Բողոքի ակցիային գործուղված Արթուր Դավթյանի խղճուկ պերֆորմանսը

Երեկ Արցախի Հանրապետության շրջափակման 222-րդ օրն էր: Արցախի ամբողջական պաշարումից մեկ ամիս անց, երբ Արցախում արդեն սովահարության դեպքեր են գրանցվում, մարդիկ, այդ թվում՝ երեխաներ են մահանում, հղի կանայք ու տարեց մարդիկ թերսնումից ուշագնաց են լինում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է պայքարի «ծայրահեղ» միջոցի՝ նստացույցի, իսկ Երևանում կազմակերպում է բողոքի ակցիաներ՝ հանուն Արցախի փրկության, ընդդեմ բոլորի, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից, ովքեր Արցախի 120.000 հայ բնակչության այսօրվա աղետալի վիճակի միակ պատասխանատուներն են:

Հերթական բողոքի ակցիան երեկ կազմակերպվել էր Մյասնիկյանի արձանի մոտ: Ինչպես ՄԱԿ-ի գրասենյակի, օտարերկրյա դեսպանատների մոտ իրականացված ակցիաների ընթացքում, այնպես էլ երեկ կազմակերպիչները կամ հիմնական դերակատարներն էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը՝ ի դեմս, մասնավորապես, Երևանում գտնվող Արայիկ Հարությունյանի խորհրդականի, ներկայացուցչության այլ աշխատակիցների, մերձարայիկհարությունյանական շրջանակների:

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան զույգի՝ ժողովրդի միջից դժգոհության գոլորշին դուրս թողնելու նպատակով կազմակերպված բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր ազնիվ, Արցախի ճակատագրով մտահոգ մարդիկ, ովքեր վստահաբար չեն էլ պատկերացնում՝ ինչ ու ինչ նպատակով է տեղի ունենում: Հնարավոր է, հավաքի երևանյան կազմակերպիչները նույնպես չեն պատկերացնում՝ ինչ խաղի են մասնակցում, բայց դա այնքան էլ արժանահավատ չի թվում, երբ տեսնում ենք, թե միմյանց փոխլրացնելով՝ ինչպես են Նիկոլ Փաշինյանին մաքրում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարն ու Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը:

Ինչևէ, երեկվա բողոքի ակցիայի թագն ու պսակը նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությունն էր: Եկել էր իր մերձավորների հետ, որոնց թվում էր նաև սկանդալային կերպով վերջերս գլխավոր դատախազությունից հեռացած Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, ով, հիշեցնենք, նախկին իշխանությունների ներկայացուցիչներին վերաբերող աղմկահարույց գործերից շատերով պետական մեղադրող էր:

Կարդացեք նաև

Արթուր Դավթյանի հետ էր նաև Երևան քաղաքի նախկին դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

Երեսպաշտության ավելի ցցուն օրինակ, քան երեկ Արթուր Դավթյանի ներկայությունն էր ցուցարարների շարքերում, դժվար է պատկերացնել: Այս տեմպերով հաջորդ հանրահավաքին բողոքողների շարքերում «Արցախ», «Բացե՛ք կյանքի ճանապարհը» վանկարկելիս կարելի է տեսնել նաև Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին:

Եթե Արթուր Դավթյանի՝ մոտ 15 րոպեանոց շփումը լրագրողների հետ ընդհանրացնենք, ապա Արթուր Դավթյանն ակցիայի վայր էր «գործուղվել» բացառապես Նիկոլ Փաշինյանի վրայից վտանգը հեռացնելու և մի քանի անգամ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ասելու համար:

Այն Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման օրոք մեղադրանքներ առաջադրվեցին Արցախի հերոս, լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով մահացավ դատարանի դահլիճում՝ իր գործով հենց առաջին նիստին, ով, փրփուրը բերանին, պաշտպանում էր Արցախի հերոս, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, ում օրոք մեղադրանք առաջադրվեց, ու մինչև օրս դեռ քննվում է ՀՀ երրորդ նախագահ, Շուշիի ազատագրման օպերացիայի տակ իր ստորագրությունը դրած Սերժ Սարգսյանի վերաբերյալ շինծու քրեական գործը, ով հարյուրներով մեղադրանք էր առաջադրում ու կալանքի միջնորդություններ անում 44-օրյա խայտառակ, աղետալի պատերազմից հետո Արցախի փրկության համար պայքարի դուրս եկած ընդդիմադիրներին ազատազրկելու համար, ում օրոք ընթացակարգային խայտառակ խախտումներով, օրենքի կոպտագույն արհամարհմամբ՝ նախ լիազորություններից զրկվեց, ապա կալանավորվեց դատավոր Բորիս Բախշիյանը միայն այն բանի համար, որ չէր կալանավորել ընդդիմադիր գործիչներին, ով մինչ օրս պատերազմի մեղավոր ու դավաճան է փնտրում, երբ բոլոր հիմնավորումներով ու փաստաթղթավորված Նիկոլ Փաշինյանի մեղսակցությունը փաստող տրցակը տրվել էր նրան: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Արթուր Դավթյանն իր անփառունակ պաշտոնավարման անինքնասեր դրսևորումների մեկնարկը տվեց 2018թ. ապրիլին, երբ մի քանի օրվա տարբերությամբ նա նախ Ազգային ժողով (ԱԺ) մտավ Նիկոլ Փաշինյանին ու նրա երկու թիմակիցներին անձեռնմխելիությունից զրկելու, ապա այդ միջնորդությունը հետ վերցնելու համար: Ու սկսվեց դավթյանական երջանիկ կյանքը «պարոն վարչապետ» խոնարհման, Իջևանում Նիկոլ Փաշինյանի հետ նարդի խաղալով ու հընթացս իր գործողությունների վերաբերյալ հրահանգներ ստանալով:

«Մինչև պատերազմը նրա գործողությունները գուցե ներվեին, եթե պատերազմից հետո՝ հատկապես 2021 թվականին, ընդդիմության կազմակերպած ցույցերում, հանրահավաքներում համատարած ապօրինի քրեական հետապնդումներ, ձերբակալումներ, կալանավորումներ չիրականացվեին նրա դատավարական ղեկավարման ներքո, ցուցարարների նկատմամբ ակնհայտ, անհամաչափ բռնություններ կիրառող ոստիկաններն անպատիժ չմնային». այս մտայնությունն էր երեկ տիրում սոցիալական ցանցերի հայկական տիրույթում:

«Այստեղ եմ գտնվում՝ որպես ՀՀ պարզ քաղաքացի» կրկնող Արթուր Դավթյանը մոռանում է, որ ինքը երբեք ՀՀ պարզ քաղաքացի չի կարող դառնալ, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ իր՝ առնվազն լուռ համաձայնությամբ ոչ միայն չի կանգնել Արցախը հանձնելու Նիկոլ Փաշինյանի ճանապարհին, այլև ջանասիրաբար կատարել է նրա կամքը՝ ընդդիմադիրներին մեկուսացնելու մասով:

«Ինչ վերաբերում է այս իրավիճակի պատճառներին, ես չեմ կարծում, որ սա մեկ օրվա, մեկ գործողության կամ մեկ անգործության արդյունք է: Պատճառների մասին շատ կարելի է խոսել»,- Նիկոլ Փաշինյանի վրայից «թեման ցրելու» մեկնարկն այսպես տվեց Արթուր Դավթյանը: Հետո երկար խոսեց, ասաց, որ իր պատկերացմամբ՝ այսօր մեր խնդիրը քննադատական խոսք ասելը չպետք է լինի:

Պա՞րզ է… Ի դեպ, Արթուր Դավթյանին տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի էլ մտածում, որ Արցախի հանձնումը մեկ օրվա գործ էր: Բոլորը շատ լավ գիտեն, որ դա արվել է 5 տարվա ընթացքում, և ինքը 5 տարի ժամանակ ուներ դա թույլ չտալու, բայց հիմա եկել ու ասում էր. «Ребята, давайте жить дружно. Հանկարծ Նիկոլին բան չասեք»:

«Վստահորեն եմ ասում. որպես ՀՀ գլխավոր դատախազ՝ իմ գործառույթների ու լիազորությունների շրջանակում արել եմ ամենը, որպեսզի իրավական գործընթացները օբյեկտիվ և արդարացի լուծվեն»,- բոլորիս երեկ ձեռք առավ Արթուր Դավթյանը:

Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու 5 տարիներն անհետևանք չէր անցել Արթուր Դավթյանի համար. դերասանական վարպետության ու մանիպուլյացիայի արվեստին այլևս կատարելապես տիրապետող նախկին դատախազը կոնկրետ տրված հարցին՝ «Ես կարող էի կանգնեցնել պատերազմը, բայց մենք կունենայինք նույն արդյունքը, միայն թե առանց զոհերի»՝ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունն արդյո՞ք հանցակազմ չի պարունակում, պատասխանելու փոխարեն՝ առաջարկեց անդրադառնալ օրվա օրակարգին, չշեղվել օրակարգից, չփնտրել մեղավորներ:

Ինքը, իհարկե, իր օրակարգից չէր շեղվում. իրեն ասել էին՝ կգնաս, «կցրես», չթողնես Նիկոլին բան ասեն, ու ինքը դա փայլուն արեց՝ հատկապես Նիկոլ Փաշինյանին վերաբերող հարցերի ժամանակ թույլ չտալով լրագրողներին ավարտել հարցը:

Հետո այնքան վստահ զգաց իրեն, որ բարձր տոնով՝ որպես «ամենահայրենասեր ՀՀ պարզ քաղաքացի», լրագրողներին սկսեց մեղադրել, որ լավ չեն անում իրենց գործը, ու ՀՀ հեռավոր մարզերում ու աշխարհում Արցախի խնդրից տեղյակ չեն: Ու սա ասում էր այն գլխավոր դատախազը, ով իր պաշտոնավարման ավարտից 2 ամիս առաջ Փաշինյանից գործիքակազմ էր խնդրում ինտերնետային կայքէջերի դեմ պայքարի համար:

Թերևս այսքանը: Արթուր Դավթյանի հոգեցունց զեղումներին՝ Արցախին ծառայելու և Արցախի համար մտահոգ լինելու մասին, չենք անդրադառնում. մեկ բառով՝ ծիծաղելի էր:

Ուրախացնում էր մի բան՝ «հայրենասեր Արթուր Դավթյան» կուտը որևէ մեկը չկերավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս