Բաժիններ՝

ԱՄՆ-ն հավասարապես աշխատել է Մոսկվայի և Կիևի հետ՝ հակամարտության ավարտի ծրագիրը կազմելու համար. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերքել է լրատվամիջոցներում հրապարակված այն հաղորդագրությունները, թե ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին ուղղված ամերիկյան ծրագիրը մեծ զիջումներ է պահանջում Ուկրաինայից և շատ բան չի պահանջում Ռուսաստանից։

Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում, որից հատված է տարածել Sky News-ը։ Լևիթը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփումներ է ունեցել ինչպես իր ուկրաինացի, այնպես էլ ռուս գործընկերոջ հետ։ ԱՄՆ վարչակազմի անդամները ևս վերջին շրջանում շփումներ են ունեցել երկու կողմերի հետ։ 

Քերոլայն Լևիթը հերքել է նաև այն պնդումները, որ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկները մշակել է Ռուսաստանի հետ միասին։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջին ամսվա ընթացքում «հանգիստ աշխատել են» խաղաղության ծրագրի վրա՝ հավասարապես համագործակցելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ հասկանալու, թե «ինչի են պատրաստ այս երկրները կայուն և տևական խաղաղության հասնելու համար»։  

«Սա լավ ծրագիր է թե՛ Ռուսաստանի, թե ՛Ուկրաինայի համար, և կարծում ենք, որ դա պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Եվ մենք ջանադրաբար աշխատում ենք այն իրագործելու համար», – նշել է նա։

Օրերս արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ իրենց աղբյուրներին հղումով գրել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքների տրամադրման դիմաց:

Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս