
Ով էլ ձեռք բերի ՀԷՑ-ը, վաղ թե ուշ, պատասխան է տալու ուրիշի սեփականությունը խլելու համար

ՀԷՑ-ը դեռ իրենցով չարած, արդեն քննարկում են այն կառավարման հանձնելու կամ ուրիշին վաճառելու հնարավորությունը։ Հայտնվել են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են խաղալ իշխանության խաղը ու մտնել այդ ծանրության տակ՝ հաշվի չառնելով, թե վաղն ինչ է սպասվելու իրենց։
Կարծում են՝ Հայաստանի այսօրվա կառավարիչները հավերժ են, ու իրենք հավերժ գտնվելու են նրանց պաշտպանության տակ։
Չնայած օրեր առաջ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանը պահանջեց Հայաստանի իշխանություններից դադարեցնել ՀԷՑ-ի դեմ սկսած քաղաքական արշավը և հրաժարվել ընկերությունը խլելու փորձերից, ակնհայտ է, որ կառավարությունը մտադիր չէ ենթարկվել միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա վճռին, որքան էլ դա կարող է թանկ նստել երկրի վրա։ Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենց համար կարևորը ոչ թե երկրի, այլ սեփական շահն է։ Այս պահին սեփական շահը պահանջում է՝ չենթարկվել միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա վճռին, որովհետև դա կնշանակի ընդունել իրենց սխալներն ու պարտությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ, ինչը սպասվող ընտրություններից առաջ մահացու հարված կարող է լինել իշխանությունների համար։ Այդ պատճառով էլ պատրաստվում են ամեն կերպ շրջանցել միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա որոշումը։
Թե դրանից ի՞նչ վնասներ կկրի Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի համար որևէ նշանակություն չունի։ Որպեսզի իրեն դավաճան չասեն՝ ժամանակին հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերողի համար ի՜նչ մեծ բան է երկիրը միլիոնավոր դոլարների տուգանքների տակ դնելը։ Առավել ևս, որ այդ գումարներն իր գրպանից չի տալու։ Դրա համար էլ՝ թքած ունի, թե արբիտրաժի վճռի չկատարումն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Կարևորը՝ հետևանքներ չլինեն իր ու իր իշխանության համար։
Արբիտրաժի վճռը կատարելու փոխարեն՝ արդարադատության նախարարը սկսել է խոսել ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում տրամադրելու մասին։
Ասում է՝ եթե ՀԷՑ-ը պետականացվի, ազգայնացվի, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով տեղի ունենա սեփականության իրավունքի փոխանցում, դա միանշանակ հատուցելի է լինելու։ Որևէ անգամ խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու։
Իսկ ինչի՞ հաշվին է կառավարությունը պատրաստվում հատուցել ՀԷՑ-ի սեփականատիրոջը։
Այդ մասին առայժմ խոսք չկա։ Չնայած դեռ հարց է՝ սեփականատերը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ։
Ժամանակին վնասով աշխատող ընկերությունը չեն առողջացրել, դարձրել շահութաբեր, որպեսզի այսօր Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական բռնաճնշումներով խլի ու տա ուրիշին, ինչի համար արդեն փորձում են նաև հիմքեր ստեղծել՝ արդարացնելու իրենց անօրինական գործողությունները։
ՀԷՑ-ում նշանակված կառավարության կառավարիչն այս օրերին ակտիվորեն կազմաքանդում է ընկերության կառավարման համակարգը՝ փորձառու կադրերին փոխարինելով ՔՊ-ականներով։ Այն ՔՊ-ականներով, որոնք մինչև հիմա աչքի են ընկել գերազանցապես մեկ բանով՝ երկիրն ու եղած համակարգերը համատարած քանդելով։ Այսպես շարունակվելու դեպքում, դժվար չէ պատկերացնել, թե առաջիկայում ինչ է սպասվում ՀԷՑ-ին։
Պատահական չէ, որ սպառողներին սկսել են նախապատրաստել վատթարագույնին։
Օրերս կառավարության կառավարչի հրահանգով մի ահասարսուռ հայտարարություն տարածեցին՝ համակարգի աղետալի վիճակի վերաբերյալ։
«Ընկերության էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները, ընկերությունում իսպառ բացակայում են օպերատիվ կառավարման և տեղի ունեցող վթարների առկայության մասին տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ավտոմատ տելեհաղորդման ժամանակակից միջոցները:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքները զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով»,- հայտարարեց ՀԷՑ-ի կառավարիչը՝ պատուհան բացելով առաջիկա անջատումների ու հոսանքազրկումների համար։
Համարենք, որ ՀԷՑ-ի սեփականատերը վատ է կառավարել համակարգը, սխալ քաղաքականություն է իրականացրել, ցանցը չի վերազինել, այդ դեպքում անցած 7 տարում ինչո՞վ է զբաղված եղել Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ գործող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի սեփականությունն է դարձել 10 տարի առաջ։ Այդ 10 տարվանից 7 տարին այն գտնվել է այս իշխանությանը ծառայող «անկախ» հանձնաժողովի վերահսկողության տիրույթում։ Ի՞նչ է արել կամ ո՞ւր է նայել այդ հանձնաժողովը մինչև հիմա, եթե ցանցի վերազինում չի իրականացվել։ Կամ՝ եթե վերազինում չի իրականացվել, վատ է կառավարվել, ինչպե՞ս են համակարգի կորուստներն այդքան կրճատվել ու առանց սակագին բարձրացնելու՝ նախկինում վնասով աշխատող ընկերությունը դարձել է շահութաբեր։
Միայն այն, որ կորուստները կիսով չափ նվազել են, բավարար է՝ համոզվելու համար, որ ՀԷՑ-ի կառավարության կառավարիչը ստում է, միտումնավոր խեղաթյուրում է իրավիճակը, փորձում է կեղծ հիմքեր ստեղծել՝ հայտնի գործարարի ու բարերարի սեփականությունը խելելու համար։
Բայց նման հիմքերով հաստատ հեռուն չեն գնա։ Մի օր բոլորս ենք հայտնվելու այս մարդկանց փորած փոսում։
Ով էլ այսօր տիրանա ՀԷՑ-ին, վաղ թե ուշ բախվելու է ուրիշի սեփականության իրավունքի ոտնահարման փաստի հետ ու հայտնվելու է աննախանձելի վիճակում։ Գուցե հարմար է այսօր մտածել, թե սա լավ առիթ է՝ ՀԷՑ-ի ակտիվները խլելու համար, բայց դա թվացյալ է։
Այս իշխանությունները հավերժ չեն, մի օր պատասախան են տալու իրենց չարագործությունների համար։ Իսկ դրա հետևանքները կրելու են նաև նրանք, ովքեր առիթից օգտվելով՝ մտադիր են տիրանալ ուրիշի օրինական սեփականությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ