Ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի հրաժարվում նոյեմբերի 9-ի հայտարարությունից

Մինչ, այսպես կոչված, սահմանազատման, իսկ իրականում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների գործընթացում ակտիվորեն քննարկվում է հենց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը, սակայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կարևոր է լինելու նաև Ադրբեջանի հաջորդ՝ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի պահանջը։

Ալիևն իր վերջին ելույթում, բացի անկլավների թեմայից, խոսեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրագործման անհրաժեշտության մասին։

Ըստ Ալիևի՝ թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա, սակայն գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որը վերահսկելու են ՌԴ սահմանապահ ուժերը։

«Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Բայց նրանք ստորագրել են, իսկ հիմա ուզում են ազատվել այս կետից, բայց դա անհնար է։ Նրանք ուղղակի արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ այս ցամաքային կապը կառուցելու հնարավորությունը, և այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է: Մեր դիրքորոշումը հետևյալն է. եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», – նշել էր նա, այս մասին հայտարարելով Մոսկվա կատարած այցից հետո։

Կարդացեք նաև

Զուգահեռաբար ՌԴ ԱԳՆ-ն ևս սկսել է ակտիվորեն անդրադառնալ հայտարարության ամբողջական իրագործմանը։ ՀՀ-ն համարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս գոյություն չունի, սակայն ստորագրությունը ետ չի կանչում։

Հայաստանյան փորձագիտաքաղաքական հանրության շրջանում լայնորեն քննարկվում է, թե ինչու հայկական կողմը ետ չի կանչում ստորագրությունը։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը շատ խնդրահարույց իրավիճակում է, քանի որ դրա կետերից մի մասն իրագործվել են, մի մասը, ըստ էության, այլևս ակտուալ չեն, բացառությամբ կապուղիների մասին կետի, որը ՀՀ իշխանությունները մերժում են հիմնական ճանապարհի նկատմամբ ռուսական վերահսկողության ամրագրման պատճառով։

Ըստ նրա, ետկանչի բացակայությունը կարող է ունենալ մի քանի պատճառ։

«Ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում ՀՀ իշխանությունները հստակ չեն հայտարարում դուրս գալու մասին, չեն սկսում պաշտոնական գործընթաց, այնպես էլ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեպքում։ Գուցե սա չծրագրված մոտեցում է, և անհրաժեշտության դեպքում ետ կանչեն ստորագրությունը։ Մյուս տարբերակը, ըստ իս, գուցե այն է, որ սա պահվում է՝ որպես լրացուցիչ տարբերակ, եթե չհաջողվի կողմերի միջև ձևավորել որևէ առաջարկվող տարբերակի շուրջ կոնսենսուս։ Կարծում եմ՝ պատահական չէ, քանի որ կողմերը վարում են բարդ բանակցություններ, ու կարծում եմ, որքան էլ այս կամ այն հարթակը մերժվում է, դրանք պահեստային տարբերակներով դիտարկվում են գործընթացը շարունակելու համար»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հակված է առաջ շարժվել արևմտյան երաշխիքներով, որոնց դեմ է Ադրբեջանը։

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանալու է միջազգային երաշխիքներ, հակված է լինելու վերահսկողության գործընկեր երկրների մասնակցության, այս տարբերակն ամենայն հավանականությամբ դիտարկվում է, երբ խոսվում է միջազգային վերահսկողության մասին»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ եթե ՀՀ ղեկավարությունը մայիսի 7-ին մեկնի Մոսկվա՝ մասնակցելու երդմնակալությանն ու ԵԱՏՄ հոբելյանական հավաքին, այս հարցերը, ինչպես նաև երկկողմ թեմաները կդառնան քննարկման առարկա։

«Սակայն մինչ այս պահն այդ հարցով որևէ հստակություն չկա, թեև ԵԱՏՄ նախագահող երկիրը Հայաստանն է։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, սակայն երդմնակալությանը ՀՀ ղեկավարի մասնակցությունը չի կարող անտարբեր թողնել Արևմուտքին, ինչի մասին Երևանում լավ գիտեն։ Ուստի բարդ է պատկերացնել լիարժեք մասնակցություն»,- ասաց վերլուծաբանը։

Իր հերթին՝ վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Հայաստանը հրաժարվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթից, և դրա ետկանչի բացակայությունը զուտ տեխնիկական հարց է։

«Նոյեմբերի 9-ի թեման բարձրացնում են միայն Մոսկվան և Բաքուն։ ՀՀ իշխանությունն առաջ է մղում Պրահայի փաստաթուղթը, որի մասին օրերս խոսք գնաց Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում։ Սակայն ես կարծում եմ, որ մինչ ապաշրջափակման գործընթացը շատ փուլեր ունեն կողմերն անցնելու։ Տեսնում ենք, որ սահմանազատման գործընթացի ներկայիս տարբերակը խիստ մտահոգություններ է առաջացնում, կան բազմաթիվ բարդ լուծելի հարցեր։ Առաջիկայում Ալմաթիում սպասվում են Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները։ Կարծում եմ՝ դրա արդյունքը շատ բան կհուշի ապագա զարգացումների մասին»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս