Հարավային Կովկասում լուծումները կարագանան.Իրանը, Ռուսաստանը, Արևմուտքը զգուշացրել են. Արման Աբովյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Իրանական հեղինակավոր վերլուծաբաններից Ահմադ Քազեմին, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և, մասնավորապես, Բագրատ սրբազանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը, գրել է. «Գոյատևման և կործանման պատմական խաչմերուկում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ճանապարհով որոշել իր ճակատագիրը: Իրանը չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին։ Սակայն Իրանը բացարձակապես թույլ չի տա Բաքվին, Անկարային կամ այլոց միջամտել Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի ժողովուրդն ինքն ունի իրավունք որոշելու իր ճակատագիրը»։

Կարդացեք նաև

• Եկեղեցին, որոշ պատմական խաչմերուկներում, եղել է միակ փրկիչը, և իմ վերաբերմունքն այս շարժմանը հետևյալն է՝ իմ եկեղեցին ինչ ասի, ես գլուխս կախ՝ անելու եմ։

• Եկեղեցու դեմ խայտառակ այս գրոհը հակապետական է և հակաբարոյական։ Ազգային խնդիրները բարձրացնողներին, ազգային շահերի համար պայքարողներին այս իշխանություններն անվանում են 5-րդ շարասյուն: Իշխանությունները, այդ թվում՝ ֆեյքերի, կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով,կառավարում են տեղեկատվական դաշտը, և այնպես է ստացվում, որ իբր միամտորեն լրացնում են ադրբեջանական թեզերը։ Այդուհանդերձ տեղեկատվական դաշտում Հայոց եկեղեցու դեմ աշխատանքը փնթի է, փնթի եմ ասում, որովհետև նույնիսկ իշխանությունների այս տեղեկատվական տեռորը մարդկանց հետ չի պահում: Ընդհակառակը՝ որքան այս իշխանությունների ճնշումն ավելանում է Հայոց եկեղեցու ուղղությամբ, այնքան բարձրանում է Բագրատ սրբազանի շուրջ կոնսոլիդացիայի մակարդակը։ Նույնիսկ աթեիստներն են համախմբվում սրբազանի շուրջ։ Հայոց քաղաքական դաշտը չունի այնքան բարձր մակարդակի ազդեցություն հայ հանրության վրա, որքան Սրբազանի խոսքն էազդում։

• Քաղաքական պահանջն ունի խորքային, փիլիսոփայական հենք։ Այստեղ կա հակաթավշյա և հակա այն ամենի, ինչ կար 2018 թվականին։ Արդեն ուսանողությունն ու երիտասարդությունն են միանում, այսինքն՝ ընդվզումը երիտասարդանում է, և սա ունիկալ իրավիճակ է, ինչից իշխանությունը խառնվել է իրար, դրա համար փորձում են արգելապատնեշներ ստեղծել նրանց դեմ։

• Իշխանություններին չի հաջողվում կանգնեցնել այս շարժումը, հետևաբար՝ իշխանություններն անցնում են ռեպրեսիվ գործողությունների։

• Ես էլ շատ մարդկանց հետ հաշտ չեմ, ինչպե՞ս կարող եմ հաշտ լինել այն մարդկանց հետ, որոնք ծափահարում էին, երբ գետնին էին տապալում զոհվածի ծնողին, կամ, որ թուրք էին ասում արցախցիներին։ Բայց Եկեղեցին ասում է՝հանրային հաշտեցման գաղափարը եկեղեցու և քրիստոնեության հիմքերի հիմքն է: Իրենք էլ գիտեն, որ հանրության մեջ կան տարբեր՝ իրար հակառակ օջախներ, միևնույն է,Եկեղեցին ասում է, որ իր դռները բաց են բոլորի առջև:

• Եկեղեցին ասում է, որ ինքը ոչ թե ալտերնատիվ է քաղաքական դաշտին, այլ կանգնած է բոլորի գլխին։ Կա երկու տարբերակ. կամ բոլորին ասում ենք՝ եկեք հավաքվենք իրար գլխի, կամ ասում ենք՝եկեք հավաքվենք և կանգնեցնենք նրանց, ովքեր երկիրը տանում են կործանման։ Եկեղեցին կոչ է անում բոլորին համախմբվել, նրանք, ովքեր տեսնում են, որ վիճակը տանում է երկրի ոչնչացման, պետք է մի կողմ թողնեն բոլոր հակասությունները և համախմբվեն։ Ունիկալ պրոցես է, որտեղ ձուլվել են քաղաքական նկրտումները, փիլիսոփայական մոտեցումները, մարդկանց ներքին համոզմունքները, նույնիսկ գործընթացին ընդդիմացողները ներքուստ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում։ Նույնիսկ իշխանական ներկայացուցիչների հայտարարությունները եկեղեցու դեմ, թե 1700 տարվաառասպելները պետք է քոքահան արվեն, պատճառ դարձան, որ մարդիկ դուրս գան փողոց։

• Այս փուլում պետք չէ վարչապետի թեկնածուի անուն հնչի, իշխանությունը հենց դա է ուզում, որ պրոցեսը քաղաքականացնի, որպեսզի հեշտ պայքարի դրա դեմ։ Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարի հետևում համակարգ կա՝ 1700-ամյա հոգևոր գաղափարաբանությամբ մեր Եկեղեցին: Այս իշխանությունները, Փաշինյանը մարդու դեմ հեշտությամբ կռիվ են տալիս, օբյեկտիդեմ հանգիստ ու հեշտությամբ աշխատում են, բայց համակարգի դեմ չեն կարողանում. երկրին նվիրվածություն ունենալը՝ չափանիշ, դեմք չունի, դրա դեմ ինչպե՞ս պայքարեն։ Պոպուլիստները վախենում են համակարգից, իսկ դրսի թրեյնինգներում քոֆե բրեյքի շոուներում այդ դասընթացը չեն անցել, չեն սովորեցրել՝ ինչպես պայքարել երկրի, ազգայինի համար պայքարող համակարգի դեմ։

• Նիկոլ Փաշինյանը միշտ ասում է՝«ես զգում եմ՝ ժողովուրդն ինչ է ուզում, ես ներքին կապ ունեմ մարդկանց հետ»։ Հիմա հայտնվել է մեկը՝ ի դեմս Բագրատ սրբազանի, որը ոչ միայն ինքը կապ ունի ժողովրդի հետ, այլ ինքը հենց ժողովուրդն է։

• Վարչապետի թեկնածուն՝ ամենակարևորը, պետք է սիրի Հայաստանը, հայ ժողովրդին և դրա շուրջ կառուցի ամեն ինչ, եթե սիրեցիր, ուրեմն ամեն ինչ կստացվի։

• Փաշինյանը ոչ մի վտանգ չի տեսնումոչ հայ-թուրքական, և ոչ էլ հայ-իրանական սահմանից։ Պարզապես Արևմուտքն ուզում է Ռուսաստանին հանել տարածաշրջանից, իսկ Ռուսաստանն ուզում է մնալ։

• Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասել են, որ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները նստելու են և պայմանավորվելու են, հնարավոր է՝Հայաստանի հաշվին։ Մոսկվայում, հավանաբար,Փաշինյանին ասել են՝ ուզո՞ւմ ես ռազմաբազան դուրս գա, կլինի՛:Իսկ ո՞րն է լինելու այդ հակառուսական գործընթացների գինը։

• Այս օրերին ուրվագծվում է նոր աշխարհակարգի կոնֆիգուրացիան։ Երբ արդեն հստակեցվեն աշխարհաքաղաքական սահմանները, այդ ժամանակ արդեն պարզ կլինիՀարավային Կովկասի տեղն ու դերը։

• Եվրոպայի համար կարևոր նշանակություն ունի, որ ձևավորվեն նոր լոգիստիկ ուղիներ, որոնք չեն վերահսկվի Ռուսաստանի կողմից։ Միջանցքի հարցը բարձրացնում են եվրոպացիները։

• Ռուսաստանը, Իրանը, Արևմուտքը, բոլոր երկրներն առաջնորդվում են բացառապես սեփական շահերով. եթե տվյալ պետությունն անկանխատեսելի է, անվստահելի է,ուրեմն դրան վերաբերվում են այնպես, ինչպես քաղաքական որևէ օբյեկտի հետ:Հայաստանը սրընթաց գնում է ինքնաոչնչացման, և դա տեսնում են բոլոր այդ պետությունները։

• ՀՀ այս իշխանությունները հետևյալ սկզբունքով են առաջնորդվում՝ պետք է զիջել, դառնալ տարածաշրջանային օբյեկտ, մտնել թուրք-ադրբեջանական հովանոցի տակ և անվտանգային համակարգը հանել աճուրդի, ով կօգնի իրենց պահել իշխանությունը, նրա հովանոցի տակ էլ կլինեն։

• Թուրք-ադրբեջանական տանդեմի տեսլականը ոչ մեկին ձեռնտու չէ, չեն ուզում աշխարհաքաղաքական նոր խաղացող լինի։

• Ամերիկան և Ռուսաստանն ասում են՝ եթե որոշել ես ինքնաոչնչանալ, ապա դա քո սուվերեն որոշումն է, բայց այդ պարագայում ես՝ որպես գերպետություն, քեզ չեմ խանգարելու ու մաքսիմալ օգուտ եմ քաղելու:Մեզ ասում են՝ Հայաստա՛ն, եթե դու որոշել ես գնալ ինքնաոչնչացման, ապա մենք քեզ չենք խանգարելու, բայցև մենք մեր հետաքրքրություններն ու շահերը չենք զիջելու, Հարավային Կովկասում մեր դիրքերը չենք զիջելու…

• Ադրբեջանի պարագայում բոլորն էլ, այդ թվում՝ Ռուսաստանը, հասկանում են, որ խնդիրներ են ունենալու: Իրանն էլ է հասկանում, որ խնդիր է ունենալու:

• Թուրք-ադրբեջանական տանդեմի տեսլականը ոչ մեկին ձեռնտու չէ, չեն ուզում աշխարհաքաղաքական նոր խաղացող լինի՝ գաղափարական հենքով։ Հայաստանի համար ունիկալ իրավիճակ է՝ խաղացնել ի օգուտ Հայաստանի: Բայց ի՞նչ է ասում Փաշինյանը՝ ուրանալով պատմությունը, ասում է՝ Էրդողանը ճիշտ է, մենք սխալվել ենք։ Թուրքիան, Ադրբեջանը մեզ ասում են՝ վերացրու այն ամենը, ինչ մեզ խանգարում է, պատմություն, մշակույթ, հիշողություն։ Հիմնական աշխարհաքաղաքական դերակատարները տեսնում են, որ Հայաստանը սրընթաց գնում է ինքնաոչնչացման:

• Ինչո՞ւ Պուտինն այդպես հեշտությամբ համաձայնվեց.իսկ ո՞վ է ասել, որ Պուտինը համաձայնվել է: Էստեղ խնդիրը ստեղծված կոնֆիգուրացիան պահպանելու մեջ է թե՛ ռուսների, թե՛ եվրոպացիների, թե՛ ամերիկացիների կողմից, ես նույնիսկ չեմ բացառում, որ հնարավոր է՝ այս փուլում արևմտյան խաղացողները սրանց ասած լինեն՝ մի քիչ ստոպ տվեք: Միջազգային հեղինակավոր «Ռենդ» կենտրոնի վերլուծաբանները ևս 168.am-ի հետ զրույցում զրգուշացրել են՝ տղերք ջան, Արևմուտքը ոչ ռեսուրս ունի, ոչ ցանկություն՝ ձեր անվտանգությունն ապահովելու: Մտքից հանեք, որ Թուրքիայի պես խոշորագույն խաղացողին մենք կարող է ձեր հաշվին նեղություն տանք:

• Ինչի՞ դիմաց Պուտինը համաձայնվեց հանել զորամիավորումները ՀՀ մարզային տեղանքներից: Հիմա այս օրերին ուրվագծվում են նոր աշխարհակարգի սահմանները՝ Խարկովից 30 կմ էս կողմ: Այս գործընթացի ներքո կենսական պերիֆերիայում՝ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Միջերկրական ավազան, Պարսից ծոց, հիմնական խաղացողները կլինեն ամերիկացիները, եվրոպացիները, ռուսները, չինացիները, հնդիկները ևս հայտ են ներկայացրել: Այս կոնֆիգուրացիաների ներքո փորձում են հանգիստ պահել կենսական պերիֆերիան: Հարավային Կովկասում լուծումները կարագանան:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս