Թքած ունենալու նուրբ արվեստը… պետության վրա

Վերջին տարիներին Հայաստանում կազմաքանդված բազմաթիվ ինստիտուտների շարքում ամբողջությամբ ջախջախվել է նաև քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, որը հիմնարար նշանակություն ունի քաղաքական, բայց նաև հանրային-սոցիոմշակութային հարաբերություններում։ Քաղաքական պատասխանատվությունը քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ գործող իշխանության կողմից խոստացածի-իրականացրածի, հայտարարածի-կատարածի, լայն իմաստով, խոսքի ու գործի համապատասխանության/անհամապատասխանության համար հաշվետու լինելու երևույթն է։

Այդ առումով Հայաստանում հաստատվել է համատարած քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ, որից ամենաշատն օգտվում է իշխանությունը, բայց դա տարբեր առանձնահատկություններով տարածելի է նաև մյուս քաղաքական միավորների նկատմամբ։

Քաղաքական պատասխանատվության տոտալ բացակայության վերջին ու ամենացցուն օրինակը 2021թ․ խորհրդարանական ընտրություններն են։ Դրանց մասնակցելով՝ գործող իշխանությունը, ի թիվս բազմաթիվ լոզունգների, խոստացել է նաև Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրացում Արցախի համար։ Սա ոչ թե շարքային, հերթական խոստում է, այլ իր նշանակությամբ առանցքային հիմնախնդիր, որի՝ հենց այդ տարբերակով լուծման համար էլ ընտրողները ձայն են տվել պատերազմում պարտված իշխանությանը։ Վերջինս, սակայն, անցած ավելի քան երկու տարիներին կատարել է դրա ճիշտ հակառակը, ոչ միայն Շուշին ու Հադրութը դեօկուպացված չեն, այլ հայկական Արցախ այլևս գոյություն չունի։ Ընդ որում, կոնկրետ այս հիմնաքարային խոստման համար իշխանությունը չի կարող կիրառել «ժամկետային արդարացումը»՝ հայտարարելով, թե ընտրվել է հինգ տարի ժամկետով և մինչև դրա ավարտը դեռ կարող է հասցնել իրականացնել այդ խոստումը։ Չի կարող, որովհետև իր գործողություններով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ Արցախն Ադրբեջանին է հանձնել, գոնե այս պահի դիտանկյունից՝ անժամկետ, և իր գործողություններով անում է ամեն ինչ Արցախի վերադարձի անգամ տեսական հնարավորությունը զրոյացնելու համար։

Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ֆունկցիոնալ լինելու դեպքում այս իշխանությունը պետք է հեռացված լիներ ոչ միայն կառավարական աշխատասենյակներից, այլ քաղաքականությունից ընդհանրապես, քանի որ այն հարյուր տոկոսով տապալել է իր խոստման իրագործումը։ Բայց քանի որ պատասխանատվությունը՝ որպես քաղաքական հարաբերությունների կարգավորման կառուցակարգ, Հայաստանում ընդհանրապես չի գործում, իշխանությունը շարունակում է պաշտոնավարել ու կատարել քայլեր, որոնք ոչ միայն որևէ աղերս չունեն իր ստացած էլեկտորալ մանդատի հետ, այլ տրամագծորեն հակասում են այդ մանդատի կորզման համար տրված խոստումներին։

Կարդացեք նաև

Քաղաքական պատասխանատվության բացակայությունը՝ առաջին հերթին նպաստելով իշխանության այլասերմանը, միևնույն ժամանակ մթնոլորտային ազդեցություն է ունենում նաև ողջ քաղաքական համակարգի վրա։

Նույն 2021-ի ընտրություններում նոմինալ ընդդիմությունն էլեկտորալ մանդատ է ստացել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Եվ ինչպես իշխանությունը՝ Արցախի դեպքում, ընդդիմությունը գոնե մինչև այս պահը դեռևս չի հաջողել այդ խոստման իրագործումը։ Իհարկե, ի տարբերություն իշխանության, ընդդիմությունը գոնե ձևական «ժամկետային արդարացում» ունի այն առումով, որ կարող է թեկուզ տեսականորեն իրականացնել իշխանափոխության խոստումը մինչև գործող ԱԺ-ի ժամկետի ավարտը։

Քաղաքական պատասխանատվության ինստիտուտի մակերեսային ընկալմամբ, դա իրացվում է ընտրությունից՝ ընտրություն, այսինքն՝ որևէ քաղաքական ուժ՝ չկատարելով իր խոստումները, այլևս վստահության քվե չի ստանում հաջորդ ընտրության ժամանակ։ Սակայն դա քաղաքական պատասխանատվության կառուցակարգի խիստ ֆորմալիստական արտահայտություն է, հասկացության ավելի շատ՝ ձևը, և ոչ երբեք՝ բովանդակությունը։ Բովանդակային հարթությունում քաղաքական պատասխանատվության իրացումը գոնե իրական ժողովրդավարություններում չի հետաձգվում մինչև հաջորդ ընտրություն, այլ արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ սկսած ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հրաժարականներից, մինչև ամբողջական իշխանափոխություն։

Հայաստանում տապալումը գլոբալ է, համակարգային, հետևաբար՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի իրացման մասին կարող է խոսք լինել միայն ամբողջական իշխանափոխության պարագայում։ Բայց քանի որ Հայաստանը ժողովրդավարության հետ կապ ունի այնքան, որքան Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանատվության հետ, այդ ինստիտուտն ամենամեղմ ձևակերպմամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի ստացած բարձրագույն կրթության մակարդակում։

ՀԳ Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը կառուցակարգային առումով վերաբերում է քաղաքական ուժերին, իշխանությանն ու ընդդիմությանը։ Բայց ավելի լայն համատեքստում այդ պատասխանատվությունը վերաբերելի է նաև հասարակությանը։ Հանրությունը՝ կազմավորելով արդյունավետ, ազգային իշխանություն կամ հակառակը՝ հանդուրժելով ձախողված ու ապազգային իշխանությանը, նույնչափ պատասխանատու է պետության հետ կատարվողի համար։ Հայաստանում, ահա, քաղաքական նոմինալ պատասխանատվության ինստիտուտի չգոյության պայմաններում, չի գործում նաև հանրային պատասխանատվության կառուցակարգը, ավելին՝ վերնախավերի անպատասխանատվությունը քաջալերում է հասարակությանը՝ նրանից չտարբերվող անպատասխանատվությամբ վերաբերվել սեփական պետությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս