Իրական կոռուպցիան թողած՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում
Իշխանությունները սիրում են կրկնել, թե բյուջեն մեր բոլորի գրպանն է։ Ու քանի որ բյուջեն համարում են իրենց գրպանը, ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են, ինչի վրա ուզում՝ ծախսում են։
Հարկատուների փողը քամուն են տալիս, յուրացնում են ու վատնում, և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Ամենուրեք հարկերն են ծանրացնում, տույժ-տուգանքներ են ավելացնում, քաղաքացիների ու հարկատուների վրա նոր ֆինանսական բեռ են դնում, բյուջե են լցնում, որ հետո այսպես վատնեն։ Կարող են 6 մլն դոլար բյուջեից հանել ու ոչնչի համար տալ ինչ-որ երգչի։ Վեց միլիոնը տվել են ու ոչինչ չեն ստացել դրա համար։ Այնինչ՝ այդ 6 միլիոնով բազմաթիվ այլ խնդիրներ կարող էին լուծել։
Կարող էին Արցախից բռնի տեղահանված առնվազն մի քանի հարյուր ընտանիքի բնակարանային, հազարավոր ընտանիքների սոցիալական ու կենցաղային խնդիրները լուծել։
Բայց տվեցին ոչնչի համար ու մոռացան։ Ոչ մեկը պատասխանատվություն չկրեց նման անպատասխանատու որոշման համար։ Կարծես 6 միլիոնը գետնին գցած էր ու ոչ թե 6 մլն դոլար էր, այլ 6 հազար դրամ։
Ու այսպիսի ինչքան միլիոններ են վատնում, և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Առիթ-անառիթ հայտարարում են, թե նախկինները թալանել են պետական բյուջեն, իսկ իրենց թալանը չեն տեսնում։
Կոռուպցիայի դեմ պայքարից են խոսում, իսկ կոռուպցիան ամենուրեք վխտում է։ Իրական կոռուպցիան թողած՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում։
Միայն պետական գնումները և հատկապես մեկ անձից կատարված գնումները բավական են՝ պատկերացնելու կոռուպցիայի հնարավոր ծավալները։
Ասում են՝ մեկ անձից կատարված գնումները նվազել են։ Նվազելուց հետո էլ անցած տարի կազմել են 11 հազար։
Անգամ, եթե նվազել են՝ 11 հազարը շատ մեծ թիվ է, ռիսկային մեծ բաղադրիչ պարունակող գնումների համար։ Հատկապես որ, ինչպես հաճախ ենք հանդիպում, այդպիսի գնումները շատ դեպքերում ոչ մի հրատապություն չեն պարունակում, ու կարող էին, ճիշտ պլանավորելու դեպքում, հանգիստ մրցույթով իրականացնել։ Մրցույթներ չեն անում՝ մեկ անձից են գնում։
Ինչո՞ւ, ո՞րն է դրա շարժառիթը։
Սա հարց է, որի պատասխանը պետք է փնտրել նման գնումների կոռուպցիոն բարձր ռիսկերի մեջ։
Ժամանակին դժգոհում էին, որ նախկինները մեկ անձից գնումներ էին կատարում, ասում էին՝ այդպիսի գնումները տեղով կոռուպցիա են։ Հիմա մեկ անձից գնումները հասցրել են հսկայական չափերի։ Բազմաթիվ ծախսեր մտցրել են հրատապ գնումների անվան տակ ու մեկ աղբյուրից գնում են՝ ինչքանով խելքներին փչում է։ Այն պարագայում, երբ կարող էին մրցույթ հայտարարել, մրցույթով ավելի ցածր գին ստանալ ու ավելի քիչ գումարով նույն գնումն անել։
Ո՞վ է երաշխավորել, որ մեկ անձից գնումների դեպքում գինը հենց այն է, ինչ վճարվում է։
Պարզ է, որ չկա նման երաշխիք, ու դա է պատճառը, որ մեկ անձից գնումները համարվում են կոռուպցիոն բարձր ռիսկեր պարունակող։ Գնողն ու վաճառողը կարող են պայմանավորվել գնի շուրջ՝ ելնելով նաև անձնական շահագրգռվածությունից։
Սրանում է թաքնված կոռուպցիայի ռիսկը։ Ու երբ գերադասում են կամ շահագրգռված են գնումները մեկ անձով անել, դրանց հետ կապված կասկածները խորանում են։
Չնայած այնպես չէ, որ մրցույթներով գնումներում ամեն ինչ իդեալական է, չարաշահումներ չկան։ Դրանք հաճախ չեն բացահայտվում, բայց դա չի նշանակում, թե այդպիսիք չկան։ Էկոնոմիկայի նախարարի, փոխնախարարի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ կապված պատմությունը բավական է հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում գնումների ոլորտում, ի՞նչ ծավալի չարաշահումների հետ գործ ունենք, ինչպե՞ս են դրանք կատարվում, ինչպե՞ս են սեփական նպատակահարմարություններից ելնելով՝ որոշում, թե ով պետք է հաղթի կամ ով չհաղթի մրցույթներում։
Այնպես չէ, որ միայն էկոնոմիկայի նախարարությունում է այդպես։ Բոլոր տեղերում էլ նույնն է։
Զարմանալի չէ, որ երբեմն պետական գնումներում այնպիսի աղաղակող փաստեր են ի հայտ գալիս, որ նախկինները, որոնց մեղադրում են աշխարհի բոլոր մեղքերի մեջ, պարզապես կերազեին դրա մասին։
Ինչպե՞ս հասկանալ, երբ Երևանի քաղաքապետարանը ծիրանի ծառ է գնում՝ վճարելով աստղաբաշխական գումար. մեկ ծառի համար՝ 19,5 հազար դրամ։ Երբ մեկ տարի առաջ գրեթե համանման ծառի համար վճարել էր մի քանի անգամ քիչ։
Փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, օրինական։ Նույնիսկ սահմանված նախահաշվային գնից ցածր գնով են պայմանագիր կնքել։ Այլ հարց է, թե ինչպե՞ս են ձևավորել նախահաշվային գինը, ինչպե՞ս են հաշվել ու մեկ ծառի արժեքը ստացել 20 հազար դրամ։
Դրա համար պիտի շուկան ուսումնասիրեին, հարցումներ անեին ու որոշեին գինը։
Հավանաբար «ուսումնասիրել» են. զանգել են այն ընկերությանը, որը նախկինում էլ ծիրանենի էր մատակարարել, ու հարցրել, թե ինչքանո՞վ կմատակարարի։ Նրա ասած գինն էլ դրել են գնման փաստաթղթերի հիմքում։
Երևի չեն ուզել իրենց լրացուցիչ ծանրաբեռնել, շուկայի այլ մասնակիցներին հարցնել, հավելյալ ճշտել՝ հիմնավո՞ր է, թե՞ չէ այդ գինը։ Հաստատել են ու անցել առաջ։
Հիմա ո՞վ պիտի պատասխան տա սրա համար։
Մեկ այլ դեպքում Երևանի վարչական շրջաններից մեկում տեղադրված նստարանները մի քանի անգամ ավելի էժան են եղել, քան վճարված գինն է։ Արդյունքում՝ պետությունը միլիոնավոր դրամների վնասներ է կրել։
Այդպիսի վնասներն անշուշտ շատ են ու ոչ թե միլիոնների, այլ միլիարդների հասնող։ Այլ բան, որ դրանք միշտ չէ, որ դուրս են գալիս ջրի երես։
Առանց ծանր ու թեթև անելու, հետևանքները հաշվի առնելու, վերջերս կառավարությունը որոշեց դպրոցաշինության ծրագրերի պարագայում, իբր մրցույթների գրավչությունը բարձրացնելու համար, թույլ տալ նախահաշվային արժեքից մինչև 10 տոկոսից ավելի գնով պայմանագիր կնքել։ Թվում է, թե բարի կամքի դրսևորում է։ Բայց դրանով կառավարությունը նպաստավոր հիմքեր ստեղծեց կոռուպցիայի համար։
Պետության ու հարկատուների փողերը միայն գնումներով չեն վատնում, ամեն տեղ են վատնում։ Այն, որ պետությունը 12 մլն դոլար է վճարում ու իբր ազգային ավիափոխադրող է ստեղծում, բայց այդ ավիափոխադրողը 2-3 տարի հետո կանգնում է սնանկացման ու փակման վտանգի առաջ, արդյո՞ք դա պետության փողերը քամուն տալ չէ։ Այսպիսի դեպքերը եզակի չեն, շատ են ու եթե հաճախ չեն բացահայտվում, դուրս չեն գալիս ջրի երես, դա դեռ չի նշանակում, թե այդպիսիք չկան կամ պակասել են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ