«Հնարավոր է՝ կանոնակարգն Ադրբեջանի Մեջլիսը մերժի, չընդունի. Ալիևն այդ ուղղությամբ է աշխատում». Ռուբեն Գալչյան

ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ճանաչել է սահմանադրական, այս մասին որոշումը ՍԴ-ն հրապարակել է սեպտեմբերի 26-ին։

Դեռևս օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։

«2024թ. ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: 2024 թ. օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է»,- նշված էր ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։

Սակայն Ադրբեջանում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վերաբերյալ որևէ խոսք չկա՝ Ադրբեջանի խորհրդարանը դեռևս այն չի վավերացրել։

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի կարծիքով՝ հնարավոր է` Ադրբեջանում այս կանոնակարգը չվավերացնեն, ամեն ինչ սպասելի է։

«Եթե այդ կանոնակարգը երկկողմ չվավերացվի, ապա այլևս միտք չունի իրականացնելու սահմանազատում ու սահմանագծում, քանի որ այն այլևս արժեք չի ունենա առանց վերջնական փաստաթղթի, որը պետք է պարտադիր վավերացնեն երկու կողմերը միաժամանակ։

Ինչո՞ւ չի վավերացրել Ադրբեջանը՝ այստեղ մի քանի պատճառներ կան, նախ՝ Ալիևը լուծարեց իր երկրի խորհրդարանը, այդ պատճառով էլ, կարծում եմ՝ մինչև նոյեմբեր կանոնակարգն այդպես մնալու է՝ չի վավերացվելու, իսկ դրանից հետո կրկին հարցական է, COP-29-ից հետո մենք կտեսնենք՝ արդյո՞ք Ադրբեջանը ցանկություն ունի այդ սահմանազատումն ու սահմանագծումն անելու։ Եթե Ադրբեջանի խորհրդարանն այն վավերացնի, Ալիևն էլ դուրս բերի իր զորքերը ՀՀ օկուպացրած տարածքներից, որտեղ ներխուժել են 2021 թվականի մայիսի 12-ից, այդ ժամանակ մենք կհասկանանք, որ իրապես նա ցանկանում է Հայաստանի հետ իրականացնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Գալչյանը։

Նա նաև ընդգծեց՝ այս պահին Ալիևը որևէ ցանկություն չունի վերը նշվածներից որևէ մեկը կատարել, քանի որ ամեն օր նոր պահանջներ են առաջ քաշում գործընթացը հետաձգելու համար։

«Նրանց պահանջը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, առհասարակ կապ չունի ո՛չ խաղաղության պայմանագրի, ո՛չ սահմանագծման աշխատանքների հետ։ Այս պահանջներով Ադրբեջանը նպատակ ունի գործընթացը հետաձգել և առաջ չգնալ։

Կրկնում եմ՝ հնարավոր է՝ այս կանոնակարգը գնա Ադրբեջանի խորհրդարան, և Մեջլիսն այն մերժի՝ չընդունի, ըստ երևույթին, հիմա Ալիևն այդ ուղղությամբ է աշխատում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե չի վավերացվում կոնոնակարգը, չի՞ նշանակում, որ Ալիևը ձգտելու է պատերազմով կրկին օկուպացնել հայկական տարածքներ, Ռուբեն Գալչյանը պատասխանեց.

«Պատերազմի վտանգ միշտ էլ կա, եթե Բաքվում նստած է Ալիևը, միայն թե դա հետաձգվում է, որովհետև նոյեմբերին Բաքվում ընթանալու է COP-29-ը։ Հիմա Ալիևի կապերը Եվրոպայի հետ մի քիչ թուլանում են, գուցե սա նրան զսպի։ Ադրբեջանից դուրս է եկել «Բրիթիշ պետրոլիումը», նրանք այլևս Ադրբեջանի հետ չեն ցանկանում որևէ գործ ունենալ։ Ամերիկյան «էքսոն» ընկերությունը նույնպես դուրս է գալիս Ադրբեջանից, քանի որ Բաքվում նրանց պարտադրում են մեծ ներդրումներ անել։ Իսկ այդ ընկերությունները չեն ցանկանում այդ չափերով ներդրումներ անել, քանի որ տեսնում են, որ Ադրբեջանում ապագան այդքան էլ փայլուն չէ»։

Տեսանյութեր

Լրահոս