
Ընտանիքով պետգնումներում, կամ՝ դոմինոների հաղթարշավը. այս անգամ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը կկազմակերպի «Դոմինո Վիդեո փրոդաքշն»-ը

Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ այս անգամ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը գլուխ կբերվի շուրջ 130 միլիոն 570 միլիոն դրամով․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն օրերս համապատասխան պայմանագիր է ստորագրել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Գնումը կատարվել է «բաց մրցույթ» ընթացակարգով։
Ըստ պայմանագրի՝ մրցանակաբաշխությունն անցկացվելու է 2025-ի դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և նախատեսված է լինելու առավելագույնը 1200 անձի համար։
Մի քանի հետաքրքիր դրվագներ պայմանագրից
Բեմահարթակի համար առաջարկված տարբերակներից առաջինում, օրինակ, հիմքում դրվելու է «Արարող հերոս-Արարող Հայաստան» և Արագած լեռան գաղափարը։ Պատվիրվելու է 13 մրցանակ՝ 13 հաղթող հերոսի համար։ Մրցանակները կլինեն մետաղի ու ապակու համադրությամբ 4 թիթեղներ և կխորհրդանշեն հաղթողին և նրան շրջապատող մարդկանց, ինչպես նաև՝ Արագածի 4 գագաթները։
«Մեր ժամանակների հերոս» մրցանակաբաշխության կազմակերպման ծառայությունների ընտրված մատակարարի՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ի մասին
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2010 թվականին հիմնադրված ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Աշոտ Առաքելյանին, որի անունը մեզ հայտնի է նաև՝ պետգնումներում 2018 թվականից հետո ակտիվացած «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ից։
Նկատենք՝ թեև այդ ՍՊԸ-ի «իրական շահառուների թվում Աշոտ Առաքելյանի անունը չկա, սակայն այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է նրա կնոջը՝ Ռուզաննա Վարդանյանին։
«Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ի մասին․
2019 թվականին այս ՍՊԸ-ից 3 գնում է կատարվել և 3-ն էլ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով։ 168․am-ն այս ընկերությանն անդրադարձել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերին, երբ հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ Անկախության օրվան նվիրված «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:
Այդ օրերին 168.am-ն Աշոտ Առաքելյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ որքա՞ն գումար է կառավարությունը հատկացրել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջացառման համար, հաստատո՞ւմ են տեղեկությունները, թե՞ պետական բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, թե մտերիմ հարաբերությունների ունի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, արդյոք «Դոմինո փրոդա՞քշն»-ն է նկարահանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական հոլովակները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակը, արդյո՞ք իր ղեկավարած ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է իրականացնում ՀՀ հիմնի նոր տեսահոլովակի նկարահանումները, և, թե ինչ արձագանքներ ունի այն հավաստիացումներին, թե նոր տեսահոլովակից հանվում են Արցախի կադրերը:
Պատասխանները չէինք ստացել։
Հարցումից հետո հեռախոսազանգով «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավարից ևս մեկ անգամ հետաքրքրվել էինք, թե ի՞նչ ծախսեր են արվել «գունագեղ» շոուի համար: Մեր հարցերը, սակայն, նյարդայնացրել էին նրան, և նա հորդորել էր այլևս չզանգահարել իր հեռախոսահամարին:
Նա սուտ էր որակել տեղեկությունները, թե դրոնների վարձակալության 10 րոպեն արժեցել է 110.000 ԱՄՆ դոլար, բայց նաև չներկայացրեց իրական թիվը: Առհասարակ միջոցառման ծախսերի մասին մեր հարցերը ևս մնացել էին անպատասխան։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս միջոցառման կազմակերպման համար մրցույթ չէր հայտարարել:
Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում 2019 թվականից ի վեր՝ նախ ՀՀ անկախության տոնի առթիվ, այսօր՝ խառը ժամանակացույցով, ըստ պաշտոնական մեկնաբանության՝ նպատակ ունի «քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր, համառ և ձեռներեց քաղաքացուն»։