Ադրբեջանը հրաժարվում է իր իսկ վավերացրած քարտեզներից, Հայաստանը պետք է առաջ քաշի 1925-1926թթ. քարտեզները. Ռուբեն Գալչյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի մասին, ասել էր, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Այդ հռչակագիրն ասում է, որ Խորհրդային Միության անդամ պետությունները փլուզման պահին իրենց միջև ադմինիստրատիվ սահմանները ճանաչում են՝ որպես պետությունների միջև միջպետական սահման։ Սա շատ կարևոր է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցել է սահման, այն որպես միջպետական սահման՝ ճանաչվել է Ալմա Աթայի հռչակագրով։ Այժմ մենք խնդիր ունենք այդ քարտեզներն օգտագործել՝ Խորհրդային Միության վերջին տարիներին պաշտոնական մարմինների կողմից հրապարակված քարտեզների միջոցով գնանք այդ սահմանները վերարտադրենք։ Մենք ուզում ենք սրա շուրջ համաձայնության գանք, համոզված ենք, որ լեգիտիմ մոտեցում է, որևէ ձևով չի խախտում որևէ միջազգային սկզբունք և ամբողջովին տեղավորվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում։

Մենք շարունակում ենք քննարկել, և կարծում եմ՝ վերջում սրա շուրջ համաձայնության ենք գալու, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլ քարտեզներ գոյություն չունեն։ Պատմական քարտեզները, պրոֆեսիոնալ տեսանկյունից դրանք քարտեզներ չեն, դրա համար մենք չենք ուզում այդպիսի քննարկումների մեջ մտնել»,- նշել էր ԱԽ քարտուղարը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասաց, որ ԱԽ քարտուղարը Խորհրդային Միության քարտեզ ասելով՝ նկատի ունի 1991 թվականի քարտեզը, որը հենց Խորհրդային Միության սահմանած քարտեզն է, որով անկախացել են ԽՍՀՄ անդամ երկրները։

Կարդացեք նաև

«Այդ քարտեզները Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են 1969-70 թվականներից սկսած, այսինքն՝ երկկողմ վավերացված քարտեզներ են։ Ալիևը հրաժարվում է այդ քարտեզներով գնալ սահմանազատման՝ ասելով, որ այդ քարտեզները ճիշտ չեն, իսկ այն բարձունքները, որոնք օկուպացրել է՝ իրենն է։

Այն տարածքները, որոնք այսօր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ՝ 207 քկմ է, դրանք, իհարկե, բոլորը Հայաստանինն են։ Ադրբեջանը հրաժարվում է իր իսկ վավերացրած քարտեզներից»,- նշեց Ռուբեն Գալչյանը։

Ըստ նրա, եթե Ադրբեջանն իր կողմից 1991 թվականի վավերացրած քարտեզները չի ընդունում, Հայաստանը պետք է առաջ քաշի Խորհրդային Միության ոչ թե վերջին, այլ առաջին քարտեզները՝ 1925-1926 թվականների, որով Հայաստանի տարածքը 31.000 քկմ էր։ Հայաստանի տարածքում այդ ժամանակ չկար անկլավ և ոչ էլ «Կարմիր Քրդստանի» պատրվակով Հայաստանից վերցված տարածքներ։

«Եթե Ադրբեջանը չի ընդունում, ուրեմն՝ Հայաստանը թող գնա 1925 թվականին ընդունված պաշտոնական քարտեզին։ Գորիս-Կապան ճանապարհն այդ քարտեզով հսկողության տակ է եղել, մեր ճանապարհի 20 կմ հատվածը մտել է Ադրբեջանի տարածքով և հետ եկել Հայաստան, 1991 թվականին էլ է այդպես եղել։ Պատերազմ եղավ, և այն մենք ազատագրել էինք, և այդ ճանապարհը մնաց Հայաստանի տարածքում։ Երբ 2020 թվականին, չգիտես՝ ինչպես, մենք վերադարձանք խորհրդային սահմաններին, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը մնաց Ադրբեջանի հսկողության տակ։ Դրա համար այլընտրանքային ճանապարհ են կառուցում Տաթևի մոտից»,- նշեց Ռուբեն Գալչյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի իր թելադրածը Հայաստանի կողմից անմիջապես կատարվի, ինչի դեմ Հայաստանը կարող է դուրս գալ միայն միջազգային փաստերով՝ ցույց տալով, որ Ադրբեջանը սխալ է։

«Գերտերությունների կողմից այդ տարածքներն ընդունելի կլինեն, երբ, օրինակ,  Հայաստանի 800 քկմ վերցրած տարածքը՝ որպես Կարմիր Քրդստանի համար արոտավայր, վերադարձվի, քանի որ քրդերին չեն բերել այնտեղ, նշանակում է, որ չեղարկվում է որոշումը։ Այդ վերցրած հողերը պետք է վերադարձվեն տիրոջը՝ միջազգային օրենքով։ Սա, սակայն, տարիներ շարունակ քաշքշուկի առիթ է լինելու»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։

Տեսանյութեր

Լրահոս