Փաշինյանին ուղղված Տոնոյանի մեսիջների հետքերով-2. Փաստացի կարելի՞ էր գտնվել պատերազմի մեջ՝ առանց դրա հայտարարման
Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ավելի քան 3 ժամ լսելուց հետո, այսօր նրա հարցաքննությունը շարունակվեց փակ ռեժիմով, հատկապես, երբ դեռ երեկ արդեն պայմանավորվել էին որոշ հարցերի քննարկումն անցկացնել փակ դռների հետևում և, բացի այդ, ինչպես Տոնոյանն ինքը հենց նիստի սկզբում հայտարարեց, հարց տվողները նույն անձինք էին, և ընդդիմությունը չէր մասնակցում:
168.am-ն անդրադարձել է Քննիչ հանձնաժողովում պաշտպանության նախարարի երեկվա հարցաքննության ընթացքում հնչեցրած ուշագրավ որոշ մտքերին: Եվ որքան էլ ընդհանուր պատկերում տպավորություն լինի, որ Դավիթ Տոնոյանը «մաքրեց» Նիկոլ Փաշինյանին, կամ առնվազն խնայեց, ամեն դեպքում, հանձնաժողովում ՔՊ-ականների ոչ պատահական հնչեցրած որոշ հարցերին նախկին նախարարի որոշ պատասխաններ, ակնհայտորեն, իշխանահաճո չէին:
Պաշտպանական մարտ վարելու համար ԶՈՒ պատրաստությունը բավարար էր՝ Արցախի անվտանգության ապահովման առումով
Քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը հարց էր ուղղել Տոնոյանին, թե ինչ վիճակում է ընդունել պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը:
Նախկին նախարարը նախ առաջարկել էր ճշգրտել՝ ինչ ասել է՝ ինչ վիճակում, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը պարզաբանել էր, թե նկատի ունի՝ որքանով էր բանակը պատրաստ պատերազմի ընթացքին՝ պահեստներից մինչև կառավարում:
Դավիթ Տոնոյանն արձագանքել էր՝ երբ ինքը 2018-ին ստանձնել է Պաշտպանության նախարարի պաշտոնը, ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինվորները:
«ԶՈւ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված, և խնդրում եմ շատ ուշադիր լինել այս հարցին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով: Իսկ այդ ապահովման խնդիրը դրված էր նաև ՀՀ զինված ուժերի վրա»,- շարունակել էր Տոնոյանը՝ հավելելով, որ սա իր գնահատականը չէ, այլ հաշվարկված, փաստարկված տեղեկություն, որ պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով զինված ուժերի պատրաստությունը բավարար էր:
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հակադարձել էր, թե տեխնիկական հագեցվածության առումով կրկին 1-2-ի կամ 3-ի՞ է եղել հարաբերակցությունը՝ նույնիսկ մինչև Թուրքիայի ակտիվորեն ներգրավվելը, երբ բաց աղբյուրներում նշվում էր, օրինակ, «Սմերչ» կայանքների հարաբերակցությունը, որոնք 6-ն ընդդեմ 40-ի էին, Տոնոյանը նշել էր. «Ես պատասխանեցի վիճակի վերաբերյալ։ Կործանիչների կամ ԶՈՒ ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է զրո Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել»։
Այսինքն, Տոնոյանը հերքեց իշխանական թեզը, թե նախկինների օրոք զինված ուժերը բավարար պատրաստվածություն չեն ունեցել անգամ պաշտպանություն իրականացնելու համար:
Տոնոյանը հերքեց փաշինյանական միֆը՝ ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտում այլ երկրներից սպառազինության ձեռքբերմանը
Այս տարվա մայիսին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ, ոչ թե առաջարկներ՝ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելո՞ւ: Իհարկե, այդ հնարավորությունները եղել են, բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելով: Ասվել է, որ՝ դուք, դե, ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»:
Օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն այս առնչությամբ նշել է՝ այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու հետ կապված սահմանափակումները շահարկում կանվանեի։
«Մենք ՀԱՊԿ անդամ էինք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ։ Մինչ այդ էլ մատակարարումներ են եղել այդ երկրներից և սպառազինություն ձեռք բերելու որևիցե սահմանափակում չի եղել, դա միֆ է։ ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում, ուրիշ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք, կային դժվարություններ, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց-կամաց: Դրանք փաստեր են, չկա այդպիսի բան»,- մանրամասնել է Տոնոյանը:
Այս պնդումը պաշտպանության նախկին նախարարն արել էր դեռ 2022 թվականի սեպտեմբերին՝ փաստաբանական խմբի միջոցով պատասխանելով լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել էր նաև արևմտյան երկրներից զենք գնելու հնարավորությանը:
«Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները:
Նշեմ նաև, որ զենքի և զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ»,- շեշտել էր Տոնոյանը:
Հրթիռներն անպիտան չեն եղել, իսկ Սու-25 ինքնաթիռների արդիականացման պայմանագիրը կյանքի չի կոչվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, իհարկե, ճիշտ է համարել «Սու-30»-ների ձեռքբերումը՝ համարելով այն ապագայի ձեռքբերում, և, որ դա ընդհանրապես մեր ԶՈՒ-ն upgrade արեց, այսինքն՝ բարձրացրեց մեր ԶՈՒ-ի մակարդակը:
Իր հարցաքննության ժամանակ պատասխանելով հարցին, թե 44-օրյա պատերազմի օրերին Սու-երն ինչո՞ւ մարտական թռիչքներ չիրականացրին, Տոնոյանը նշել է, որ 2020-ի նոյեմբերի սկզբին իրեն զեկուցել են, որ այդ կործանիչներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում է իրականացվել։
««Սու-30»-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինության հետ կապված, գոնե սկզբնական փուլի 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով, հագեցվածություն ունեինք նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են «անպիտան», «ժանգոտված» կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև «Սու-30»-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,- պնդել է Տոնոյանը:
Այսինքն, պաշտպանության նախկին նախարարը հերթական անգամ հերքել է իշխանական այն պնդումները, որ զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) մատակարարած հրթիռները («Ս-8 ԿՈՄ») եղել են անպիտան և չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից առաջ:
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «Սու-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։
Քննիչ հանձնաժողովի իշխանական անդամներին Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել էր «Սու-25»-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել էր «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
«Ստորագրվել է իմ տեղակալի կողմից, ես ներկա եմ գտնվել այդ ստորագրմանը: Այդ մոդեռնիզացումը պետք է լիներ 3 տարվա ընթացքում, և ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք հիմա գործընթացն ընթացքո՞ւմ է, թե՞ չէ: 3 տարվա մեջ մենք պետք է ունենայինք առաջընթաց այդ գործընթացում»,- ընդգծել է Տոնոյանը:
Այսինքն, Փաշինյանն անկարո՞ղ է եղել անգամ կնքված պայմանագիրը կյանքի կոչել: Չմոռանանք, որ Տոնոյանը պայմանավորվածություն էր ձեռք բերել 8-12 հատ «Սու-30», Հայաստանը գնեց միայն 4-ը: Սա ևս չունեցավ իր շարունակությունը:
Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իր անդրադարձներում Տոնոյանը չի անտեսել նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե 2018-2020թթ․ սպառազինության համար ծախսվել է շուրջ 600 մլրդ դրամ:
«Այն հպարտությունը, որով մենք նշում ենք 600 միլիարդի զենքի վերաբերյալ, մի ստվար մասը եկել է Հայաստան Դավիթ Գալստյանի կողմից: Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի սկսվելու ժամանակ չէ, որ մեր մատակարարման ուղիները եղել են զմռսված, բավական մեծ դժվարություններ եղել են նաև պատերազմական գործողություններին նախորդող շրջանում: Նա այն անձն էր, որն անհրաժեշտ էր։ Ես չգիտեի` դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու, ինքն ուներ կարողություններ և հմտություններ մատակարարումների կազմակերպման համար` ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Ինքը դա իրականացրել է»,- ասել է Տոնոյանը:
168.am-ը գրել էր, որ «Անվտանգություն» ենթաբաժնում ավիացիայի հետ կապված ընդամենը գրված է. «ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար»:
Նշվածը ՀՀ-ն ձեռք է բերել 2022 թվականի հունվարի վերջին:
168.am-ին հայտնի էր դարձել, որ Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով:
Պայմանագրով նախատեսված է եղել 4 ուղղաթիռի մատակարարում:
Նշենք, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երեկ նորից կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։
Հաշվի առնելով, որ Դավիթ Գալստյանն Ադրբեջանի «սև ցուցակում» է, կարո՞ղ ենք ենթադրել, որ նրա մեկուսացումը նաև թուրք-ադրբեջանական պահանջ է, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ զինումը խոչընդոտելու համատեքստում, եթե, իհարկե, նման համագործակցություն կա:
Նիկոլ Փաշինյանն արգելել էր ՊՎԾ ստուգումներ իրականացնել ՊՆ-ում. Տոնոյանը չանտեսեց այս թեման
Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր բանակում կոռուպցիա լինել-չլինելուն և իր պաշտպանության նախարար եղած ժամանակ ՊՎԾ ստուգումների խնդրին:
«2018-ից սկսած, երբ ստանձնել եմ ՊՆ պաշտոնը, անընդհատ եղել ենք իրավապահ մարմինների վերահսկողության տակ: Մեկ գործով 4 գերատեսչություն ստուգում էին իրականացնում՝ Դատախազություն, ՔԿ, և այլն: Ես պետք է ազնիվ լինեմ այդ հարցում և ասեմ, որ հետագայում հարգելի Սանասարյանը, ՊՎԾ-ն մտադրություն ունեին ներգրավվելու ստուգումներին, և տեխնիկական խնդիր առաջացավ: Ես խնդրեցի վարչապետին, ներկայացրեցի իրեն մեկ աղյուսակ, որտեղ մեկ գնման գործով, թե քանի կազմակերպություն… Եվ ասեցի՝ Գլխավոր դատախազին խնդրեք, որ գոնե համադրում իրականացնեն, տարբեր անվանումներով, տարբեր քրեական գործերով ստուգումներ են իրականացվում: Եվ խնդրեցի, որ եթե հնարավոր է, ՊՎԾ-ն միառժամանակ հետո մի հատ… Եվ դա շարունակվել է 2.5 տարի, մենք անընդհատ վերահսկողության տակ ենք եղել: Մենք անընդհատ սենյակներ ենք տրամադրել առանձին, որ փաստաթղթերը ստուգեն, և դա իրականացվում էր ամենօրյա կտրվածքով: Չեք ժխտի, որ էդ նախաձեռնությունը կար, բայց դուք ուղղակի այդ պահին չեկաք»,- դիմելով Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցող Դավիթ Սանասարյանին՝ ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ բոլոր գնումների մասին զեկուցվել է:
Այսինքն, Դավիթ Տոնոյանը փորձեց հասկացնել, որ բոլոր գնումների մասին, այդ թվում՝ անպիտան համարվող հրթիռների, Նիկոլ Փաշինյանն իմացել է:
Հիշեցնենք, որ դեռ 2 տարի առաջ 168.am-ը գրել էր, որ Տոնոյանին և մյուսներին չարաշահումներում մեղադրող Նիկոլ Փաշինյանն արգելել է ՊՎԾ ստուգումները ՊՆ-ում: Այս մասին ժամանակին ինքը՝ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն էր Ֆեյսբուքում հայտնել՝ Արթուր Սաքունցի գրառման տակ:
Իսկ երեկ Քննիչ հանձնաժողովում փորձագետ Դավիթ Սանասարյանը թույլ չէր տալիս, որ Դավիթ Տոնոյանն այս մասին խոսի: Ի դեպ, նախկին նախարարը շեշտեց, որ կոռուպցիան եղել է, կա և կլինի: Թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ի հունիսին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահեցրել էր՝ «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:
«Ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, սակայն կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտան երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը»:
2019-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել էր.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց, ես հայտարարեցի, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Ես ուզում եմ այսօր վերահաստատել դա և պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ՝ համակարգային կոռուպցիա ասելով: Իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Ուրախ եմ և հպարտ՝ արձանագրելու համար, որ, այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու»:
Վերոնշյալ հայտարարություններից հետո, ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների դեմ առաջադրած մեղադրանքներով ցույց տվեց, որ իր իշխանության օրոք, իր թիմակիցների շրջանում կոռուպցիա կա, որը շարունակվում և նոր չափերի է հասնում: Կրկնում ենք՝ այդ մասին հենց Փաշինյանն իր կատարած քայլերով վկայեց:
Չմոռանանք, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար առաջինը, ըստ էության, մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանին, որը, ինչպես նշեցի, երեկ ջանասիրաբար «փակում էր» Տոնոյանի բերանը, որ այս ՊՎԾ-ի ստուգումների թեմայով չխոսի:
Ո՞ւմ շնորհիվ Մեղրիում խաղաղապահներ չտեղակայվեցին՝ Տոնոյանի՞, թե՞ Փաշինյանի
Հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր.
«Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին, և դա էր պատճառը, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին իմ Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին: Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»:
Օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը խոսել էր նաև պատերազմի օրերին իրեն Սյունիք գործուղելու և դրա պատճառների մասին՝ հանձնաժողովին առաջարկելով այդ մասին հարցնել Փաշինյանին:
«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,- ասել է Տոնոյանը:
Այսինքն, միայն 2023-ին Փաշինյանի Քննիչ հանձնաժողովում քննարկումների արդյունքում է Տոնոյանը հասկացել Փաշինյանի՝ իրեն Սյունիք գործուղելու մտադրությունների մասին:
168.am-ը գրել էր Սյունիքի շուրջ պատերազմական և հետպատերազմական զարգացումների մասին, և, որ հոկտեմբերի 22-ից մի քանի օրով նա մեկնել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրեր, Սյունիք, Մեղրի, որին նախորդել է ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստը, երբ բոլորը միաձայն համաձայն են եղել պատերազմը կանգնեցնելուն: Դավիթ Տոնոյանը, հնարավոր է, այսպես ասած, ցանկացել է կտրվել բոլորից՝ եղել է բարկացած, լարված: Իհարկե, նիստի ընթացքում ավելի ուշ հնչեցրած հարցերին ի պատասխան՝ Տոնոյանն ասաց, որ այդ այցն արդյունավետ է եղել:
«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։
Պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈՒ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։
Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում»,- մանրամասնել է պաշտպանության նախկին նախարարը:
Կարո՞ղ ենք ասել, որ այդ ժամանակ ստեղծված իրադրությունը Տոնոյանը կարողացել է շտկել և չհանգեցնել խաղաղապահների տեղակայմանը:
Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ ինքն էլ Սյունիքում 2020-ի հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ համակարգել է ինքնապաշտպանական միջոցառումները:
«Իմ առջև դրված բոլոր խնդիրներն իրականացվել են ամբողջությամբ: Պատերազմի ժամանակ իրավիճակը եղել է բավականին լարված, առաջին խնդիրը տեղի ուժերի կազմակերպումն էր, կանոնակարգումը՝ սկսած զենքի հատկացումից՝ մինչև ղեկավարում և խնդիրների կատարում, ինչպես նաև՝ անհրաժեշտ էր ինժեներական աշխատանքներ կատարել բնագծերում, որոնք կարող էին պետք լինել մարտական գործողությունների ժամանակ: Պետք էր նաև նպաստել ԶՈւ գործողություններին, և երբ վերջին հատվածը հանձնեցի զինված ուժերին հոկտեմբերի 29-30-ին, և ես արդեն անցա Ռազմարդյունաբերական կոմիտեում իմ բուն խնդիրների կատարմանը»,- շարունակել էր նա:
168.am-ն անդրադարձել էր Սյունիքի շուրջ պատերազմական և հետպատերազմական զարգացումներին:
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ գրավել են Կուբաթլուն՝ Սանասարը:
Հոկտեմբերի 26-ին կայացած բրիֆինգի ընթացքում այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր Ալիևի հայտարարությունը և նշել, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին:
«Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ»,- շեշտել էր նա:
Հավելենք, որ հոկտեմբերի 26-ին հայտարարվել էր երրորդ հրադադարը, որը դարձյալ Ադրբեջանը խախտել էր:
Ի դեպ, Պաշտպանության նախարարությունից 168.am-ին հայտնել էին, որ Աննա Հակոբանի «Էռատո» ջոկատը «2020թ. հոկտեմբերի 25-ին հանդերձավորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տակ, և, որ ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում»:
Իսկ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում»:
Ի դեպ, Աշոտ Փաշինյանը, ըստ ՊՆ-ի, ևս եղել է Կուբաթլիում, իսկ նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում, իսկ թե կոնկրետ որ օրերին է եղել Կուբաթլիում, պաշտպանական գերատեսչությունից մեզ չհայտնեցին:
Ինչո՞ւ է Տոնոյանը նաև խաղաղ պայմաններում Փաշինյանին ուզում տեսնել գերագույն հրամանատարի դերում
Օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է՝ հրատապ է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում:
«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են։ Այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է։ Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն։ Ուստի, պետք է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»,- պարզաբանել է Տոնոյանը։
Հիշեցնենք, որ 2022-ի հունիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հոդված էր հրապարակել ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ մի քանի դիտարկում էր արել:
«Անհստակությունը պահպանվում է
Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:
Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։
Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում «համակարգում է», և արդյո՞ք նշված լիազորությունը իրականացվելու է և՛ պատերազմի չհայտարարման, և՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ:
Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը
Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը: Արդյո՞ք վերոհիշյալ իրավիճակը նույնական է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ և արդյո՞ք փաստացի կարելի է գտնվել պատերազմի մեջ՝ առանց դրա հայտարարման:
Հաջորդ խնդիրն այն է, որ անհասկանալի է՝ գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով՝ ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրաավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ:
Նոր «տիտղոսի» շնորհում ԳՇ պետին
Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը: Օրինակ՝ նախարարության պաշտպանական քաղաքականության, իրավաբանական, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կամ ֆինանսական վարչության համար, որն առնվազն կգնահատվեր քաղաքացիական վերահսկողության իրականացման կոպիտ խախտում, որն արդարացիորեն նկատվել է Արդարադատության նախարարության կողմից և շտկվել է՝ բացառություններ սահմանելով մի շարք օրենքներում, ինչով որ վերոհիշյալ փոփոխությունը դարձել է զուտ ԳՇ պետին՝ որպես անմիջական հրամանատար, նոր «տիտղոսի» շնորհում, որը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈՒ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փաստորեն ունենալու ենք պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ առանց ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորությունների:
Նախագծով առաջարկվող կարգավորումը՝ գլխավոր շտաբի պետի՝ ի պաշտոնե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին, որը ներկայացվում է որպես ղեկավարման ուղղահայացի բարելավում կամ ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացում, առնվազն պետք է իր արտահայտությունն ունենար նույն օրենքի 16-րդ հոդվածում (Զինված ուժերի ղեկավարումը), որը փոփոխության չի ենթարկվում: Դրանով իսկ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում, քանի որ այն հանդիսանում է վերադարձ մինչ 2008թ. գործող ժամանակաշրջանի համակարգին:
Անհրաժեշտ է Սահմանադրությամբ անցում կատարել
Եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա, կարծում եմ, այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի և պետության գլխին կարգել որպես գերագույն հրամանատար և չսահմանափակվել այդ լիազորությամբ միայն պատերազմի ժամանակաշրջանով, այլև խաղաղ ժամանակաշրջանով՝ հեռացնելով Սահմանադրությունից պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ենթարկեցումը գերագույն հրամանատարին»։
Այսինքն, Դավիթ Տոնոյանն առաջարկել է վարչապետին վերապահել գերագույն հրամանատարի լիազորությունները, թերևս, ոչ թե, որ բարձր է գնահատում այսօր այդ պաշտոնը զբաղեցնող անձի կարողությունները, այլ ելնում է Փաշինյանի ղեկավարած այսօրվա կառավարության իրականացրած վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունից:
Չմոռանանք, որ պատերազմից հետո Տոնոյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ընդունել էր, որ չի կարողացել հաղթահարել վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները:
Պատերազմի ժամանակ գործող «Պաշտպանության մասին» օրենքով «պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին, իսկ այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:
Այսինքն, որքան էլ Դավիթ Տոնոյանը ԱԺ Քննիչ հանձնաժողովում չցանկացավ իրեն ուղղված հարցին ի պատասխան գնահատել իր նախկին ղեկավար Փաշինյանին, նույնիսկ նշելով, որ վերադասի կողմից խոչընդոտներ, հատուկ հրամաններ չեն եղել պատերազմի օրերին: Թեև նրա խոսքում կային որոշ հակասություններ, նախ հայտարարում է, թե «մինչև ամսի (2020 թվականի նոյեմբերի.- Մ.Պ.) 20-ը որևիցե խնդիր չի եղել վարչապետի հետ։ Ամսի 20-ից հետո ցանկացած քայլի վերաբերյալ ես կարող եմ 100 հազարավոր արգումենտներ ներկայացնել»:
Ի դեպ, նոյեմբերի 20-ին Տոնոյանը հրաժարական էր տվել՝ ուղերձում նշելով. «Պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է… բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:
Առ այսօր հասկանալի չէ, թե ինչը, որ խնդրի պատճառով մթնոլորտը լիցքաթափման կարիք ուներ: