Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է Սիրիայի համար․ Թուրքիայի արտգործնախարար
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է Սիրիայի համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նոյեմբերի 19-ին Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը, վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ, այցելել է Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտի: Այցի ընթացքում վարչապետն այցելել է Իսրայելի պաշտպանության բանակի ֆորպոստ, դիտել տեղանքը, ապա քննարկել անվտանգության հարցեր:
«Իսրայելի ագրեսիվությունը տարածաշրջանում, նրա ծավալապաշտական և, մասնավորապես, Սիրիայի հարավում ապակայունացնող գործունեությունը սպառնալիք են ներկայացնում Սիրիայի համար», – ասել է Ֆիդանը:
Նա նշել է Սիրիայի տարածքում «մանր պետություններ» ստեղծելու Իսրայելի փորձերի մասին։
«Սիրիայի տարածքի մի մասը գտնվում է շրջափակման մեջ, և այդ շրջափակումը պետք է դադարեցվի», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարաայի՝ Վաշինգտոն կատարած այցից հետո Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը՝ հանուն տարածաշրջանային անվտանգության:
2024-ի վերջին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից և Ահմեդ ալ Շարաայի գլխավորած նոր վարչակազմի գալուց հետո իսրայելական բանակը գրավել է անվտանգության բուֆերային գոտի Սիրիայի հարավում գտնվող Գոլանի բարձունքներում և իրականացրել է մի շարք օդային գործողություններ՝ ոչնչացնելու Բաշար Ասադի նախկին բանակի մարտական ներուժը:

