«Ժողովուրդը կզարթնի, եթե տեսնի, որ առաջնորդները ոտքի են կանգնել». Աշտարակցին՝ ՀՀԿ-ի հետ հանդիպմանը

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ հանդիպումը մարդաշատ էր: Հարցերն էլ՝ երկրի համար կարևորագույն ու օրակարգային խնդիրների մասին: ՌԴ. ի՞նչ է արվում այդ երկրի հետ վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքական վեկտոր փոխվի, մենք գնանք դեպի Արևմուտք: Իսկ Արևմուտքը մենք տեսել ենք, թե ինչ գործելաոճ են ցուցաբերել և՛ 1918-1920 թվականներին, թե՛ մյուս ժամանակներում: Իմ կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Արցախի այս վիճակն էլ հենց այս քաղաքականությունից է կախված: Չկարողացանք ճիշտ քաղաքականություն վարել, դրա համար էլ այս օրին ենք»,- ասաց հանդիպման մասնակից աշտարակցիներից մեկը:

Արձագանքելով՝ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ իրենց քաղաքական ուժը հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է, առ այսօր էլ ունի գործող հուշագիր՝ Ռուսաստանի Единая Россия կուսակցության հետ: ՌԴ-ի հետ հարաբերությունների կարևորության գիտակցման վկայությունն էլ, ըստ նրա, 1995 թվականին ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումը, տնտեսական գործակցությունն ու բարեկամության պայմանագիրն են:

«Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում մենք ունեցանք շատ լուրջ ձեռքբերումներ հայ-ռուսական հարաբերություններում: Առաջինը Ռուսական ռազմաբազայի տեղակայումը մինչև 2044 թվականը երկարաձգելն էր: Երկրորդ քայլը Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելն էր՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանի որոշումով: Երրորդ քայլը 2015 թվականին ՀԱՊԿ-ի ռազմավարության ընդունումն էր: Ֆիքսում ենք մի բան, որ հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունները մեզ համար առաջնային են»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ:

Կարդացեք նաև

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ դաշնակիցներին պետք է ընտրել՝ առաջնորդվելով նախկին փորձով ու նրանով, թե որքանով են այդ հարաբերությունները ձեռնտու մեզ: Իսկ ներկա իշխանությունների գործողություններն ուղիղ սպառնալիք են հայոց պետականությանը:

«Այսօր մենք 165 դոլարով սպառում ենք գազ: Գազի իրական արժեքը 650-700 դոլար է: Պատկերացնո՞ւմ եք, եթե գազը 4 անգամ թանկանա, ապա թանկանալու է նաև լույսը, հացը… ամեն ինչն է թանկանալու: Մեր ապրանքների մեծ մասը գալիս է Լարսից: Լարսը որ երկու ամիս փակվի, մենք ի՞նչ ենք անելու: Մարդիկ չեն հասկանում: Գյուղատնտեսական ապրանքները, որ արտադրում ենք, խաղողը, կոնյակը, եթե չկարողանա արտադրել ու տանել ռուսական շուկա, հայկական կոնյակը Ֆրանսիայում ծախելո՞ւ են: Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին. Այսօրվա իշխանությունն ասում է՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց: Այդ ո՞նց է՝ այն ժամանակ օգնում էր, գնահատական էր տալիս ադրբեջանական գործողություններին, հիմա՝ ոչ: Ուրեմն դու ես մեղավոր:

Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իր նախարարության շրջանում միայն 1500 ամենամեծ ինքնաթիռներով ձրի զենք է եկել Երևան: Հայաստանը միակ երկիրն է եղել, բացի Ռուսաստանից, որ ունեցել է Իսկանդեր: Իսկ այսօր թշնամացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մենք դեպի ո՞ւր ենք գնում: Տարածաշրջանում կա երկու բանակ՝ ռուսական և թուրքական: Կա՛մ ռուսական բանակի դաշնակիցը պետք է լինենք, կա՛մ թուրքականի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Արդյո՞ք իսկապես ներկա իշխանություններին ՀՀԿ-ն է բերել: Օդում կախված ու մշտական դարձած այս հարցը հետաքրքրում էր նաև աշտարակցիներին:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը սա մեծ մոլորություն անվանեց՝ համոզմունք հայտնելով, որ այդ թեզերը տարածում են հենց իշխանական ուժերը՝ հասկանալով, որ միայն ՀՀԿ-ն կարող է հակակշիռ լինել իրենց: Իշխանությունից իրենց հեռանալու որոշումն էլ, նրա խոսքով, կայացվել է ՀՀ-ն արտաքին ճնշումներից զերծ պահելու համար:

«Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտով պայմանավորված և իր կողմից որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակել համաձայնելն ուներ բացառապես մեկ նպատակ՝ Արցախյան հարցի լուծում: Ինքն այն մարդն էր, որ պատրաստ էր կրակն իր վրա վերցնել, գնալ ու վարչապետի կարգավիճակում լուծել՝ իր պատկերացրած ու բազմաթիվ անգամ բարձրացրած փոխզիջումային տարբերակով: Դա, իհարկե, որևէ առնչություն և համեմատություն անգամ չուներ այսօրվա ողբերգական իրավիճակի հետ: Այդ դեպքում մենք ստանում էինք ժամանակավոր կարգավիճակ, Արցախ՝ 5 շրջաններով, գումարած Քարվաճառ և Բերձոր: Ստանում էինք պայմանագրով երաշխիք, որ Ադրբեջանն իրեն փոխանցված 5 շրջաններում առաջիկա 10 տարիներին ռազմական որևէ միավոր, բացի ոստիկանական ուժերից, չէր տեղակայելու:

Այնտեղ լինում էր խաղաղապահ զորախումբ, որից համապատասխան հեռավորությամբ լինում էին հայկական մարտական դիրքեր: ԵԱՀԿ-ում ստեղծվելու էր հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու էր Արցախի կարգավիճակի ու ռեֆերենդումի կազմակերպման հարցերով: Այսինքն, դա բոլոր իմաստներով հայանպաստ էր: Պատահական չէր, որ Ալիևն ասում էր, որ իր վրա կա միջազգային ճնշում՝ ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը:

Հանրապետական կուսակցությունը, մեր լեզվով ասած, ռիսկ արեց ու մտավ ընտրության՝ «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝ եթե մտահոգ ես Արցախով… Հայաստանի անվտանգությամբ… ավանդական արժեքների համակարգի պահպանմամբ… ԶՈՒ-ով և այլն: Հանրապետականը մինչև այսօր էլ պայքարում ու կռիվ է տալիս, որպեսզի կարողանա ապահովել զսպումների ու հավասարակշռությունների մեխանիզմը: Մեր ժողովուրդն ուզում է մեզ մեղադրել՝ ասելով, թե՝ ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունը տվեցիք: Բայց այն ժամանակ ասում էին՝ «3 միլիոնն՝ ընդդեմ 55 դավաճանների»: Այդ «55 դավաճաններն» արդյունքում ճիշտ դուրս եկան, 3 միլիոնը կանգնեց ծանր փաստի առջև»,- արձանագրեց Արտակ Զաքարյանը:

Հիասթափվել պետք չէ, իսկ անցած փորձը պետք է մեծ դաս լինի՝ հետագայում սխալները չկրկնելու, կորցրած արժեքները վերականգնելու և Հայաստանի ուժային գործոնի վերականգնման համար»,- ասացին ՀՀԿ ԳՄ անդամները:

«Էդ կոմունիկացիաները, որ ասում են՝ բացում ենք «հայկական խաչմերուկ»… այս  հիմարությունները, որ սրանք դուրս են տալիս, ամենավտանգավոր բանն է: ՀՀ-ն իր պաշտոնական քաղաքականության մեջ պետք է ֆիքսի մի շատ կարևոր բան. Այո՛, կոմունիկացիաներ պետք են, բայց այդ կոմունիկացիաները մենք տեսնում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի միջոցով՝ Մոսկվա-Թեհրան առանցքի շուրջ: Այդ դեպքում մենք ունենում ենք լրացուցիչ միջոցներ՝ Հայաստանի դերը տարածաշրջանում նորից վերականգնելու:

Զուգահեռաբար վատանում է Ադրբեջանի վիճակը: Ադրբեջանը պետք է վճարի իր «հաղթանակի» համար, քանի որ ինքն էլ գիտի, որ չի հաղթել: Ինքը երբեք ու երբեք չէր կարող ինքնուրույն հաղթել Հայաստանի ու Արցախի ԶՈՒ-երին, եթե չլիներ Պակիստանի ուղիղ աջակցությունը, Սիրիայից բերված իսլամական ջիհադիստները, եթե չլիներ Ուկրաինան, Եվրոպայի աչքակապությունը, եթե սրանք չվատթարացնեին Ռուսաստանի հետ հարաբերությունները, և եթե իրոք այս կապիտուլյանտ փորձանքները չլինեին: Դա ասում եմ՝ որպես պաշտպանության նախկին փոխնախարար»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական գազն ու նավթը հավերժ չեն, այդ երկրում էլ ներքին խնդիրներ կան, Ադրբեջանն էլ պարտք է մնացել պատերազմում իրեն օգնելու համար, ինչը չի կարողանալու մինչև վերջ հատուցել: Այս իրավիճակից Հայաստանը կարող է օգտվել, եթե ունենա հայրենանվեր ու խելամիտ իշխանություն:

«Ազգային ուժերը պետք է ունենան ռեալ ազդեցություն քաղաքական որոշումների վրա: Այդ պարագայում դաշնակցային նոր հարաբերություններով, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ նոր ռազմավարական պայմանագրերով, ԱՄՆ-ԵՄ հետ կոնկրետ ծրագրային գործակցությամբ նոր ուղիներ կբացվեն: Նոր իրավիճակում ավելանում է Հնդկաստանի ու Չինաստանի ներգրավվածությունն այս տարածաշրջանում, որոնց պետք են կայուն գործընկերներ, ոչ թե ստախոս կապիտուլյանտներ: Նրանց պետք են երկարաժամկետ երաշխիքներ:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա մենք աշխարհին հանգիստ կարող ենք ասել, ու շատ պետություններ ուրախ կլինեն, եթե պաշտոնական Երևանը խոսի Արցախի ինքնորոշման իրավունքի խախտման ու ոտնահարման մասին: Աշխարհն այս կապիտուլյանտների թույլտվությամբ առաջնային պլան է դրել տարածքային ամբողջականությունը:

Հայաստանում պետք է իշխանություն, որը կասի, որ Ադրբեջանը ոտնահարել է մի ամբողջ ժողովրդի հատվածի ինքնորոշման իրավունք: Հետևաբար, լուծումը դուք առաջարկեք ու երաշխիքները դուք տվեք: Ռեալ երաշխիքների պարագայում հնարավորություն է ստեղծվում՝ արցախցիների վերադարձ իրենց բնակավայրեր, Իսկ Հայաստանի գործոնը դառնալու է ավելի ու ավելի կարևոր»,- համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը:

Հանդիպման մասնակիցները հարցրին նաև Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ, ճշմարիտ խոսք հնչեցնող այսօրվա քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի մասին:

Հայկ Մամիջանյանն ի պատասխան՝ ասաց, որ նրան բաց կթողնեն, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի:

«Բացի այն, որ Արմենը մեր կուսակցության փոխնախագահն է, կարևորագույն դերակատարում ունի կուսակցության գործունեության հարցում, շատերի համար ուսուցիչ է։ Ինքը նաև առաջինն էր, որ թղթով ու բարաթով բերեց ու ասաց, որ այս մարդն Արցախն Ադրբեջանի կազմում է բանակցում: Դա Նիկոլն իրեն չի ներել, այլ տարբերակ էլ չէր կարող լինել: Այդտեղ գործ չկա, հոդվածը դրած է փողի լվացում՝ ընդամենը վաղեմության ժամկետը երկարաձգելու համար: Արմեն Աշոտյանը ճանաչված է քաղբանտարկյալ՝ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի (ԵԺԿ) կողմից: Հարցումներով էլ Հայաստանում ամեն երկրորդ մարդը համարում է, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով Արցախի, այսպես կոչված, «լուծարման» թղթի ստորագրմանը՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզմունք հայտնեց. երբ Հայաստանը հզորանա ու Արցախն ազատագրի, այդ թղթի մասին անգամ չեն հիշի:

«Ընտրությունների հոտ ես էլ եմ զգում: Կարծում եմ, որ դա մեծագույն չարիք է, դա թույլ տալ չի կարելի: Սա փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա»,- վստահեցրեց  Հայկ Մամիջանյանը:

Իսկ ի՞նչն էր խանգարում, որ երկրի համար այս օրհասական պահին ընդդիմությունը կոնսոլիդացիա կազմի՝ հետաքրքրվեց հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը:

«Եթե ձեր մտքերն ու տրամադրությունները միտված են երկիրը փրկելուն, ներանձնական ու խմբակային շահերը մի կողմ պետք է դնեք: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է Օպերայի հրապարակ գան ո՛չ թե որպես դիտորդ, այլ պետք է բեռն իրենց վրա վերցնեն՝ կազմակերպեն ամեն բան: Համոզված եղեք, որ ամբողջ ժողովուրդը միանգամից կզարթնի: Ոչ թե մեկը եկավ խոսաց, գնաց, ասաց՝ գնացե՛ք, վաղը կգաք: Չկա էդպիսի բան: Ամեն մի օրն ու ժամը հետաձգելը նոր փորձանքների կարող է հասցնել»,- համոզմունք հայտնեց աշտարակցիներից մեկը:

ՀՀԿ ԳՄ անդամները հավաստիացրին, որ իրենք անում են առավելագույնը՝ այդ կոնսոլիդացիան կազմելու և պահելու համար: Այս համատեքստում Հայկ Մամիջանյանը հիշեցրեց «սև կարապ»-ի տեսության մասին:

«Պարտությունից հետո ինքն ասում է նշաձող իջեցնելու մասին: Իր կորտեժը 21-22 տարեկան հղի կնոջ է վրաերթի ենթարկում-սպանում, ու դա «սև կարապ» չէ՞: Մեր ժամանակ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ: Եղաններով կգային մեր հետևից»,- ասաց Մամիջանյանը:

Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ այստեղ, ՀՀԿ ԳՄ անդամների ու աշտարակցիների քննարկումը բավական երկար տևեց: Դրանք առաջիկայում ևս շարունակական են լինելու:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս