Ջալալ Հարությունյանը Քննիչ հանձնաժողով կհրավիրվի, եթե այս ընթացքում նրա նկատմամբ քրեական գործը փակվի

168.am-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ 2023 թվականի մայիսի 3-ին երկրորդ անգամ 6 ամսով երկարաձգվել էր 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին է լրանում:

Իսկ հոկտեմբերի 28-ին մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ հետևյալ հարցադրումներով.

1. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվել է 2023 թ.-ի մայիսի 3-ին, այսինքն, այն լրանում է նոյեմբերի 3-ին: Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու, ինչը նաև օրենքի պահանջ է: Խնդրում ենք անդրադառնալ այս հարցին: Եվ նաև այն, թե ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին այս դեպքում ե՞րբ եք հրավիրելու հանձնաժողով:

3. Կա՞ն մարդիկ, որոնց ժամանակային առումով չեք կարողանալու կանչել, բայց հրավիրյալների ցուցակում են:

Կարդացեք նաև

3. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը ե՞րբ եք նախատեսում ավարտել, և այն ի՞նչ կերպ է հանրությանը ներկայացվելու, իհարկե, թույլատրելի սահմանում: Արդյոք չի՞ կրկնվի Ապրիլյան պատերազմին առնչվող զեկույցի պատմությունը, որն այդպես էլ հանրությանը չներկայացվեց:

Նոյեմբերի 2-ին Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ մեզ ուղարկված պատասխան գրության մեջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից նշել են.

«1. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը: Հետևաբար, օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն կավարտվեն սույն թվականի դեկտեմբերի 3-ին:

Ինչպես գիտեք ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ: Նա կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստին, եթե այս ընթացքում քրեական գործը փակվի»:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ «Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»:

Հավելենք, որ այս տարվա հունիսի 12-ին հայտնի էր դարձել, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել։

«Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է ՋՀ նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»,- 168.am-ին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից:
Հոկտեմբերի 21-ին մենք գրել էինք, որ ՔԿ-ն չի ստացել Ջալալ Հարությունյանի գործով՝ հայտնի հակահարվածի դրվագով ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը:

«Նշված վարույթով նշանակված ռազմագիտական հանձնաժողովային եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է»,- մեր հարցմանն ի պատասխան՝ նշել էին ՔԿ-ից:

Իսկ թե իշխանությունները կնախընտրեն փակե՞լ Ջալալ Հարությունյանի դեմ գործը, թե՞ նրա Քննիչ հանձնաժողով գնալը, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Ինչ վերաբերում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ուղարկված մեր մյուս հարցերին, ապա մեզ պատասխանել են, որ, այո, հրավիրյալների ցուցակում կան մարդիկ, որոնց ժամանակային առումով Քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրել չեն կարող:
Իսկ հարցին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը ե՞րբ եք նախատեսում ավարտել, և այն ի՞նչ կերպ է հանրությանը ներկայացվելու, իհարկե, թույլատրելի սահմաններում, և արդյոք չի՞ կրկնվի Ապրիլյան պատերազմին առնչվող զեկույցի պատմությունը, որն այդպես էլ հանրությանը չներկայացվեց, հանձնաժողովից մեզ հայտնել են, որ օրենքով սահմանված ժամկետներում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովը զեկույցը կներկայացնի ԱԺ նախագահին, որից հետո կորոշվի վերջինիս արդյունքները ԱԺ լիագումար նիստում ներկայացնելու կարգը: 

Տեսանյութեր

Լրահոս