Ռուսաստանը երբեք չի հեռանալու Արցախից. Արցախը Հարավային Կովկասի գլխավոր ստրատեգիական բարձունքն է. Վարդան Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ոչ մի պայմանագիր երբևէ չի փրկել թույլին։ Եթե դու ցույց ես տալիս թուլություն, դու ստանալու ես ամենավատ տարբերակը։ Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, այստեղ բոլոր խնդիրները լուծվում են պատերազմներով։ Եթե դու Մերձավոր Արևելքում հայտարարում ես՝ մենք չենք կարող չանսալ մեր թշնամիների պահանջներին, դու ոչինչ չես ստանալու։
- Սահմանադրությունը երկրի կյանքը կարգավորող գլխավոր օրենքն է։ Որևէ երկիր չի կարող պահանջել փոխել այն։ Իսկ չե՞ն մտածում, որ մեր դաշնակիցները՝ Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, չեն կարող ընդունել, որ մեր սահմանադրությունը հակահայ փոփոխությունների է ենթարկվում մեր թշնամիների պահանջով։
- Ժողովուրդը կարող է քվեարկել որևէ ուժի օգտին, բայց լեգիտիմությունը կարելի է կորցնել անարդյունավետ կառավարման արդյունքում, ինչը տեղի ունեցավ ՀՀ այս իշխանությունների պարագայում։
- 44-օրյա պատերազմում այն տղաները, որոնք նայում էին երկինք՝ իմանալով, որ ուր որ է՝ երկնքից վրա է հասնելու մահը, բայց կրակում էին վերջին արկը, մեր ժողովրդի երկնքի ժամապահներն էին… Նրանց սխրանքի օրինակով սերունդներ պիտի կրթվեն։ Նման բացառիկ, ոգեղեն, հրաշեկ առանցքի հանդեպ արհամարհական վերաբերմունքը կործանման ճանապարհ է։ Մենք պիտի խոնարհվենք ու հիշենք, որ նրանք զոհել են ամենաթանկը, որ հաջորդ սերունդները համապատասխանեն իրենց չափորոշիչներին։
- Միայն այն դեպքում, երբ հակառակորդի օկուպացիոն բանակը կանգնած է երկրի ներսում, ու չկա դիմադրություն, նա կարող է ստանալ ամեն ինչ։ Բայց մերն այդ տարբերակը չէ։ Նման օրինակ էր Ճապոնիայի օրինակը, որի Սահմանադրությունը գրվեց ԱՄՆ թելադրանքով։
- Մենք ի վիճակի ենք շատ կարճ ժամանակում վերականգնվել։
- Հայ ժողովրդի ամենաուժեղ խաղաքարտը Սփյուռքն է։ Առաջին հերթին Սփյուռքն է, որ հայոց պետությունը կարող է պահել ջրի մակերևույթին։ Իսկ Սփյուռքը հիմնականում առաջացել է Հայոց ցեղասպանության հետևանքով։ Աստված մի արասցե, եթե վերանա հայոց պետականությունը, 1-2 սերունդ հետո Սփյուռքը կվերանա։
- Ուկրաինան ամբողջ մի սերունդ զոհեց, բայց որևէ կերպ Եվրամիության անդամ չի դառնում։
- Երբ պետությունն անվտանգային մի կազմակերպությունից դուրս է գալիս, բայց մյուսի մեջ չի մտնում, դա մահացու է պետության համար։ Դու հայտնվում ես անկշռելիության վիճակում։ Որևէ տեղ նման բան չի եղել։ Ի՞նչ է նշանակում՝ չեզոք, արտադաշինքային երկիր։ Չեզոք երկրի ամենահայտնի օրինակը Շվեյցարիան է։ Ի՞նչ է, նա չեզո՞ք է։ Շվեյցարիան ռազմականացված, իր ներսում այլ երկրների ազդեցությունը կրող երկիր է։ Բա ինչո՞ւ ինքն իրեն դուրս բերեց չեզոքությունից ու մտավ ԵՄ։ Այն դեպքում, երբ Շվեյցարիան թշնամիներ չունի, իսկ մենք ունենք երկու թշնամիներ, որոնք համարում են, որ տեկտոնիկ փոփոխությունների Մեծ Թուրան ծրագիրը կարող է հաջողել միայն հայոց պետականության կորստի, Հայաստանի ոչնչացման պարագայում։ Այս պայմաններում մենք ինչո՞ւ ենք ուզում չեզոք երկիր դառնալ (ՀՀ գործող իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը և այլք, մերձիշխանական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ արտադաշինքային, չեզոք կարգավիճակով երկիր դառնալու գաղափարն են առաջ տանում,- հեղ.)։
- Պատկերացնենք՝ ամերիկյան ամենախոշոր Black Water մասնավոր ընկերությունը պաշտպանում է մեր անվտանգությունը ու ամենաշատը կարողացել է մոբիլիզացնել 20 000 մարդ։ Այդքանը բավարա՞ր է Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար։ Չի բացառվում՝ սեփական անվտանգությունն ուրիշներին պատվիրակելու գաղափարը գալիս է մեր թշնամիներից ու նրանց ֆինանսավորմամբ։ Հայաստանի պետականությունը ոչնչացնելու համար մեր թշնամիները կարող են ծախսել տրիլիոն դոլար։ Բայց մենք պիտի հասկանանք՝ բոլորս գտնվում ենք «Հայաստան» նավի մեջ ու պիտի միասին դուրս գանք օվկիանոսի ալեկոծությունից։ Կա՛մ մենք միասնական թիմի կվերածվենք ու կունենանք ձեռքբերումներ, կա՛մ կվերանանք։
- Տարածված խոսք կա՝ «հայերը չեն կարող միասնական լինել»։ Հավատացնում եմ Ձեզ՝ ոչ մի ազգ միասնական չէ։
- «Բաստիոնը»՝ որպես զենք, իրենից մի բան չի ներկայացնում, բայց մինչև դրանց՝ Հայաստան հասնելը ֆրանսիական մամուլը հայտարարեց, որ այդ զենքն ուղարկվում է ռուսների դեմ։ Բա եթե դուք ձեր քաղաքական հարցերն եք լուծում, հայ ժողովրդին ինչի՞ եք ներքաշում։
- Այո՛, Ռուսաստանը թույլ է տվել կոպիտ սխալ։ Ռուսաստանը որոշեց Հարավային Կովկասում պահել կառավարելիության վիճակ։ Կուզեմ՝ կպահեմ Ադրբեջանին, կուզեմ՝ հայերին։ Վերջին պատերազմում պահեց Ադրբեջանին։ Սա կոպիտ սխալ էր, որովհետև հակառակ կողմը՝ որպես երկրորդ պոստուլատ, ուներ Ռուսաստանի դեմ պայքարելու նպատակի գերակայությունը։
- Երբ թռչում, նստում ես մեկի ծնկին, հետո՝ երկրորդի, երրորդի, մյուսի, ապա քեզ սպասվում է կոլեկտիվ բռնաբարություն։ Վերջ։
- Հնդկաստանի գլխին Մեծ Թուրանի իրողության դեպքում կախվելու է թուրանական ու պակիստանյան բանակի մահացու վտանգը։
- Մեր երկրի իշխանությունների այս գործողությունները կարող են շուռ գալ մեր դեմ՝ մեր երկրի, մեր ժողովրդի դեմ։ Վերջը հասնելու է նրան, որ մենք նորից դիմենք ՀԱՊԿ-ին, նրանք էլ մեզ ձեռք առնեն, ասեն՝ տառասխալներ կան դիմումի մեջ։
- Իրանն առ այսօր իր քաղաքականության մեջ դեռևս հաշվի է առնում Հայաստանի շահը՝ հասկանալով, որ այս տարածաշրջանում արմատներով ժողովուրդը հայերն են։
- Ամերիկյան հասարակության տարբեր շերտեր իրար դեմ են գնում, և լուրջ վերլուծաբանները, որոնք ամենևին էլ տագնապի շչակներ փչողներ չեն, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ են կանխատեսում։
- Ալեքսեյ Նավալնիի մահը Ռուսաստանին հաստատ ձեռնտու չէր։ Հասկանալի է՝ նրա մահը տարփողվելու է։ Նավալնիին սպանելու խնդիր չկար։
- Ռուսաստանը կունենա հայ ժողովրդի կարիքը, եթե հայ ժողովուրդը կարողանա ներկայանալի դառնալ։
- Թուրքիան հիմա տնտեսապես ծանրագույն իրավիճակում է գտնվում։ Թուրքական լիրայի փոխարժեքն աննկարագրելի ընկել է։ Թուրքիան դեռ պետք է կարողանա վերացնել երկրաշարժի հետևանքներն իր երկրում, մեկ միլիոն շենք է քանդվել։ Այս պայմաններում Թուրքիան չի կարող մտնել ծանր պատերազմի մեջ։
- Արցախի տարածքը Հարավային Կովկասի գլխավոր ստրատեգիական բարձունքն է։ Այստեղ գտնվող ուժը միշտ վերահսկելու է նրանից հարավ ընկած իրավիճակը։ Եվ այս պայմաններում Ռուսաստանը երբեք չի հեռանալու Արցախից։
- Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կորն անընդհատ իջնում է։ Նրա վարկանիշն անընդհատ ընկնում է: Ընտրությունից ընտրություն այն չի բարձրանալու, ու Փաշինյանը գիտի, որ կորցնում է իր ազդեցությունը հասարակության վրա։ Հետևաբար՝ նա պետք է հիմա մտածի՝ ինչ անի, որ հանգիստ հեռանա:
- Հայ Առաքելական եկեղեցին ավելի մեծ է, քան Հայաստանը։ Սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Միաբևեռ է։ Մեզ այսօր օդ ու ջրի պես պետք է այս համակարգը, որի գլխին, ցավոք, այսօր հարված են իջեցրել։ Հազարամյակներով եկած համակարգը քանդելու դեպքում դու քանդում ես քո արժեքային համակարգը։ Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ իշխանություններն այսօր տորպեդահարում են մեր եկեղեցին մեր ներսում։ Նպատակը մեր պատմությունը վերացնելն է։ Սա մտածված ծրագիր է։ Հիշեք՝ հավատ չունեցող մարդը չունի ծանրության կենտրոն։ Մեր նախնիներն ասում էին՝ «Խղճիդ հետ խաղաղ ապրես»։ Մենք պետք է քաղաքացիական դիրքորոշում դրսևորենք, որ ցույց տանք՝ երկրի ներսում Սահմանադրությամբ առանձին դիրք ունեցող Հայոց եկեղեցին չի կարող ընկնել սեփական պետության հարվածների տակ։ Անթույլատրելի է որևէ կերպ ցեխոտել Հայ Առաքելական եկեղեցին։
- Հայ հասարակության՝ շարունակական նևրոզից դուրս գալու միակ ճանապարհը միասնական Հայքի ստեղծումն է՝ հիշելով, որ մեր կոդը հայն է։
- Քաղաքական ուժերը պետք է սկսեն Սփյուռքի հետ աշխատանքը, որովհետև հատկապես Մերձավոր Սփյուռքից մեծ ալիք է գալու։
- Հայաստանն ունի արդարացի, գիտելիքներով օժտված լիդերի կարիք։