«Եթե դուք ձեր ուզած մարդուն եք դնում և ձևակերպում, մեր մարդը, էդ դեպքում` ես, անելիք չունեմ էդտեղ». Սամվել Բաբայանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում չլինելու մասին

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպել է արցախցիներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նա խոսել է իր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշման պատճառների մասին:

Ավելի վաղ Սամվել Բաբայանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում միայն ասել էր՝ «կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեն պահում, չի ստացվում»:

«Մինչև դա մենք պայմանավորվել էինք, ես ներկայացրել էի, որ նախարարությունում մի փոխնախարար լինի, որ ամբողջ փաստաթղթերը ներկայացնեն, որոնք մեզ՝ հանձնաժողովին, պետք են գալու: Սկզբում համաձայն են եղել, հետո երբ եկել է ռեալ պրակտիկ փուլը, հրաժարվել են դրանից, թե մենք պիտի մեր ուզած ձևով անենք, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում չեմ մասնակցում: Այսքանը, հատուկ մեծ բան չի եղել: Այսինքն, արխիվային փաստաթղթեր՝ ինչ որոշումներ, հրամաններ են եղել, պիտի էդ թիմը լինի, որ ասեմ՝ քեզ վստահում եմ, դու պետք է վերցնես և կարողանաս էն թղթերը, որ պետք է, տաս: Եթե դուք ձեր ուզած մարդուն եք դնում և ձևակերպում՝ մեր մարդը, էդ դեպքում ես անելիք չունեմ էդտեղ: Սա է իրական պատճառը»,- հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում մանրամասնել է Սամվել Բաբայանը և հավելել. «Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:

Կարդացեք նաև

Հավելենք, որ փետրվարին պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության քարտուղարի պարտականությունները կատարած Սամվել Բաբայանը լրատվամիջոցներին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության պայման է դրել՝ չի մասնակցի, եթե գլխավոր փաթեթի մասին ժողովուրդը տեղյակ չլինի։ Իհարկե, միաժամանակ ընդունում է՝ գաղտնի տեղեկությունները չպետք է բացահայտվեն։

Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր նաև, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:

Մայիսին այս առնչությամբ մեր հերթական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին.

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համապատասխան հայտարարությունների վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ծավալուն քրեական գործով քննության առարկա դարձնելու համար: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գրավոր ցուցում է տրվել վարույթն իրականացնող մարմնին նշված հայտարարության հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ կոնկրետ և առարկայական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Մինչ օրս այլ նորություն չկա:

Իսկ Ազգային ժողովի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվելու են ևս 6 ամսով։

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ներկա պահին հանձնաժողովն ուսումնասիրում է ս.թ. հունիսի վերջին ՊՆ-ից ստացված՝ հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերի փաթեթը։

«Այն ներառում է շուրջ 3500 օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր` 10 000-ից ավելի էջ ծավալով, որը դեռ վերջնական չէ»,-նշել է նա՝ հավելելով, որ օրերս ստացել են առավել մեծ ծավալով իրենց հետաքրքրող փաստաթղթեր ՊՆ-ից, որոնք ուսումնասիրման փուլում են:

Այսինքն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ՊՆ-ից լրացուցիչ փաստաթղթեր ու տվյալներ պահանջելու անհրաժեշտություն է առաջանում:

Տեսանյութեր

Լրահոս