Որտե՞ղ են համընկնում Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի` Շուշիի հետ կապված ասածները. որտե՞ղ է ավարտվում Միքայել Արզումանյանի պատասխանատվության չափը
Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հրապարակային ընթերցել է իր պաշտպանական ճառը, որի վրա երկար աշխատել է, թերևս, գուցե՝ ինչ-ինչ մարդկանց խորհրդատվական աջակցությամբ: Փաշինյանի ելույթում առանցքային դեր ուներ, ըստ էության, Շուշիի անկման թեման:
«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,– ԱԺ քննիչ հանձնաժողովում ընդգծել է Փաշինյանը:
Այնուհետև նա շարունակել է. «Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի: Եվ ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին,հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»:
Այս հայտարարությունից հետո երեկվանից քննարկումները հիմնականում ընթանում են այն տրամաբանության մեջ, թե նոյեմբերի 7-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին, բայց նոյեմբերի 9-ին դեռ Փաշինյանը գրառում էր կատարում, որ Շուշիում մարտերը շարունակվում են:
Բայց այստեղ կարևոր այլ հանգամանք կա: Օրինակ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքում Շուշիի պաշտպանությանը վերաբերող դրվագը, ըստ ՀՀ քննչական հաղորդագրության, ավարտվում է նոյեմբերի 7-ով:
«Նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ»,-մասնավորապես, նշվում է Միքայել Արզումանյանի մեղադրանքում:
Հիմա, երբ Փաշինյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին, բայց ինքը հրահանգել է հետ վերցնել քաղաքը, իրականացնել հակագործողություններ, արդյո՞ք Գլխավոր շտաբը հավանություն տվել է Փաշինյանի այդ քաղաքական որոշմանը, եթե՝ այո, ապա ի՞նչ հաշվարկների հիման վրա, ունեցե՞լ ենք բավարար ռեսուրսներ դրա համար, որ նման խնդիր է դրվել, ըստ էության, ՊԲ հրամանատարության առջև: Եթե անհրաժեշտ ռեսուրս, կարողություններ և մարդուժ ունեցել ենք, ապա ի՞նչ պատճառով է ձախողվել հակագրոհը, ո՞ւմ պատճառով:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 5-ին Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր
«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»:
Գուցե ոչ մի ուշացում էլ իրականում չի եղել, և ինչպես միշտ՝ գուցե սուտ է նաև Փաշինյանի երեկվա պնդումը, որ երբ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից, կառավարության շենքի վրա հարձակումից հետո վերադարձել է լիարժեք աշխատանքի, իմացել է, որ «մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»:
Մյուս կողմից, Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում «հարցաքննությունից» հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը եղել է փակ նիստում, և Շուշիի անկման վերաբերյալ նրա ասածները հակասության մեջ չեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հետ»: Հնարավոր է, որ սա վերաբերում է հատկապես նոյեմբերի 7-ից հետո Շուշին հետ վերցնելու գործողություններին, այսինքն, ԳՇ-ն այդ գաղափարին հավանություն տվել է, և դրանից բխող գործողություններ են եղել:
Իսկ այն, որ Փաշինյանը չկրկնեց 2021 թվականին Օնիկ Գասպարյանին ուղղված մեղադրանքը՝ զորքի ուշ տեղ հասնելու հետ կապված, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանին 2 անգամ լսած Անդրանիկ Քոչարյանն է հորդորել:
Իհարկե, Փաշինյանը դեռ հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում պետք է հարցուպատասխանի մասնակցի:
Իսկ մենք վերադառնանք նոյեմբերի 7-ի զարգացումներին և Շուշիի պաշտպանությանը:
168.am-ի հետ զրույցում դեռ 2021-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել էր.
«Նոյեմբերի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու»: Գուցե այս խնդրանքը Շուշին հետ ստանալու Փաշինյանի պահանջի շրջանակում էր, բայց մինչ օրս պարզ չէ՝ եղա՞ն այդ քննարկումները, ո՞ւմ հետ, ի՞նչ մակարդակով և ի՞նչ արդյունք տվեցին դրանք: Նշենք, որ նոյեմբերի 5-ին, լույս 6-ին հրամանատարական կետը հանվել էր բերդաքաղաքից:
Ի դեպ, ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը, որը պատերազմի օրերին եղել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի երրորդ դասակի հրամանատարը, «Հետքի» հետ զրույցում Շուշիի հետ կապված պատմել էր.
«Նոյեմբերի 5-ին ցերեկը՝ ժամը 5-ի կողմերը, հասանք ու տեղակայվեցինք Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի խաչմերուկում, էլեկտրացանցի մոտ և եղևնիների բլրի վրա: Մեր բանակի հատուկ նշանակության գումարտակի հետ պետք է պահեինք ճանապարհի աջ մասը և հարակից տարածքները: Երբ հասանք, Հադրութի հինգերորդ գումարտակը՝ վաշտի հրամանատար մայոր Գեղազնիկ Տոնոյանի գլխավորությամբ, Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի բարձունքն էր պահում, վաշտի մի խումբը դիրքերն էր պահում, մարտերն էր վարում, մի խումբն էլ՝ որպես պահեստուժ, վիրավորների, զինամթերքի վրա էր: Որտեղ որ մենք էինք դիրքավորվել, կարելի ա ասել, դիրքեր չկար ընդհանրապես, կային փորած դիրքանման ինչ-որ բաներ, քարերի, ծառերի, բլրի հետևում, ո՛չ թաքստոց, ո՛չ դիրք, ո՛չ կացարան, ոչ մի բան չկար, բաց երկնքի տակ, բաց դաշտում կռիվ էինք անում»:
Իսկ թե իրենցից բացի ուրիշ ի՞նչ ստորաբաժանումներ էին կռվում այդ մասում, ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանն ասել է.
«Նոյեմբերի 5-ին մի 800 հոգի դուրս է եկել էդ մասից, չի մասնակցել մարտական գործողություններին, մոտ էդքան էլ մնացել էր: Մեզ հետ եղել են Եղնիկներից երկու խումբ, բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը (սպեցնազ), Հադրութի հինգերորդ գումարտակը, Հայկազովից են եղել խմբեր, կամավորական ջոկատներից և ԱԻՆ-ից են եղել խմբեր ու խառը այլ զորամիավորումներից: Բոլորին չեմ կարող թվարկել, որովհետև ժամանակ չի եղել, որ բոլորի հետ ծանոթանանք»:
Այնուհետև Վրեժ Մանուկյանը շարունակել է.
«Նոյեմբերի 6-ից ճանապարհը երկու կողմից փակ էր, շրջափակման մեջ էինք, Շուշիի ճանապարհի գազալցակայանից չէին կարողանում մեր ուժերը գալ օգնության, ո՛չ սնունդ, ո՛չ ջուր, ո՛չ զինամթերք չէին կարողանում մատակարարել, միայն զրահապատ մեքենաներն էին կարողանում գալ վիրավորներ հանելու, մեկ էլ զինամթերք բերելու, բայց իրենց էլ էին խփում, մեր հատվածում վիրավորներ տեղափոխող ՀՄՄ-2 էին խփել: Նոյեմբերի 7-ին մեր տանկերն առաջ էին շարժվել, մեր դեսանտագրոհային խումբն էլ, հատուկ նշանակության ստորաբաժանման հետ առաջ գնացինք, էնտեղից զենք-զինամթերք, ուտելիք, ծխախոտ վերցրինք, ոչ մի բան չունեինք, չէին կարողանում ապահովել ո՛չ կապով, ո՛չ ջրով, ո՛չ սննդով: Նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, նորից հետ իջանք, որովհետև քանակապես շատ էր հակառակորդը, չկարողացանք պահել առաջխաղացումը: Նոյեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, կարելի է ասել՝ մեզ հետ ընդհանրապես կապ չկար, մեր հրամանատարությունը, մեր հարազատները մտածում էին՝ մենք էլ չկանք, կրակի ինտենսիվությունը էնքան մեծ էր, որ ամեն տասը րոպեն մեկ կամ զոհեր էին լինում, կամ վիրավորներ: Ոչ մի զրահապատ մեքենա էլ չէր կարողանում մոտենալ, մենակ Խոջալուի տանկային բրիգադից մի քանի արծիվ տղա իրանց բրիգադի հրամանատարի հետ գալիս էին՝ վիրավոր էին տանում ու զենք բերում:
Նոյեմբերի 8-ին Եղնիկների խմբից Թովմասն (հետմահու Արցախի հերոս) է վիրավորվում, ես և դասակիցս Վանուշ Պողոսյանը մոտենում ենք, դուրս ենք հանում ճանապարհի մոտ, դիպուկահարն էր ոտքից խփել, Սպեցնազից Դեդի հետ վիրակապեցինք, նստեցրինք շտապ օգնության մեքենա, ճանապարհին էդ մեքենան խփեցին»,- մանրամասնել է Վրեժ Մանուկյանը:
Ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը հարցազրույցում նաև նշել է, որ կապի խնդիր են ունեցել, և ոչ միայն.
«Չկար հրամաններ տվողը, չկար ղեկավարում, չկար կապ, չկար էդ ամենի վճռականությունը ու դրանից բխող հետևաքներով․չէին աշխատում ՀՕՊ համակարգերը, ՌԷՊ համալիրները, իսկ հակառակորդի կրակային միջոցներն էդ մասում մեզ վրա աշխատում էին ամեն րոպե։ Չորս կողմից էլ կրակ էր վարում՝ Քարին Տակից, Շուշի քաղաքից, Իսայի աղբյուրից, Կրկժանի ձորերից, նոյեմբերի 5-ի գիշերը լույս նոյեմբերի 6-ը հակառակորդը շրջապատել էր մեզ»:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմում զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանին նոյեմբերի 7-ին ուղարկել էին Շուշի, որտեղև զոհվել է:
Իսկ դեռ անցած տարի 168.am-ն առանձնացրել էր 2020 թվականի նոյեմբերի 7-ի ուշագրավ այլ իրադարձություններ ու հայտարարություններ:
Բնական է՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ մարտական գործողություններ են ընթանում Շուշիի մերձակայքում ու ճանապարհներին, մյուս կողմից էլ շեշտում՝ ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ: Իսկ նոյեմբերի 8-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում Հովհաննիսյանը պնդել էր՝ «վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»:
Արդեն պատերազմից հետո նույն Արծրուն Հովհաննիսյանը ակնարկել էր, որ ԳՇ-ն սխալ տեղեկություններ է հաղորդել իրեն:
«Ես մինչև վերջին օրը հավատում էի, որ Շուշիի շրջակայքում կա ընդամենը 200-300 թուրք, ռադիոխաղի միջոցով մեզ խաբել էին, որ թուրքերը Շուշիի շրջակայքում շրջափակման մեջ են և օգնություն են խնդրում իրենց հիմնական ուժերից, որովհետև հայերն իրենց կոտորում են։ Այդպիսի տեղեկություն էր պտտվում գլխավոր շտաբում, և դա հասնում էր ինձ, բայց պատերազմից հետո պարզվում է, որ լրիվ ուրիշ իրականություն էր»,– շեշտել էր նա:
Մինչդեռ 2020թ. նոյեմբերի 7-ին, դիտմամբ թե պատահմամբ, սխալ տեղեկություններ էին տարածում իշխանական այլ շրջանակներից:
Մասնավորապես,ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ֆեյսբուքյան գրառումը, ով, տրվելով ադրբեջանական ֆեյք լուրերին, կամ գուցե` դիտմամբ տարածում էր, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասն ներկայացրել էր
Այդ օրը նաև հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:
Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվ հերքել այս տեղեկությունը: Գուցե սա պատահականություն չէր, և նպատակ կար հանրության ուշադրությունը շեղել նոյեմբերի 7-ի անկումներից: Գուցե:
Իսկ մենք սպասենք հունիսի 27-ին ԱԺ Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանին: Տեսնենք՝ արդյո՞ք այս դեպքում էլ լայն հանրության համար փակ և գաղտնի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ցուցմունքների հետ հակասություններ չեն լինի: Մյուս կողմից, անկախ ամեն ինչից, ռազմական նախկին ղեկավարությունը թույլատրելի սահմանում պետք է հրապարակային կերպով պատասխանի իշխանության կողմից դաշտ նետված տեղեկություններին:
Ի դեպ, 168.am-ը հունիսի 12-ին հարցում էր ուղարկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որի միջոցով նաև փորձել ենք պարզել՝ հնարավո՞ր է՝ նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ինչ-որ ձևով լսեն քննիչ հանձնաժողովի շրջանակում: Մեր հարցումը դեռ անպատասխան է: