Միակ ալգորիթմը, որը կարող է կասեցնել Նիկոլ Փաշինյանին

Տավուշի մարզում իրականացվող սահմանազատումն ու սահմանագծումը մեծ ծրագրի միայն մի մասն է, որն առնվազն 2020թ․ արցախյան պատերազմից հետո իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Նա դա անում է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինչ-որ ստվերային պարտավորությունների՞, գաղտնի ծրագրի՞, թե՞ ֆանատիզմի հասնող սեփական համոզմունքների բերումով, կարևոր է, ու հնարավոր է՝ երբևէ կբացահայտվի։ Բայց այդ ծրագիրը կասեցնելու համար, դրդապատճառները, որքան էլ կարևոր, այդուհանդերձ երկրորդային են այն առումով, որ մինչև դրանց բացահայտումը ծրագիրն արդեն կարող է ավարտված լինել։

Տվյալ դեպքում սկզբունքորեն կարևոր է այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը ԾՐԱԳԻՐ է՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Այն ունի նյութական, ֆինանսական ապահովվածություն՝ ի դեմս հանրային, պետական միջոցների, գուցե ստվերային ֆոնդերի, օլիգարխների վճարումների և այլն։

Այդ ծրագիրն ունի նաև ուժային աջակցություն՝ ի դեմս իրավապահ մարմինների, ոստիկանության, ԱԱԾ-ի, զինված ուժերի առնվազն մի մասի։ Ընդ որում, առաջին և երկրորդ գործոններն օրգանապես կապված են իրար հետ՝ փողն ապահովում է ուժայինների հավատարիմ ու ստորաքարշության հասնող ծառայություն։

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ծրագիրն ունի նաև արտաքին քաղաքական աջակցություն՝ ի դեմս արևմտյան խոշոր խաղացողների, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, բազմաթիվ այլ կազմակերպությունների։

Կարդացեք նաև

Բացահայտ այս աջակցությունից բացի, հնարավոր է՝ երբևէ պատմությունը լույս կսփռի նաև Ռուսաստանի կողմից ստվերային աջակցության վրա, որի դեմ այդքան անհոգնել պայքարում կամ իբրև թե պայքարում է Նիկոլ Փաշինյանը։

Նյութական, ուժային, քաղաքական ապահովվածությունից բացի, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ծրագիրն ունի նաև ժամկետներ, որոնց մի մասը հրապարակված է, ավելի կարևորները՝ գաղտնի։

Կարելի է թվարկել նրա կողմից իրագործվողի՝ ծրագրին բնորոշ բազմաթիվ այլ հատկություններ ևս։ Բայց խնդիրը ոչ թե դրանց քանակն է, այլ այն, որ անկախ դրան տրվող գնահատականներից, անկախ դրա հակապետականության աստիճանից, Նիկոլ Փաշինյանը ոչ թե ինչ-որ հախուռն քայլեր է անում, ոչ թե սեփական հոգեկան պոռթկումներն է պրոյեկտում սահմանային հարցերի վրա, ինչպես փորձում է ներկայացնել, այլ իրականացնում է շատ որոշակի, շատ հաշվարկված և գրեթե բոլոր միջոցներով ապահովված ծրագիր։ Հետևաբար՝ դրա դեմ պայքարել, առավել ևս՝ այն կասեցնել հնարավոր է բացառապես հակածրագրի, ծրագրային սկզբունքով հակընդդեմ գործողությունների դեպքում։ Ծրագիրը, անկախ դրա ազգային կամ ապազգային բնույթից, պետականությունից կամ հակապետականությունից, ալգորիթմ է՝ դրա բոլոր բնութագրիչներով ու քայլերի հաջորդականությամբ։ Ալգորիթմի դեմ հնարավոր է պայքարել միայն հակաալգորիթմով։ Բայց մինչև այս պահը սահմանազատման-սահմանագծման, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հակապետական քաղաքականության դեմ պայքարում, մեղմ ասած, տեսանելի չէ նման ծրագիր կամ ալգորիթմ։ Ճանապարհների փակումը, որքան էլ արդարացի, հուզական, նվիրական զգացումների հիման վրա է արվում, միևնույն է, ծրագիր չէ։ Որևէ ճանապարհի փակումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ դա մեծ ալգորիթմի մի մասն է միայն, որին նախորդում ու հաջորդում են այլ՝ նախապես մշակված քայլեր։

Տավուշում կամ այլ բնակավայրերում, սակայն, մենք տեսնում ենք միայն ճանապարհների փակում՝ առանց դրան նախորդող ու, առավել ևս, հաջորդող քայլերի։ Ասվածն ամենևին մեղադրանք չէ։ Պարզապես առանց էմոցիաների գործող քաղաքական մոդելավորման մեջ ալգորիթմի դեմ հնարավոր չէ պայքարել միայն զգացմունքներով։ Նույն էմոցիաներն ալգորիթմի մաս կարող են լինել, բայց երբեք չեն կարող փոխարինել ծրագրին։

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ծրագրի ռեսուրսային, ուժային ու քաղաքական ապահովվածությունն առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծել, թե գործնականում հնարավոր չէ դրա դեմ պայքարել, քանի որ իշխանությունից բացի՝ որևէ այլ քաղաքական ուժ, անգամ բոլոր մնացած քաղաքական ուժերը՝ միասին վերցրած, չեն կարող ունենալ դրա հետ համադրելի նյութական, մարդկային և արտաքին քաղաքական աջակցության ռեսուրսներ։ Զուտ մեխանիկական հաշվարկի դեպքում դա այդպես է։

Բայց կա ընդամենը մեկ գործոն, որն իշխանությունը չի կարող ունենալ՝ անգամ ամենամեծ ֆինանսական ռեսուրսների և ամենազորեղ քաղաքական աջակցության դեպքում։ Դա իրական հանրային մոբիլիզացիան է, հասարակության համախմբումը, որը գործնականում կարող է եթե ոչ՝ զրոյացնել, ապա՝ էապես թուլացնել, կազմալուծել իշխանական ծրագրի ռեսուրսային ապահովվածության բոլոր գործոնները՝ առանձին-առանձին և միասին վերցրած։ Առանց հանրային համախմբման, ընդ որում, ամբողջական, անվերապահ համախմբման՝ անգամ ամենահուզական շարժումն ու ամենաբանուկ փողոցների անշարժությունը չի կարող կասեցնել Նիկոլ Փաշինյանին։

Կկարողանա՞ն արդյոք իշխանությունից դուրս գտնվողները՝ քաղաքական ուժերից մինչև անհատներ, հոգևորականներից մինչև մտավորականներ, ապահովել հանրային համախմբումը, Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կասեցնելու շանս կլինի։ Հակառակ դեպքում մնացած բոլոր փորձերը դատապարտված են ձախողման՝ այն պարզ պատճառով, որ ալգորիթմի դեմ առանց ալգորիթմի պայքարել հնարավոր չէ ըստ սահմանման։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս