Պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը Փաշինյանի պարտականությունն էր. Սեյրան Օհանյան
Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում իր հրապարակային ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ՝ «2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 միլիարդ դրամ»:
Այսինքն, երկու տարում, ըստ նրա, իրականացրել են նախորդ իշխանությունների օրոք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին: Իսկ հունիսի 27-ին նույն հանձնաժողովում հարցուպատասխանին Փաշինյանը պնդել էր, որ նախկին իշխանությունների օրոք մշակված ռազմական գնումների պլանը չի փոխվել, այլ եղել են ինչ-որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել:
«Շատ է խոսվում այն մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել: Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է խնդիր, և դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»,- մասնավորապես, հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում շեշտել էր նա:
Հունիսի 28-ին, Փաշինյանի պնդումներին ի պատասխան՝ հայտարարություն էր տարածել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որտեղ նա նշել էր, որ չի հաջողվել իրականացնել ՀՀ ԶՈՒ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին:
«2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:
Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ»,- մասնավորապես, նշել էր ԳՇ նախկին պետը:
Իսկ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ավելի կարճ և կոնկրետ էր արտահայտվել՝ «բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»:
Եվ չնայած սրան, իշխանության ներկայացուցիչները, նախկին իշխանությունների հետ աշխատած և գործող իշխանության հետ համագործակցող փորձագետները շարունակում են գեներացնել պնդումներ, թե նախկին իշխանությունները հիմնականում սպառազինությունները նվեր են ստացել Ռուսաստանից և շատ ուշ են մտածել նոր և ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու մասին: Եվ սա այն դեպքում, երբ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի է՝ զենքի խնդիր, մեծ հաշվով, չի կարողանում լուծել, և շատ ուրախ կլիներ, եթե կարողանար նման նվերներ ստանալ ռազմավարական դաշնակցից:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
– Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման գործընթացը բավականին աշխատատար է, բարդ: Եվ քանի որ Հայաստանն այլ երկրների հետ, որոնցից մենք ձեռք ենք բերել սպառազինությունը, անմիջական տարածքային, սահմանային կապ չունի, տարանցիկ փոխադրման բավականին լուրջ խնդիրներ միշտ էլ ունեցել է: Բայց եթե վերադառնանք մեր բանակի ամբողջ ձեռքբերումներին, կտեսնենք, որ լուրջ քանակի սպառազինություն ձեռք ենք բերել ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության շրջանակում, և փոքր քանակությամբ ՀԱՊԿ անդամ մի քանի երկրից: Իսկ հրաձգային զենքեր, հանդերձանքի հետ կապված բաներ, տեսադիտարկման սարքավորումներ, որոշակի զինամթերք ձեռք ենք բերել այլ երկրներից, այդ թվում՝ եվրոպական:
– Իմ ղեկավարման ժամանակ մենք կազմել ենք ՍՌՏ զարգացման երկու պետական ծրագիր՝ 2011-2015 և 2016-2020 թվականների համար, որն իր մեջ պարունակել է մեր բյուջեի և ՀՆԱ-ի համապատասխան տոկոսը: Ամբողջ ընթացքում մենք փորձել ենք մեր ԶՈՒ սպառազինության բազան համալրել տարբեր տեսակի զինատեսակներով՝ հրաձգային զենք, հանդերձանք, զրահատեխնիկա (տանկ, հետևակի մարտական մեքենա), հրետանային միջոցներ, ՀՕՊ միջոցներ և այլն: Իմ ղեկավարման տարիներին մեծամասնությամբ ՌԴ-ից, բայցև այլ երկրներից մոտավորապես 1500 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք բերել, որոնց մեջ եղել է 168 տանկ, մոտ 200 հրետանային միջոց, մենք ունեցել ենք 3 հատ Ս-300 համակարգ, և իմ օրոք ևս 3-ը բերել ենք: Ս-300-ները նվեր ենք ստացել: Դա ճիշտ է՝ ՌԴ-ն է փոխանցել, բայց մենք այդ համակարգերը փոխանցել ենք հենց այնտեղ, մասնագետներ ենք պատրաստել, կարգի ենք բերել, կրակել, որից հետո բերել ենք Հայաստան: Ձեռք ենք բերել նաև ՀՕՊ այլ միջոցներ, հրթիռահրետանային սպառազինություն: Օրինակ, ձեռք ենք բերել «Սմերչ», «Տոչկա-Ու», «Իսկանդեր», որը ժամանակակից և առաջատար համակարգերից մեկն է:
– Բավականին մեծ է մեր սպառազինության բազան, որը մենք մարտական գործողությունների ժամանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումներից հետո, ավար ենք վերցրել Ադրբեջանից: Եվ մենք կարողացել ենք Ստեփանակերտում ստեղծել վերանորոգման բազա, որտեղ իրականացվել է լուրջ գործընթաց՝ մինչև իսկ զրահատեխնիկայի, տանկերի վերանորոգում: Այսինքն, այնպիսի աշխատանք, որը լուրջ գործարաններն են իրականացնում:
– Կառավարության ղեկավարը, երբ ինչ-որ փաստաթուղթ պիտի հաստատի՝ ՍՌՏ զարգացման ծրագիր, թեկուզ մասնագետ չլինի, պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել և նոր միայն հաստատել: Եվ ասել, թե՝ ինչ ներկայացրել են, ես հաստատել եմ, դա ընդունելի չէ: Եթե դու հաստատել ես, նշանակում է՝ որպես երկրի ղեկավար, որոշակի պատասխանատվություն ես կրում:
– Ես Հադրութի շրջանում պատրաստել եմ դիրք, այդ դիրքը ցույց եմ տվել մեր երկրի ղեկավարներին, երբ իրենք ասել են՝ այո, դիրքերն այսպիսին պիտի լինի, դրանից հետո նոր միայն համատարած բոլոր տեղերում մենք այդպես կառուցել ենք: Կամ՝ եթե ստեղծել ենք հատուկ նշանակության ստորաբաժանումներ, մարտավարության որևէ տեսակի վերաբերյալ փոքր կամ մեծ զորավարժություն է ցուցադրվել, և դրանից ելնելով միայն հիմնավորել, որ անհրաժեշտ է ստորաբաժանման համալրում, սպառազինությամբ և հանդերձանքով զինել տվյալ ստորաբաժանումը, աշխատավարձը բարձրացնել և այլն:
– Այն, որ այսօր ասում են, թե «Պաշտպանության մասին» օրենքը փոխեցին, որպեսզի ԳՇ-ն զերծ պահեն գնումների գործընթացից, այդպիսի բան չի եղել: ԳՇ-ն երբևիցե չի մասնակցել գնումներին, ԳՇ-ն տվել է պատվերը, որի համաձայն՝ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտն իրականացրել է գնումները և մատակարարումները: Այլ բան է, թե իրենց կառավարման օրոք ովքեր են քթները խոթել այդ գնումների գործընթացի մեջ:
– Երբ ԳՇ պետին դարձրեցին Պաշտպանության նախարարի տեղակալ, դրանով նախարարը, ըստ էության, դարձավ հրամանատարը՝ քաղաքացիական անձնավորություն, քաղաքական թիմի անդամ, որը չունի զինվորական մասնագիտություն: Եթե դուք չեք կարողանում ԳՇ պետին «ենթարկեցնել», և միայն դրա համար «Պաշտպանության մասին» օրենք եք փոխում, դա անընդունելի է: Ավելին, դրանով քաղաքականացվել է ԳՇ պետի պաշտոնը:
– 44-օրյա պատերազմի ժամանակ մեր բոլոր խնդիրներն առաջացել են ռազմավարական մասի ոչ ճիշտ կառավարման արդյունքում:
– ՊԲ-ն ունեցել է 283 կմ պաշտպանական գոտի, 2 տեղում հակառակորդը հարված է հասցրել հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջաբրայիլ, և հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ: Մարտակերտի ուղղությամբ հնարավորություն է ստեղծվել կանգնեցնել, որը տեղի օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների աշխատանքի արդյունքն է: Իսկ հարավային ուղղությամբ հակառակորդը ճեղքել է պաշտպանական գիծը: Եթե մեծ ճեղքում է տեղի ունենում, ապա Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի հրամանատարները մեղավոր չեն, որ այդ ճեղքումով հակառակորդը կարողացել է 52 կմ մինչև Շուշի հասնել, մինչև 70-100 կմ հասնել Մեղրի, Կապան, Գորիս, Սև լճի հատվածներ: Այդ հրամանատարները մեղավոր չեն: Մեղավոր են այն մարդիկ, որոնք պետք է ռազմական գործողությունների թատերաբեմը պատկերացնեին՝ տարածության, ընդհանուր ճակատի, խորության, ժամանակի, զորքերի դասավորության, հնարավոր վերախմբավորումների և զինված ուժերն անընդհատ համալրելու առումով:
– Եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կամ ԳՇ-ն, կամ Արցախի Հանրապետության նախագահը, բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲ-ն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Իսկ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր:
– Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար: