Պետության հրամայականը ոչ թե մեգաաստղ, այլ մեգաներդրող բերելն է

Նախորդ շաբաթավերջին տարածվեց մի տեղեկություն, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը:

Այս որոշման կայացումն ունի բավականին տխուր խորհրդանշականություն, քանի որ նախորդ շաբաթ հրապարակվեց նաև Հայաստանի պաշտոնական վիճակագրության հերթական տվյալը, ըստ որի՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի արտահանումն արձանագրել է ավելի քան 52 տոկոս անկում: Հիշեցնեմ, որ արդյունաբերության անկումը կազմել էր ավելի քան 12 տոկոս:

Այդ ֆոնին՝ արտահանման խթանման ռազմավարական ծրագրի ընդունումը կարող էր առաջացնել ժպիտ, բայց գործնականում առաջացնում է մտահոգություն: Մտահոգություն առ այն, որ տնտեսության շատ կոնկրետ, առարկայական խնդիրների ֆոնին՝ կառավարությունը զբաղված է «ռազմավարական գլխագրերով», որոնց շրջանակում կառավարող ուժն անգամ պետության զարգացման «ռազմավարական քայլ» կարող է որակել հարկատուների միջոցներով կազմակերպված համերգը՝ թեկուզ համաշխարհային մեգաաստղի, բայց որևէ պատասխան չունենալ, օրինակ, ռազմավարական նշանակության ներդրումային ծրագրերի տապալման առնչությամբ, աչք անգամ չթարթել այդ առնչությամբ:

Արտահանումը չի խթանվում պետական ընդունված ռազմավարական ծրագրերով ու փասստաթղթերով: Արտահանումը խթանվում է իրական տնտեսական քաղաքականությամբ, որի հիմքում նաև առանցքային, անկյունաքարային հանգամանք է ներդրողների հետ աշխատանքը: Պետության խնդիրը ոչ թե Հայաստան համաշխարհային շոու-բիզնեսի մեգաաստղ բերելն է, այլ Հայաստանի տնտեսություն համաշխարհային համբավ ունեցող, համաշխարհային տնտեսության մեջ դեր ու կշիռ ձևավորած ներդրողներ բերելը:

Կարդացեք նաև

Որովհետև երկրում այդպիսի ներդրողների իրական գործունեությունն ամենօրյա ռեժիմով է նպաստում պետության ճանաչելիությանը, նաև նպաստում է պետության տնտեսական կենսունակության բարձրացմանը, այդ թվում՝ արտահանման ցուցանիշների առումով:

Ներկայումս չափազանց կոշտ պայքար է համաշխարհային շուկաների վերաձևման համար: Կա տասնամյակներով ձևավորված հարաբերակցությունը, միաժամանակ աշխարհը գտնվում է շուկաների վերաձևման, նոր շուկաներ նվաճելու չափազանց սուր պայքարի շրջափուլում: Պայքար, որի առաջնագծում այսօր համաշխարհային կամ ռեգիոնալ գերտերություններ են՝ իրենց խոշորագույն ընկերություններով, կորպորացիաներով:

Նրանք կռիվ են տալիս իրենց շահերի, իրենց համար տնտեսական տարածության, շուկաների ամեն մի միլիմետրի համար: Շատ համեստ քաղաքական կշիռ ունեցող պետությունների համար Ժամանակակից գերհագեցած միջավայրում նոր շուկաներ գտնելը, կամ եղած շուկաներում նոր տարածություն գտնելը չափազանց բարդ է: Այդտեղ է, որ բազմակի կարևոր է դառնում երկրի տնտեսություն արտաքին խոշոր ներդրողներ, խոշոր խաղացողներ ներգրավելու հմտությունը, կարողությունը: Որովհետև այդ խոշորները համաշխարհային տնտեսության մեջ ունեն մրցակցության փորձ, ունեն տասնամյակներով ձևավորված կապեր, հարաբերություններ:

Բնական է, որ նրանք այդ ամենը գործի կդնեն միայն տնտեսական շահի դեպքում: Իսկ դրա համար պետք է, որ Հայաստանը կարողանա նրանց ներգրավել և ձևավորել այդ փոխադարձ շահերը, կարողանա իր տնտեսության մեջ գտնել խոշոր խաղացողների համար ավելի ու ավելի մեծ տարածություն՝ այդպիսով նրանց էլ մոտիվացնելով մտածել Հայաստանի համար արտահանման նոր շուկաներ գտնելու, կամ եղած շուկաներում նոր տարածություն գտնելու հարցում:

Տնտեսությունը, առավել ևս՝ համաշխարհային տնտեսությունը, չի աշխատում այլ կերպ, քան այդ փոխադարձությամբ: Այլապես, հնարավոր է գեղեցիկ ու տպավորիչ փաստաթղթեր գրել տասնյակներով, բայց տնտեսական իրականությունը փոխվում է թեկուզ մեկ-երկու, բայց շատ կոնկրետ ներդրումային խոշոր ծրագրով, արտաքին ներդրողի հետ աշխատելու կարողությամբ:

Մինչդեռ, գեղեցիկ փաստաթղթերի ֆոնին, իրական քաղաքականության առումով Հայաստանն առայժմ աչքի է ընկնում արտաքին հեղինակավոր ներդրողների հետ խոշոր նախաձեռնությունները տապալելով: Հարևան Վրաստանն ու հակառակորդ Ադրբեջանը կնքում են միլիարդավոր դոլարների ներդրումային համաձայնագրեր, Հայաստանում տապալվում են նույնիսկ մի քանի հարյուր միլիոն դոլարի ծրագրերն ու նախաձեռնությունները:

Ավելին, կայացվում են սեփականության իրավունքի ոտնահարման՝ զուտ քաղաքական կոնյունկտուրայից բխող որոշումներ, որոնք խիստ բացասական ազդակ են ցանկացած ողջախոհ ներդրողի համար: Հայաստանն առանց այդ էլ աչքի չի ընկնում ներդրումային «բնական գրավչությամբ», քանի որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք բարդություններ: Սակայն հենց այդ հանգամանքն առավել քան կարևոր ու կենսական է դարձնում ներդրումային գրավչությունը և վարկը բարձրացնելու լրացուցիչ ջանքի բազմապատկումը: Դրա փոխարեն, սակայն, արվում են քայլեր, որոնք թողնում են տպավորություն, որ Հայաստանը գործնականում հրաժարվում է համաշխարհային և նույնիսկ ռեգիոնալ տնտեսական քարտեզի վրա տնտեսական սուբյեկտության քաղաքականությունից՝ գործնականում շեշտը դնելով տարանցիկ կցորդության հեռանկարի վրա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս