«Արմեն Աշոտյանը 2017թ. Բաքվից ամբողջ աշխարհին պատմում էր Ադրբեջանում հայատյացության մասին, իսկ այս անձինք գնալու են ուտեն-խմեն, գան». Արմինե Ադիբեկյան

Հայաստանի քաղհասարակության որոշ ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Բաքու են գնացել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։

«Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ այս այցի ընթացքում ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն նախատեսված չէ, թեև Հայաստանի քաղհասարակության անդամները նախապես նման ցանկություն էին հայտնել։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ այս անձանց Բաքու կատարած այցի օգտակարության գործակիցը զրո է, որևէ բան չպետք է սպասել այդ այցից։

Նա նաև վստահ է՝ Բաքվում այդ անձինք որևէ կերպ չեն բարձրաձայնելու Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների, պատանդների հարցը։

«Եթե երկրի առաջին դեմքի կողմից աշխարհի առաջատար ամբիոններից այդ հարցը չի բարձրաձայնվում, ինչ-որ անհասկանալի անձերից բաղկացած պատվիրակությունն ի՞նչ հարց պետք է բարձրացնի, իրենք այդքան ռիսկ ունե՞ն, իհարկե ոչ։

Այս մարդիկ պարզապես փորձում են կրկնօրինակել ժամանակին Շվիդկոյի կողմից կատարված նմանատիպ փոխադարձ այցերը։ Մոտ 10 տարի առաջ նման փորձեր եղել են, սակայն դրանք բացարձակապես որևէ արդյունքի չեն բերել։

Հիշեցնեմ, որ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներից զատ, Հայաստան էր այցելել նաև Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը, որը Հայաստան եկավ ու սկսեց երկար-բարակ խոսել խաղաղության, եղբայրության մասին։ Բայց երբ վերադարձավ Բաքու, սկսեց կեղտ լցնել Հայաստանի վրա։ Այս անձը հակահայկական առասպելների հեղինակներից կամ առնվազն դրա տարածողներից մեկն է, նա էր, որ պատմում էր, թե՝ «Արցախում հայերը քարերի վրա խաչքարեր էին դնում, թաղում հողի մեջ, որ հետո հայտարարեին, թե հողը հայկական է»»,- 168.am հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը։

Ըստ մեր զրուցակցի, այդ ժամանակ Հայաստան էր եկել նաև Փոլադ Բյուլբյուլօղլին, ով ադրբեջանցի ամենահայատյաց գործիչներից է, ՌԴ-ում երկար ժամանակ Ադրբեջանի դեսպանն էր։

«Հայաստան եկած այդ քաղհասարակությունը հետո Բաքվում պատմում էր, թե ինչ աղքատ են հայերը։ Մեկն էլ պատմում էր, թե՝ «հայ աղջիկներն իրենից սեր էին մուրում, քանի որ հայ տղամարդիկ նրանց սեր չեն կարողանում տալ»։ Կրկնում եմ՝ այս մարդիկ Երևան էին եկել խաղաղասիրական միսիայով։ Հիմա այս դառը փորձն են կրկնօրինակում՝ ելնելով ինչ-ինչ անհասկանալի նպատակներից, առավել ևս պետք է տեսնել, թե ովքեր են այդ պատվիրակության մեջ և ինչ հեղինակություն են վայելում հայկական հասարակության մեջ»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետը նաև շեշտեց՝ այս անձինք Բաքու են գնացել սպասարկելու ՀՀ իշխանության քարոզչությունը, չեն բարձրաձայնելու բուն հայկական, հայամետ դիրքորոշում, չեն խոսելու գերիների մասին։

«Իրենք ամբողջովին գործելու են «փաշինյանական» գաղափարախոսության ներքո։ Ասեմ ավելին՝ նրանք իրավունք չեն ունենալու զբոսնելու Բաքվում, շատ-շատ տանեն Բաքվում փակված հայկական նախկին եկեղեցի, որը հիմա գրադարան է կամ գրականության պահեստ։

Արմեն Աշոտյանն էր 2017 թվականին գնացել Բաքու և Բաքվի ամբիոններից ամբողջ աշխարհին պատմել Ադրբեջանում հայատյացության մասին։ Բոլորին բաժանել էր «Հայատյացությունն Ադրբեջանում» գրքերը։ Պատմել, թե ադրբեջանցի երեխաներն ինչ հայատյանց մթնոլորտում են դաստիարակվում։ Սա հասկանում ենք, երբ հայ պաշտոնյան գնում է թշնամի երկիր և հստակ ցույց է տալիս, թե այդ երկիրն իրենից ինչ է ներկայացնում։ Իսկ դրանք, գնալու են ուտեն-խմեն և վերադառնան»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստան էին եկել Ադրբեջանի, այսպես կոչված, քաղհասարակության անդամներ, նրանց մեջ էր նաև 2022 թվականի դեկտեմբերին Բերձորում ճանապարհ փակած Քամալա Մամեդովան, որ այն ժամանակ ներկայանում էր՝ որպես «էկոակտիվիստ»։

Տեսանյութեր

Լրահոս