Գիտնականները շշալցված ջրի մեջ հայտնաբերել են մարդկանց համար վտանգավոր մասնիկներ

Ջրի մեկ լիտրանոց շիշը պարունակում է մոտ 240,000 կտոր պլաստիկ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի հետազոտությունը։

«Նանոպլաստիկները ավելի մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար, քան միկրոպլաստիկները, քանի որ դրանց մասնիկները բավական փոքր են, որպեսզի ներթափանցեն մարդու բջիջները, ապա արյան մեջ և վնասեն օրգանները», – զգուշացնում է նյութի հեղինակը:

Բացի դրանից, նանոպլաստիկները կարող են ներթափանցել չծնված երեխաների օրգանիզմ, ասվում է հոդվածում։ Գիտնականները վաղուց էին կասկածում դրանց առկայությանը շշալցված ջրի մեջ, սակայն չունեին առանձին նանոմասնիկների նույնականացման տեխնոլոգիա, գրում է հրատարակությունը։

Հետազոտության հեղինակները հորինել են վերլուծության նոր մեթոդ, որի արդյունքներով պարզվել է, որ 25 լիտր ջուրը պարունակում է 110 000-370 000 մասնիկներ, որոնց 90%-ը նանոպլաստիկ է։ Միաժամանակ գիտնականները նշել են, որ որոշ մասնիկներ մնացել են անհայտ, այսինքն՝ պլաստիկի պարունակությունը կարող է էլ ավելի մեծ լինել։

«Նախկինում դա պարզապես մութ տարածք էր՝ չուսումնասիրված: Թունավորության ուսումնասիրությունը կապված էր միայն գուշակելու վրա, թե ինչ կա այնտեղ»,- ըստ shantnews-ի՝ ասում է հետազոտության համահեղինակ Բեյժան Յանը:

Bloomberg-ը նշում է, որ ամեն տարի աշխարհում արտադրվում է ավելի քան 450 միլիոն տոննա պլաստիկ, որի մեծ մասը հայտնվում է աղբավայրերում: Դրա մեծ մասը բնականաբար չի քայքայվում, բայց ժամանակի ընթացքում բաժանվում է փոքր ֆրակցիաների: Եվ թեև պլաստիկից աղտոտվածությունը ընդհանուր առմամբ սովորական է մոլորակի վրա, շշալցված ջուրն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում գիտնականների համար՝ մարդու մարմին մասնիկների ներթափանցման հնարավորության պատճառով, ասվում է հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս