոսկերչական ապրանքների արտադրությունը կազմել է ընդամենը 56 մլն դոլար։ Հիմա պատկերացրեք, թե այդ աճերն ինչի հաշվին են եղել։ Զարմանալի չէ, որ Ռուսաստանից ներմուծումը մեծ թափ է հավաքել։ Ցույց են տալիս, թե փորձում են կտրվել Ռուսաստանի տնտեսությունից, Հայաստանի տնտեսությունն են իբր վերակողմնորոշում, բայց կախվածությունն ավելի են մեծացրել։
Եթե անցած տարի ՌԴ-ի հետ արտաքին առևտրի շրջանառությունը 35 տոկոս էր, այս տարի հասել է գրեթե 46 տոկոսի։
Անվանական արտահայտությամբ 2 մլրդ դոլարը, չորս ամսվա տվյալներով, դարձել է 6,3 միլիարդ՝ բացառապես ներմուծումների հաշվին։ Ներուծումների գրեթե 71 տոկոսը Ռուսաստանից է՝ 7,7 մլրդ դրամից շուրջ 4,5 միլիարդը։
Այլևս չկան Հայաստանով վերաարտահանումների նախկին աճերը ռուսական շուկա։ Նույնիսկ նվազել են, այն էլ՝ բավական մեծ չափով։ Հիմա էլ հակառակ ուղղությամբ են հոսքերը՝ ռուսական ապրանքները, և հատկապես ոսկին է վերաարտահանվում Հայաստանի միջոցով՝ ուռճացնելով՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ տնտեսական աճերի ցուցանիշները։
Սրանից մեզ օգուտ չկա, փոխարենը՝ օլիգարխներն են օգտվում ու միլիարդներ կուտակում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ