Ջալալ Հարությունյանին սպասում ենք հանձնաժողովում, Սամվել Բաբայանը ցանկանում է գալ. Անդրանիկ Քոչարյան
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցում էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ Արցախի նախագահի հետ 3 ժամ անկեղծ զրույց են ունեցել։
Մինչ այդ, հերթական անգամ իշխանական պատգամավորը պիտակավորեց որոշ լրատվամիջոցների` լրագրողներին կոչ անելով նախ իրենից հեռու տանել «կարմիր միկրոֆոնները», այնուհետև սկսեց հրահանգել, թե ով պետք է տա առաջին հարցը՝ նախապատվությունը տալով «Ազատություն» ռադիոկայանին։
«Գոնե ես իմ կողմից կարող եմ ասել, որ՝ այ, հիմա շատ լավ հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանն ինչու չէր ուզում, որպեսզի այս ամենը դառնար իրողություն, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով։ Շաբաթներ շարունակ խոսում էին մի բանի մասին, որ քննիչ հանձնաժողովի ժամկետը չկա, չէին խոսում հանձնաժողովի որակյալ զեկույց ունենալու մասին, որի պարտադրանքը կանոնակարգ օրենքի գաղափարի մեջ է դրված։
Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որն այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Հիմա կարող ենք ասել, որ Պաշտպանության հանձնաժողովն օժտված է նաև սահմանադրական լիազորություններով, սա ճիշտ որոշում է, որը թույլ է տալիս նման կարգի հարթակն օգտագործել, հասնել քաղաքական որոշակի իրողությունների արձանագրմանը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Սամվել Շահրամանյանին տրվել են հետպատերազմյան իրողությունների վերաբերյալ բոլոր հարցերը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո եղել են իրողություններ, որոնք առնչվում են հենց այդ պատերազմին, նաև այն իրողություններին, որոնք եղան Արցախի հայաթափման ժամանակ։
Հարցին՝ Արցախի նախագահը բացատրություններ տվե՞լ է, թե ինչո՞ւ է գնացել սեպտեմբերի 20-ի հրամանագրի ստորագրմանը, Անդրանիկ Քոչարյանը զարմացած պատասխանեց՝ «բա 3 ժամ ի՞նչ էինք անում»։
«Ես որքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ պատասխաններով, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այդ 3 ժամերի ընթացքում սպառել ենք հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք։ Պարոն Շահրամանյանը միշտ եղել է բարձր պաշտոններում, և Արցախի Հանրապետությունը փոքր երկիր է եղել, այնտեղ նաև Անվտանգության խորհրդի քարտուղարն է եղել, տիրապետում է շատ բաների։
Դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները կավարտվեն, ինչը նշանակում է, որ մենք դրանից հետո այլևս իրավասու չենք կանչելու, փաստաթղթեր ստանալու։ Այն, ինչ արեցինք, հսկայածավալ աշխատանք է, նյութեր են, ձայնագրություններ, տեսանյութեր։ Դրանք վերլուծելու համար մեզ աննկարագրելի ծավալի աշխատանք է սպասվելու»,- ընդգծեց Ա. Քոչարյանը։
Նա նաև շեշտեց՝ Սամվել Շահրամանյանից ստացել են Արցախը լուծարելու վերաբերյալ ստորագրած հրամանագրի մասին բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ համոզի՞չ էին այդ պատասխանները, թե՞ ոչ, ցույց կտա հանձնաժողովի եզրակացությունը։
«Նա նաև ասել է, թե ինչ հանգամանքներում է ստանձնել Արցախի նախագահի լիազորությունները։ Կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ, ով հրավիրված է եղել քննիչ հանձնաժողով, բոլորը եղել են մաքսիմալ անկեղծ, դրանով ես, օրինակ, ուրախանում եմ։
Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարին հանձնաժողով չենք հրավիրելու, իսկ Ջալալ Հարությունյանին սպասելու ենք, եթե մինչև դեկտեմբերի 3-ը ունենանք հնարավորություն, պարոն Հարությունյանը պատրաստակամ է գալ։
Ենթադրում եմ՝ նոյեմբերի 27-ին ունենալու ենք հրավիրյալ, ամսի 29-ին ևս, կարծում եմ՝ նա բոլորիդ կհետաքրքրի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը և ասաց, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ցանկություն է հայտնել մասնակցել հանձնաժողովի նիստին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում