Անդրանիկ Քոչարյանի խոսքի տողատակերը և Քննիչ հանձնաժողովի քննության առարկա հռչակված ուղղություններից դուրս հարցաքննությունը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննելու են՝ որպես Արցախի ԱԱԾ նախկին տնօրենի:
«Լրատվամիջոցները գրում են, որ Սամվել Շահրամանյանը չի պաշտոնավարել այդ ժամանակ, բայց մոռանում են, որ նա մինչև 2020 թվականի մայիսի 29-ը եղել է Արցախի ԱԱԾ տնօրենը»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:
Նոյեմբերի 24-ին Քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահի մոտ 3 ժամ տևած հարցաքննությունից հետո ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել:
Նա ասել է, որ խոսակցությունը հիմնականում եղել է հետպատերազմյան իրողությունների շուրջ:
«44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ: Պատերազմից հետո էլ կան իրողություններ, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմին և այն իրողություններին, որոնց մենք ականատես եղանք նաև Արցախի հայաթափման ժամանակ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:
Ճշտող հարցին՝ քննարկվե՞լ են նոր իրողությունները, քանի որ շատ հարցեր կան հենց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումների վերաբերյալ, նա բացատրություն տվե՞լ է, իշխանական պատգամավորը հարցերին արձագանքել է. «Այո, բա 3 ժամ ի՞նչ էինք անում»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով, ինքը բավարարված է Արցախի նախագահի բացատրություններով:
«Ես ինչքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ, մենք, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այս երեք ժամվա ընթացքում սպառել ենք այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք»,- ասել է Քննիչ հանձնաժողովի նախագահը՝ լրագրողներին հիշեցնելով, որ Սամվել Շահրամանյանն Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում 2018 թվականի հունիսի 6-ից 2020 թվականի մայիսի 29-ն է եղել, և, որ միշտ բարձր պաշտոններ է զբաղեցրել:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է, որ Քննիչ հանձնաժողով չեն կանչելու 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն եղած Կամո Աղաջանյանին, թեպետ առաջին հերթին հենց նրան պիտի հրավիրեին, ինչի մասին 168.am-ը գրել էր դեռ հոկտեմբերի 29-ին: Ավելին, այս մասին գրավոր հարց էինք ուղարկել Անդրանիկ Քոչարյանին: Նա էլ իր օգնականի միջոցով մեր ուղիղ հարցին հստակ պատասխան չէր տվել, ինչն արեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրանիկ Քոչարյանին ուղղված մեր գրավոր հարցադրումների բովանդակությանը և դրանց նրա պատասխաններին դեռ կանդրադառնանք:
Վերադառնանք 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննության օրակարգին:
Նախ հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Իսկ փետրվարի 14-ին առաջին նիստն էր գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը:
Համապատասխան լիազորություններով օժտված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր Քննիչ հանձնաժողովի շրջանակում քննության առարկա հանդիսացող 7 ուղղություն`
– 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,
– Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,
– Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,
– Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,
– Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,
– Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,
– Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:
Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողովը կարող է և պետք է հարցաքննություններ իրականացներ նախապատերազմյան, բուն պատերազմական ժամանակահատվածին և իրադարձություններին առնչվող: Իսկ Արցախի նախագահի հարցաքննությունը և դրա հիմնական բովանդակությունը, համենայն դեպս Հանձնաժողովի նախագահի այսօր հրապարակած տեղեկությունները հաշվի առնելով, չի տեղավորվում նախապես հայտարարված քննության առարկա ուղղությունների և թեմաների մեջ:
Մյուս կողմից՝ նկատի ունենալով Անդրանիկ Քոչարյանի տողատակերով խոսելու սովորությունը, որի մասին այսօր նա հատուկ ակնարկեց լրագրողների հետ ճեպազրույցում, կարո՞ղ ենք ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանը կամա թե ակամա Արցախի դեմ վերջին ագրեսիան և հայաթափումը դիտարկում է 44-օրյա պատերազմում պարտության տրամաբանության մեջ կամ որպես դրա հետևանք:
Ընդ որում, Սամվել Շահրամանյանի հարցաքննության ժամանակ խոսք է եղել անգամ, թե ինչպես է նա ուղղաթիռով հասել Հայաստան, իսկ Արցախի նախկին նախագահները՝ ոչ, իհարկե, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին մանրամասներ չի հայտնել:
«Սպասեք քննիչ հանձնաժողովի եզրակացությանը»,- ընդգծել է նա:
Անդրանիկ Քոչարյանը կարծես շատ էր ուզում, որ լրագրողները հարցնեին, թե մինչև դեկտեմբերի 3-ը, այսինքն՝ մինչև հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտը, ովքեր են լինելու հաջորդ հրավիրյալները, և ինքն իր հուշած հարցին էլ պատասխանեց.
«Ջալալ Հարությունյանին սպասում եմ: Եթե մինչև ամսի 3-ը նման հնարավորություն ունենանք, Ջալալ Հարությունյանը պատրաստակամ է գալ: Բայց ամսի 27-ին, ենթադրում եմ, որ կունենանք հրավիրյալ, ամսի 29-ին կունենանք հրավիրյալ: Ամսի 29-ի հրավիրյալը, կարծում եմ, ձեզ բոլորիդ կհետաքրքրի: Ես գիտեմ, որ երկուշաբթի մեզ մոտ այցելելու ցանկություն ունի ՊԲ դիվիզիայի հրամանատարներից մեկը, որը շատ կարևոր է: Դա պետք է լինի Հադրութի դիվիզիայի հրամանատարը: Պետք է ասեմ, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղարն էլ ցանկություն ունի Քննիչ հանձնաժողով գալու՝ Սամվել Բաբայանը: Եվ Ջալալ Հարությունյանին մենք շատ կուզենայինք լսել»,- մանրամասնել է Անդրանիկ Քոչարյանը: Իսկ զեկույցը հաջորդ տարի արդեն կներկայացվի, և հնարավոր է՝ դրա արդյունքում քրեական գործեր հարուցվեն, հավելել է իշխանական պատգամավորը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Անդրանիկ Քոչարյանը մեզ ասել էր, որ Ջալալ Հարությունյանը հանձնաժողով կհրավիրվի, եթե նրա նկատմամբ քրեական գործը փակվի: Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրեթե նույն բանն էր ասել՝ «իրավական մի փոքր խնդիր կա, եթե դա լուծվում է», ապա Ջալալ Հարությունյանին կլսեն Քննիչ հանձնաժողովում:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա 168.am-ը գրել էր, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մշտապես կապի մեջ է եղել նրա հետ, երբ անգամ ՊԲ նախկին հրամանատարն Արցախում էր: Ավելին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության երկրորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Սամվել Բաբայանը հետևել է Տոնոյանի մասնակցությամբ առաջին նիստին և հրապարակային հարցաքննությանը, 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը ցանկացել է նույնիսկ բաց կապով հարցեր ուղղել, սակայն դա հնարավոր չի եղել:
Ի դեպ, հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվել էր նաև Սամվել Բաբայանը, որը շատ չանցած որոշում էր կայացրել չմասնակցել՝ ասելով, թե խաղի կանոններ են փոխվել: Ավելի ուշ նա մանրամասնել էր.
«Մինչև դա մենք պայմանավորվել էինք, ես ներկայացրել էի, որ նախարարությունում մի փոխնախարար լինի, որ ամբողջ փաստաթղթերը ներկայացնեն, որոնք մեզ՝ հանձնաժողովին, պետք են գալու: Սկզբում համաձայն են եղել, հետո, երբ եկել է ռեալ պրակտիկ փուլը, հրաժարվել են դրանից, թե մենք պիտի մեր ուզած ձևով անենք, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում չեմ մասնակցում: Այսքանը, հատուկ մեծ բան չի եղել: Այսինքն, արխիվային փաստաթղթեր՝ ինչ որոշումներ, հրամաններ են եղել, պիտի էդ թիմը լինի, որ ասեմ՝ քեզ վստահում եմ, դու պետք է վերցնես և կարողանաս էն թղթերը, որ պետք է, տաս: Եթե դուք ձեր ուզած մարդուն եք դնում և ձևակերպում՝ մեր մարդը, էդ դեպքում ես անելիք չունեմ էդտեղ: Սա է իրական պատճառը: Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:
Հիմա, երբ Սամվել Բաբայանը Երևանում է, Անդրանիկ Քոչարյանը նրա հետ շփվելու խոչընդոտներ չունի: Սակայն 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործեր կան հարուցված, և հնարավոր է, որ Սամվել Բաբայանի խոսքը Քննիչ հանձնաժողովում անհրաժեշտություն է, հատկապես, երբ հնարավոր է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի արդյունքում նոր քրեական գործեր հարուցվեն:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե 168.am-ը ցանկ է ուղարկել, թե ում պետք է կանչել Քննիչ հանձնաժողով, ինչին իր օգնականը պատասխանել է՝ Քննիչ հանձնաժողովի լսումներին հրավիրյալների հարցը քննարկվում է փակ նիստերի ընթացքում՝ ըստ ձեռք բերված տեղեկությունների և պաշտոնական փաստաթղթերի:
Իրականում 168.am-ը ոչ թե մարդկանց ցանկ է ուղարկել կամ առաջարկ արել, որի լիազորությունը չունի և դրանից երբեք դուրս չի գործում, այլ գրավոր հարցեր է ուղարկել՝ փորձելով պարզել՝ քննարկվո՞՞մ է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը, քանի որ դրա համար կան հիմքեր: Կամ ցանկություն եղե՞լ է հարցաքննելու նաև ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկատարելու մեղադրանքով անազատության մեջ է: Իսկ այս տարվա օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ինքն էլ էր առաջարկել լսել Արզումանյանին:
«Կարծում եմ, որ նրան անհրաժեշտություն կա լսելու, նույն ձևով կարելի է միջնորդել, ինչպես իմ դեպքում արվեց: Կրկնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, մասնավորապես փակ մասում: Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»,- շեշտել էր Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 6-ին Արզումանյանը հայտարարություն էր տարածել և նշել, որ որպես թիրախ է ընտրվել:
«Ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։
Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։
Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։
Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։
Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»,- իր հայտարարության մեջ նշել էր գեներալ Արզումանյանը:
Չմոռանանք, որ Շուշիի անկման մեղքը Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում տարբեր մարդկանց «գրպանն է գցել»՝ Արթուր Վանեցյան, Օնիկ Գասպարյան, Սեյրան Օհանյան և այլք: Մասնավորապես, 2021 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության համատեքստում 2 անգամ Քննիչ հանձնաժողով է կանչվել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որի շրջանակում նա անդրադարձել է նաև Շուշիի պաշտպանությանը, ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ևս Քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր Շուշիի անկմանը: Ամեն դեպքում, դեռ պետք է հասկանալ՝ որտե՞ղ են համընկնում Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի` Շուշիի վերաբերյալ ասածները, և որտեղ է ավարտվում Միքայել Արզումանյանի պատասխանատվության չափը, ինչի մասին մենք գրել ենք մի առիթով:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի ասած՝ «Հադրութի դիվիզիայի հրամանատարին և նրան Քննիչ հանձնաժողով հրավիրելու հանգամանքին, ապա դրան ևս առանձին կանդրադառնանք:
Փաստ է, որ իշխանությունները Քննիչ հանձնաժողովում ցանկանում են նաև տեսնել նրանց և շոշափել պատերազմական այն դրվագները, որոնք զուտ ռազմական տեսանկյունից կարևոր լինելուց բացի, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում իշխանությունների համար: Արդյոք կիմանա՞նք, թե ինչու ընկավ Հադրութը, արդյոք Շուշիի օպերացիան և անկումը չպե՞տք է տեսնել այլ՝ արված և չարված գործողությունների համատեքստում, քանի որ, ինչպես 168.am-ի հետ հարցազրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար»:
Սպասենք Քննիչ հանձնաժողովի վերջին հարցաքննություններին և հաջորդ տարի զեկույցի թույլատրելի մասի հրապարակմանը, եթե, իհարկե, այն չարժանանա Քառօրյա պատերազմի մասին Քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցի ճակատագրին ու պահվի չհրկիզվող պահարանում: