Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրե՞լ էր «հրթիռների գործի» մասին

2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.

«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:

Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե: Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում է նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով:

Հիշեցնենք, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել էր՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով:

Այսինքն, 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

168.amգրել էր, որ ծախսված միջոցների աննախադեպության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները կեղծ և մանիպուլյատիվ են: Ինչ վերաբերում է, այսպես ասած, զենքի մատակարարման վատ խողովակին, իսկ բանակին հիմնական զենք մատակարարողը նախկինների օրոք Դավիթ Գալստյանն էր (Պատրոն Դավիթ), նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակեց օգտվել նրա ծառայություններից, նրա՝ Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ներից, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել էին և նոր կիրառվել, այլև, ըստ մամուլում շրջանառված հրապարակումների՝ 3. 5 մլն դոլարի անտոկոս վարկի պայմանագիր էր կնքվել ՊՆ-ի և Դավիթ Գալստյանի միջև, ինչն առանց Նիկոլ Փաշինյանի իմացության հնարավոր չէր:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը և ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ դրանից ամիսներ հետո ի հայտ եկավ հայտնի «հրթիռների գործը», որով ոչ միայն բանակին հիմնական զենք մատակարարող Դավիթ Գալստյանն է անցնում, այլև ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլք:

Կարող ենք ենթադրել, որ նախկիններից ժառանգած զենքի մատակարարման վատ խողովակը փոխարինելու կամ հեղափոխելու հնարավորություն էր բացվել:

Նշենք, որ 168.amգրել էր, որ պատերազմի օրերին Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել էր զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով  այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքում հայտնվել էին այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը, որոնք հրապարակել էինք:

Մասնավորապես, Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։

«1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։

Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն, և այլն:

2021-ի նոյեմբերի 17-ին էլ ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:

«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ էության, չնայած ինչ-ինչ փորձերին՝ Դավիթ Գալստյանին փոխարինող գտնել իշխանություններին չհաջողվեց: Ավելին, 168am-ի տեղեկություններով, Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով, որն այդ պահին հրթիռների գործով գտնվում էր կալանքի տակ:

Այս պահին նա ազատության մեջ է՝ 50 միլիոն գրավի դիմաց: Բացի այս, նա հատուցել է պատճառված ավելի քան 2,7 մլրդ դրամ վնասը:

Երկար ընդմիջումից հետո մայիսի 2-ին տեղի կունենա հրթիռների գործով հերթական դատական նիստը:

Իսկ թե արդյո՞ք իշխանությունները զենքի շուկայի հետ կապված նոր հետաքրքրություններ առաջ կբերեն, ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։ Նախագծի համահեղինակներից է ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Այստեղ իր փորձագիտական կարծիքն է ասել Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ իր նկատմամբ մեղադրանքում Դավիթ Գալստյանը որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսել և միշտ նշել է, որ ինքը բիզնեսմեն է, ուստի իր դեմ քայլերը պետք է դիտարկել բիզնես շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս