«Մեկը էթարն է, մյուսը՝ բեթարը. Սյունիքը քերել են, քերել, հասել են մինչև մայր երակին». Արարատ Աղաբեկյան
Անցնող լիագումար նիստերի ընթացքում իշխանական պատգամավորները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կրկին հայտարարեցին, թե «Տավուշում տեղի ունեցած սահմանագծումն իրենց համար մեծ ձեռքբերում է»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցներում այդպես էլ չպատասխանեց հարցին՝ արդյոք խաղաղության պայմանագրում կետ կա՞, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ քաշվեն ՀՀ օկուպացված տարածքներից։ Նա միայն ասաց, թե՝ «կան ադրբեջանական տարածքներ, որոնք ՀՀ վերահսկողության տակ են, և կան հայկական տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, երկուստեք պետք է հետ գնան»։
Սիմոնյանն այդպես էլ չասաց, թե հայկական կողմում կոնկրետ որտե՞ղ կան հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ նիստերի դահլիճում հայտարարեց, որ «Տավուշից հետո սյունեցիները երազում են, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հասնի Սյունիք»։
Ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանի՝ Աշխարհապետի խոսքով՝ նորմալ, բանական մարդու համար Կիրանցից հետո չի կարող երազանք լինել այդ գործընթացը Սյունիքում կամ ՀՀ որևէ վայրում իրականացնելու համար։
«Լավ, ես չեմ, այլ մարդ է, ուզո՞ւմ է, որ սահմանագծում անեն այն ձևով, որն արեցին Կիրանցում, գիտակից մարդը, իհարկե, չի ուզի։
Սահմանազատումն իրականությունում գոյություն չունեցող բան է, քանի որ իմ երկրի թշնամին Ադրբեջանն ու Թուրքիան են, ուստի որևէ «գարանտիա» չկա, որ իրենցից լավ բան կարող է սպասվել։ Եթե թշնամի է, «գարանտիան» էլ ո՞րն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արարատ Աղաբեկյանը։
Ինչ վերաբերում է Կազանում Փաշինյան-Ալիև զրույցին՝ ԲՐԻԿՍ-ի ամբողջ համաժողովի ժամանակ, Արարատ Աղաբեկյանն ասաց՝ նույնիսկ այդ «մտերմությունը» որևէ բան չի տալու Հայաստանին։
«Այ ձեր ցավը տանեմ, մեկը էթարն է, մյուսը՝ բեթարը, որպես սահմանին ապրող մարդ՝ ես բոլորից իմ ձեռքերը լվացել եմ, մեր պաշտպանությունը մենք պետք է կազմակերպենք, որևէ մեկից այլևս որևէ լավ ակնկալիք չունեմ։
Փառք Աստծո, դեռ սթափ եմ, և ուղեղս սթափ է դատում, ուստի շատ խելացի չպետք է լինես՝ գալիք վատ բաները տեսնելու համար»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։
Շարունակելով միտքը՝ նա նաև ասաց՝ սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից արդեն վավերացվել է, հետևաբար՝ այդ գործընթացը շուտով հասնելու է նաև Սյունիք։
«Նախ, ես այդ գործընթացի վերաբերյալ կարող եմ միայն մի դեպքում լավատես լինել, եթե ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մեր օկուպացված տարածքներից՝ Ներքին Հանդից սկսած, Սև լճով ու Վերիշենով ու մյուս տարածքներով ավարտած, թշնամու կողմից օկուպացրած տարածքներ կան, որոնց մասին ես տեղեկացված չեմ։
Մինչև այս քայլը չանեն, այս գործընթացը ոչ թե սահմանազատում է, այլ թատրոն։
Ալեն Սիմոնյանն իրավիճակին չի տիրապետում, Սյունիքը քերել են, քերել, բան չի մնացել, հասել են մինչև մայր երակին։ Հիմա մենք տալու բան չունենք էլ, բան չի մնացել։ Թող գնան Կոռնիձորով գան մինչև Շուռնուխ ու ցույց տան, թե որտեղ են հայերը վերահսկողության տակ առել ադրբեջանական տարածքներ։
Լացով ու ծիծաղով ասացինք՝ Շուռնուխի այս հատվածը մի հանձնեք, հայկական է, մեզ ասում էին՝ որոշված բան է, թույլ մարդիկ եք, իրավունք չունեք նման միջազգային հարցեր առաջ քաշեք»,- ասաց մեր զրուցակիցը և ընդգծեց՝ Շուռնում 13 տները, որոնք հանձնվեցին թշնամուն ու դրանց փոխարեն կառուցվեցին նորերը, տրվել են բնակիչներին և փաստաթղթի մեջ գրված է՝ պետության կողմից նվիրատվություն։
Մինչդեռ Կառավարության որոշմամբ են տները հանձնվել թշնամուն։