Անդրանիկ Քոչարյանը մոռացել է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն եղած Կամո Աղաջանյանին

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին պաշտոնական գրություն է փոխանցվել, որպեսզի նա ներկայանա 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

«Լրատվամիջոցները գրում են, որ Սամվել Շահրամանյանը չի պաշտոնավարել այդ ժամանակ, բայց մոռանում են, որ նա մինչև 2020 թվականի մայիսի 29-ը եղել է Արցախի ԱԱԾ տնօրենը»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը:

Հավելենք, որ Սամվել Շահրամանյանն Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում 2018 թվականի հունիսի 6-ին գեներալ Արշավիր Ղարամյանին էր փոխարինել, իսկ 2020 թվականի մայիսի 29-ից էլ ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Սամվել Շահրամանյանին փոխարինել էր Կամո Աղաջանյանը, ով 44-օրյա պատերազմի ընթացքում, լինելով ԱԱԾ տնօրեն, շատ ակտիվ և հրապարակային շրջում էր առաջնագծում: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աղաջանյանն այցելել էր մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ ԱԱԾ փոխտնօրեն Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները:

Սրանից 2 օր հետո Նորայր Միրզոյանը զոհվում է նույն հատվածում՝ Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ, նաև 2020 թվականի նոյեմբերի 3-ին առաջնագծում ներկա Աղաջանյանի մեկ այլ տեղակալ՝ Արայիկ Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Ավելին, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն աշխատած Կամո Աղաջանյանի «բացած կամազի ճանապարհով է Հադրութից թշնամին հասել Շուշի»:

Հավելենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել.

«Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:
Ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանն արձագանքել էր՝ երևի, բա էլ ո՞ւմ:
Իսկ 2020 թվականի պատերազմից ավարտից գրեթե անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, Աղաջանյանն ազատվել էր ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
Բայց արի ու տես, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողովը Կամո Աղաջանյանին հարցեր չունի: Իսկ գուցե գրավո՞ր է ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները, ինչպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կամ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի դեպքում, քանի որ ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին՝ իսկ ՀՀ ԱԱԾ տնօրենին հրավիրելո՞ւ եք, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է.

«Ինչ-որ անհրաժեշտ է մեզ տեղեկատվության առումով, հիմնական մեզ հետաքրքրող տեղեկատվությունը մենք ստացել ենք, և կարևոր չէ՝ մարդկանց հրավիրե՞լ ենք, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ 2020թ. պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, մինչև հոկտեմբերի 8-ն Արգիշտի Քյարամյանը եղել է ԱԱԾ տնօրեն, այդ պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի հունիսի 8-ին, որից մեկ ամիս հետո սկսվել էին հուլիսյան մարտերը: Իսկ 44-օրյա պատերազմի 3-րդ օրն է նա մեկնել Արցախ, և այնտեղ է եղել անգամ պաշտոնազրկումից հետո:
2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ասել էր.

«Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում՝ որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորություններն Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում: Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրն ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Ւսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ, տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից: Իսկ արդեն ոչ որպես ԱԱԾ տնօրեն՝ նա եղել էր նաև Շուշիում:

Այս տարվա մարտին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ Շուշիի և հայտնի հակահարվածի օպերացիայի գործով իր հարցաքննվել-չհարցաքննվելու մասին տեղեկությունը Քյարամյանը համարել էր հրապարակման ոչ ենթակա:

Հավելենք, որ հայտնի հակահարձակման օպերացիայի դրվագով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն արդարացվել էր:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Միքայել Համբարձումյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Նրա այս պարտականությունները դադարեցվում են 2020 թվականի նոյեմբերի 8-ին և կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ օր առաջ, ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արմեն Աբազյանը։

168.amուսումնասիրել էր 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի ԱԱԾ-ներում կադրային փոփոխությունները՝ ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել:

Ինչ վերաբերում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին Քննիչ հանձնաժողով կանչելուն, ապա նոյեմբերի 2-ին Անդրանիկ Քոչարյանը մեզ ասել էր, որ Հարությունյանը հանձնաժողով կհրավիրվի, եթե նրա նկատմամբ քրեական գործը փակվի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում իշխանական պատգամավորը գրեթե նույն բանն է ասել՝ «իրավական մի փոքր խնդիր կա, եթե դա լուծվում է», ապա Ջալալ Հարությունյանին կլսեն Քննիչ հանձնաժողովում: Անդրանիկ Քոչարյանը, սակայն, չի գաղտնազերծել՝ ինչ իրավական խնդիր, գուցե քրեական գործի շրջանակում մյուս դրվագով՝ «Դ-20» դիվիզիոնի կորուստների հետ կապված էլ Ջալալ Հարությունյանն արդարացվի՞:

Ի դեպ, մենք մի քանի անգամ փորձել ենք Քննիչ հանձնաժողովից ճշտել՝ արդյոք ցանկություն եղե՞լ է լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որը գտնվում է անազատության մեջ, մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեջ, և այլն: Պատասխան չենք ստացել: Ըստ այդմ՝  նոյեմբերի 16-ին ևս մեկ հարցում ենք ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին՝ և՛ Միքայել Արզումանյանին, և՛ Արցախի ու ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեններին հարցաքննելու հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս