Բաժիններ՝

Մինչև 19։00-ն տնօրեն եմ, հետո՝ դերասան․ ուժեղ եմ ու շատ խնդիրներ հեշտ եմ տանում. 22-ամյա Արթուր Մխիթարյանը Մոսկվայում նոր թատրոն է բացել

2023 թվականի օգոստոսին Մոսկվայում նոր թատրոն բացվեց՝ «Արկադիա»-ն, որի տնօրեն Արթուր Մխիթարյանն այն համարում է նոր ժամանակների թատրոն։ Իսկ թե ինչո՞վ է առանձնանում թատրոնը, 22-ամյա երիտասարդն ինչպե՞ս է կարողանում ղեկավարել այն, պարզել ենք զրույցի ընթացքում։

Արթուր, ծնվել եք ՌԴ-ո՞ւմ, թե՞ հետո եք տեղափոխվել այնտեղ։

– 2000 թվականին մայրս ու հայրս տեղափոխվել են ՌԴ, Կուրգան քաղաք, որտեղ էլ ծնվել եմ 2001 թվականին։ Երեք տարեկանում ինձ ուղարկեցին ՀՀ՝ տատիկի ու պապիկի մոտ, որպեսզի օգնեն ծնողներիս՝ ինձ պահելու հարցում, իրենք էլ կարողանային աշխատել ու ոտքի կանգնել։ Դա երևի իմ կյանքի ամենալավ ժամանակներից մեկն էր, որովհետև մանկությունս անցկացրեցի իմ պատմական հայրենիքում։ Տատս ու պապս ներդրեցին իմ մեջ սեր՝ Հայրենիքի, մշակույթի հանդեպ, ու դարձրեցին ինձ Մարդ։

Կարդացեք նաև

Հետո մայրս ինձ տեղափոխեց Ռուսաստան, որտեղ մի քանի ամիս մանկապարտեզ գնացի, ապա՝ դպրոց։ Ամենադժվարը երևի այն էր, որ երբ գալիս էի Ռուսաստան, ինձ այնտեղ չէին ընդունում դասարանցիներս, ասում էին՝ դու հայ ես, գնա քո Հայաստանը, երբ գալիս էի Հայաստան՝ այստեղ էլ էլի հետս չէին խոսում, խաղում, ասում էին՝ գնա քո Ռուսաստանը, դու ռուսախոս ես, հայ չես։ Ու այդպես, փոքրուց երկու քարի արանքում էի ու չէի հասկանում, թե ով եմ ես, ուր պետք է գնամ։ Երևի դա իմ կյանքի կարևոր փուլերից էր, որ հասկանայի, թե ով եմ ես ու ոնց պետք է ապրեմ այս կյանքը։ Երկու տարբերակ կար․ կամ ինձ « կկոտրեին», կփակվեի ինքս իմ մեջ, կամ պետք է մեջս ուժ գտնեի, որ հաղթահարեի այդ ամեն ինչը, պատերը ջարդելով՝ գնայի առաջ։ Ընտրեցի երկրորդ տարբերակը։

Երբ արդեն 11-րդ դասարանում էի սովորում, ամեն ինչ փոխվեց․ նրանք, ովքեր ինձ քննադատում էին, փոխեցին իրենց վերաբերմունքը, սկսեցին փորձել ընկերություն անել։ Ես բոլորի հետ ընկերություն անում էի, բայց հիշում էի, թե ով ինչպես է վարվել ու ինչ է ասել։

– Ինչո՞ւ ընտրեցիք դերասանի ուղին։

– Երրորդ դասարանում էի սովորում, երբ դպրոց եկավ մի ռեժիսոր, որպեսզի դերի համար երեխաների ընտրի։ Դասղեկս երեք հոգու առանձնացրեց, այդ թվում՝ ինձ։ Տարան մեզ թատրոն, դեր տվեցին։ Դա իմ կյանքի վճռական պահերից մեկն էր՝ մասնագիտության ընտրության հարցում։ Համոզված եմ, ամեն մարդ ծնվում է որոշ 3-4 տոկոս տաղանդով, իսկ մնացած 95 տոկոսն արդեն քո աշխատասիրությունն է։ Եթե դու կարողանաս ճիշտ վարվել, ուրեմն այդ սերմը չի մահանա, կաճի ու քեզ կդարձնի այն մարդը, ինչպիսին պետք է լինեիր։ Փառք Աստծո, ինձ շուտ նկատեցին, ու այդ 3 տոկոսը չմեռավ իմ մեջ։

Ես 11 տարի հաճախել եմ բալետի, բայց ճիշտն ասած, չէի սիրում, ատում էի, սակայն ինչքան էլ չսիրեի՝ միշտ առաջինը լինելու ցանկություն կար իմ մեջ, ու ամեն մրցույթի մասնակցելիս միշտ ուզում էի լինել առաջինը, իսկ եթե դա չէր ստացվում, մի բան կոտրվում էր մեջս։

5-6 տարի է՝ պարերով չեմ զբաղվում, բայց մայրս միշտ ասում էր՝ հետո ինձ շնորհակալություն կասես։ Եվ իրոք այդպես է, որովհետև դերասանական արվեստում շատ կարևոր է քո ճկունությունը։

Դերասան դառնալուս պատճառներից մեկն էլ երևի այն էր, որ սիրում եմ խոսել մարդկանց հետ, ասել, թե ինչ եմ մտածում, ինչ եմ ուզում փոխել այս աշխարհում, ինչ եմ ուզում արվեստում փոխել նրանց համար։ Բայց այդ ամենով հանդերձ, չեմ սիրում գտնվել մարդկանց մեջ։ Սիրում եմ բեմից ինչ-որ բան ասել կամ կոնկրետ մարդու հետ դեմ առ դեմ խոսել։ Կյանքում չեմ եղել ակումբներում, դիսկոտեկաներում, որովհետև դա ինձ ուղղակի դուր չի գալիս, նման տեղերում ինձ միշտ ավելորդ եմ զգում։ Անգամ թատրոնում, եթե հավաքվում ենք որևէ բան նշելու՝ ես միշտ առաջինն եմ գնում։ Երբեմն հարազատներս կատակում էին, թե հարսանիքիդ 5 հոգի է լինելո՞ւ, ասում էի՝ այո։

– Շատ երիտասարդ եք, բայց հիմնել եք թատրոն։ Ձեզ չէի՞ն գոհացնում եղած թատրոնները։ Ւնչո՞վ է տարբերվում Ձեր թատրոնը մյուսներից։

– Միշտ ուզել եմ ստեղծել իմ թատրոնը, բայց չէի պատկերացնում, որ դա կլինի 22 տարեկանում։ 4-րդ կուրսում դասախոսի հետ իր բեմադրություններից մեկը, կարելի է ասել, վերականգնեցի, որի շնորհիվ մեծ գրանտ ստացանք, ու ես մտածեցի, որ սա նշան է՝ պետք է թատրոն բացեմ։ Այդպես էլ եղավ։ Հավաքեցի մեծ թիմ, միացան նաև կուրսեցիներս, ու թատրոնը բացեցի։ Ինչ վերաբերում է մյուս թատրոնների չգոհացնելուն, ապա ոչ, սիրում եմ, օրինակ, Ե․Վախթանգովի անվան թատրոնը՝ Մոսկվայում։ Սակայն ինձ դուր չեն գալիս թատրոնների բեմադրությունները (97 տոկոս)։ Շատ դժվար է գտնել այն բեմադրությունը, որն իսկապես կդիպչի հոգուդ։ Ես շատ եմ սիրում Չապլինի թոռան՝ Ջեյմսի (James Thierree) բեմադրությունները։ Ինձ համար ուսուցիչ համարում եմ Մհեր Մկրտչյանին։ Ճիշտ է, ես նրան չեմ հանդիպել, բայց համարում եմ իմ գլխավոր ուսուցիչներից մեկը։ Փոքր ժամանակվանից ինձ ասում էին, որ քիթս նրա քթի նման է, ու իսկապես ինչքան մեծանում եմ, այնքան քիթս Ֆրունզիկի քթին է նմանվում։ Ֆրունզը այն դերասաններից մեկն է, որի արվեստը 100 տոկոսով դիպչում է իմ սրտին։ Երբ իմ կյանքում դժվար պահեր են, հերիք է Ֆրունզի մի ֆիլմ նայեմ, միանգամից հասկանում եմ, թե ինչ պետք է անել։ Նրա նկարները կախված են իմ սենյակում, ու ամեն առավոտ, երբ աչքերս բացում ու տեսնում եմ իրեն, հասկանում եմ, թե ինչ պետք է անեմ։

Ու, երևի, չվախեցա նոր թատրոն բացել Մոսկվայում, որովհետև մեր ռեժիսորը՝ Իրինա Պախումովան, հրաշալի ռեժիսոր է, ու իր բեմադրություններից Մոսկվայում դժվար է գտնել։ Նա ինձ դասավանդել է, ու միասին ենք թատրոնը բացել։ Ինքը մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

Շատ թատրոններում ոչ թե հեղինակին են ներկայացնում, այլ ամեն ռեժիսոր ուզում է իրեն գովազդել, մի նորամուծություն անել, որ զարմանան։ Մեր թատրոնը տարբերվում է նաև նրանով, որ ես երիտասարդ եմ, թիմը՝ նույնպես։ Նոր ավյուն, նոր միտք, նոր արվեստ։ Օրինակ՝ վերցրել ենք 1960-ական թվականների բանաստեղծություններ, երգեր ու բեմադրել։ Բոլորս երգում ենք, պարում և իրականում, ոչ ֆոնոգրամայով։ Դա սիրվեց 40-60 տարեկանների շրջանում։ Նրանց խոսքով, լինելով երիտասարդ, մենք կարողացանք հետ բերել իրենց ջահել ժամանակները։ Միտքը, ի դեպ, ինձ մոտ առաջացել է Երևանում։ Երեկոյան ուզում էի ջազ ակումբ մտնել՝ չգիտեմ ինչու։ Մի քանիսը փակ էին, բայց ստացվեց գտնել մի վայր, որը փոքր էր, երաժիշտները մի անկյունում կանգնած նվագում էին։ 15 վայրկյանը հերիք էր, որ մոտս միտք առաջանա նման բեմադրություն ունենալու համար։

Մենք դեռ տարածք չունենք, 3-4 տարածքի համար վճարում ենք, որ խաղանք։

– Արդյո՞ք բեմադրում եք նաև հայ դասականների ստեղծագործություններից։

– Ցավոք ոչ, որովհետև դժվար է, պետք է թարգմանվի։ Ես դա կանեմ, բայց ոչ հիմա։ Միտք ունեմ, որ հետագայում Հայաստանում ինչ-որ թատրոն կամ խումբ ստեղծեմ կամ ներկայացումներով հանդես գամ։ Շատ եմ ուզում խաղալ հայերենով։

Շա՞տ են Ռուսաստանում նոր թատրոնները։ Հայաստանում վերջերս մի 2 թատրոն միացրեցին մյուսին։ Ըստ Ձեզ՝ թատրոնի շատ լինելը վնա՞ս է։

– Ճիշտն ասած, Մոսկվայում էլ այս վերջին 3-4 տարում շատ թատրոններ միացրեցին։ Դա պարզ է, կապված է գումարի հետ։ Պատմության մեջ եղել է, որ որոշ դեպքերում միացրել են թատրոնները, ու դա լավ արդյունք է տվել, որոշ դեպքերում էլ թատրոնը փլվել է՝ չկարողանալով դիմանալ։ Հայաստանում, դե, շատ թատրոն չկա, բայց Մոսկվայում այնքան փոքր թատրոններ են բացվում․․․։ Ուսանողներն ավարտում ու որոշում են բացել։ Մի մասի մոտ ստացվում է, մյուսի մոտ՝ ոչ։ Չգիտեմ՝ 5 տարի հետո ես ուր կլինեմ իմ թատրոնի հետ․կարող է ստացվի առաջ գնալ, կարող է՝ ոչ։ Կարևորը՝ անես այն, ինչ պետք է անես, ու երբեք չդոփես տեղում։

Կա՞ն Ձեր թատրոնում հայ դերասաններ։

– Ոչ, միակ հայ դերասանը ես եմ, իսկ ինստիտուտում կային հայեր։ Փորձում ենք իրար հետ կապ պահել, օգնել իրար։

Դուք հիմա բեմ դուրս գալի՞ս եք, թե՞ միայն տնօրեն եք։

– Երկուսն էլ։ Կատարում եմ նաև այլ պարտականություններ։ Դժվար է, բայց ժամանակ է պետք, որ ստեղծեմ թատրոն, որպեսզի մարդիկ աշխատեն ինձ հետ։ Բարդ է այս փուլում կառավարելը․ ամեն ինչ կազմակերպում եմ, մինչև վերջին պահը տնօրեն եմ, իսկ 19։00-ից հետո՝ դերասան։ Երբ նոր էի թատրոնը բացել, մտածում էի, թե այս ինչ դժվարություններ եղան, չէ, պետք է փակեմ, չեմ դիմանա։ Հիշում եմ իմ ռեակցիաները շուրջ մեկ տարի առաջ ու հիմա, և հասկանում եմ, որ այնքան ուժեղ եմ դարձել, որ շատ խնդիրներ հեշտ եմ տանում։ Ասեմ, որ թատրոնը չէի բացի, եթե չլիներ իմ կինը՝ Լիլյան, ով իմ համակուրսեցին է, ում առաջարկություն արեցի բեմում՝ դիպլոմը ստանալու ժամանակ։ Ուս ուսի տված անցնում ենք այս դժվարութուններով, ու, եթե ինքն էլ կեսն իր վրա չվերցներ՝ երևի շուտ հանձնվեի։

Տեսանյութեր

Լրահոս