Անդրանիկ Քոչարյանը խաղի կանոննե՞ր է փոխել, թե՞ Սամվել Բաբայանի խաղի կանոնները ձեռք չեն տվել. ինչու է հեռացել գեներալը

Անցած շաբաթ 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ Սամվել Բաբայանը որոշել է չմասնակցել 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որին, իր խոսքերով, մասնակցում էր ոչ թե՝ որպես փորձագետ, այլ՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ: Մենք մի քանի օր շարունակ փորձեցինք կապ հաստատել Բաբայանի հետ և պարզաբանում ստանալ՝ հեռախոսազանգի, հաղորդագրության միջոցով, սակայն մեր ջանքերն ապարդյուն անցան: Այդ ընթացքում քննիչ հանձնաժողովից, ԱԺ-ից նաև իրար հակասող տեղեկություններ ստացանք:

Ավելի ուշ պարզվեց, որ մեր սկզբնական տեղեկությունը ճիշտ էր, և Սամվել Բաբայանը, իսկապես, քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշում է կայացրել, ինչը հաստատել էր «Ազատության» հետ զրույցում:

«Պատճառներ կան, որ ես չեմ ուզում մասնակից լինել: Հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ, կգա օրը՝ կխոսեմ,- նշել է Բաբայանը, այնուհետ ավելացրել,- Կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին ունեն անուն խայտառակելու, ինձ չունեն»:

Թե կոնկրետ ի՞նչ խաղի կանոններ են փոխվել, ՊԲ նախկին հրամանատարն իրեն հարմար պահի, անշուշտ, կհրապարակայնացնի, իսկ մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել՝ ելնելով հենց Սամվել Բաբայանի ավելի վաղ արված հայտարարություններից:

Օրինակ, փետրվարին պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության քարտուղարի պարտականությունները կատարած Սամվել Բաբայանը լրատվամիջոցներին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության պայման է դրել՝ չի մասնակցի, եթե գլխավոր փաթեթի մասին ժողովուրդը տեղյակ չլինի։ Իհարկե, միաժամանակ ընդունում է՝ գաղտնի տեղեկությունները չպետք է բացահայտվեն։

Երկրորդ, Սամվել Բաբայանը լրագրողների հարցին, որ ինքը չունի պետական գաղտնիք համարվող տեղեկություններին ծանոթանալու իրավունք, պատասխանել էր՝ դրա համար իրավական լուծումներ կգտնվեն:

Ի՞նչ է ստացվում՝ իշխանությունները չե՞ն ցանկացել հետագայում հրապարակայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես դա տեսանք Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցի պարագայում, որն այդպես էլ գաղտնի մնաց լայն հանրությանը: Բնականաբար, խոսքը գաղտնիության տեսանկյունից թույլատրելի հատվածի մասին է:

Կամ՝ գուցե իշխանությունները չեն կարողացել իրավական լուծումնե՞ր գտնել Սամվել Բաբայանի «հագով», որ նա պետական գաղտնիքին տիրապետելու թույլտվություն ունենա:

Եվ վերջապես, գուցե չեն բավարարվել «կոմանդուշչիի» ինչ-ինչ ամբիցիաներ, այդ թվում՝ անձնական վրեժխնդրության համատեքստում, և սա բարկացրել է Բաբայանին, և նա որոշել է դադարեցնել իր մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Ի դեպ, Բաբայանը հանձնաժողովը համարում էր ի սկզբանե լեգիտիմ և սահմանադրական պահանջ, իսկ իրենց էլ՝ իսկական ընդդիմադիրներ՝ ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության և, թերևս, հակառակ ճամբարում գտնվող զինվորականների:

«Իրենք ընդդիմություն չեն, մասնակից են: Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել ռազմի դաշտում այս պատերազմի ընթացքում։ Այնպես որ՝ ընդդիմությունը մենք ենք, իրենք չեն: Իսկ հանձնաժողովը
շատ լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,- ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ նշել էր ՊԲ նախկին հրամանատարը:

Հետաքրքիր է՝ Արցախի հերոսը կարծիքը փոխե՞լ է այս մասով, կամ՝ ի՞նչ են անելու հանձնաժողովում՝ առանց Սամվել Բաբայանի ռազմական կարծիքի: Չէ՞ որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նման սցենար չէր նախատեսել և վստահ էր՝ Սամվել Բաբայանի «անկախ կարծիքը» շատ օգտակար և կարևոր է լինելու պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներում:

Տեսանյութեր

Լրահոս