
Ապառիկով ապրելը դարձրել են օրինաչափություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ապառիկով ապրելը Հայաստանում դարձել է օրինաչափություն։ Ոչ միայն պետությունն է ապառիկով գոյատևում, այլև հասարակությունը։ Իշխանությունը պարտքեր է վերցնում՝ պարտքերով պետական բյուջեի ծախսերը կատարելու ու գործ անելու իմիտացիա ստեղծելու համար, քաղաքացիները վարկեր են վերցնում՝ վարկերով իրենց կենցաղային կարիքները հոգալու համար։
Երկու դեպքում էլ հետևանքը նույնն է լինում. մի դեպքում պետությունն է հայտնվում վարկերի ու պարտքերի տակ, մյուս դեպքում՝ քաղաքացիները։
Սա ակնհայտ նպատակադրված քաղաքականություն է, որը ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանն իրականացրել են իշխանությունը զավթելուց հետո։
Անցած 7 տարիների ընթացքում երիտհեղափոխականների իշխանությունը միայն 7,2 մլրդ դոլարի վարկեր ու պարտքեր է վերցրել. 1 միլիարդ դոլարով ավելի շատ, քան նախորդ ամբողջ ժամանակաշրջանում։
Ոչ միայն պետությունն, այլև քաղաքացիներին են պարտքերով ու վարկերով ծանրաբեռնել։
Խոսքն ամենևին էլ պետական պարտքը միլիարդներով ավելացնելու միջոցով քաղաքացիների վրա դրված ֆինանսական բեռի մասին չէ։ Խոսքը նրանց զուտ վարկային պարտավորությունների մասին է, ինչը վերջին տարիներին հասել է ահռելի չափերի։ Ամեն ինչ արել են վարկերի միջոցով քաղաքացիներին բռի մեջ պահելու համար։ Մի դեպքում՝ սուբսիդավորում են տվել ու մտցել վարկերի տակ, մյուս դեպքում՝ եկամտային հարկի վերադարձով, երրորդ դեպքում՝ ապագայի կեղծ խոստումներով են գայթակղել։
Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին ասում էր, թե քաղաքացիներին պետք է ազատել վարկերի գերությունից, իշխանությունը զավթելուց հետո, համատարած բոլորին դրել է վարկային գերության մեջ։ Ամբողջ ժողովուրդը, մեծով-փոքրով, վարկերի տակ է, ու շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչպես են դուրս գալու այդ վիճակից։ Հատկապես որ, դա ուղեկցվում է երկրում սոցիալական պայմանների վատացմամբ՝ պայմանավորված համատարած թանկացումներով, հարկային բեռի աճով ու քաղաքացիների մեծ մասի եկամուտների չավելացմամբ։
Դեռևս անցած տարվա վերջի տվյալներով, ավելի քան 341.000 քաղաքացի անհուսալի վարկեր ունի։ Նրանց վարկային պարտքը հասնում է 642 մլրդ դրամի։ Եթե վերածենք տարադրամի՝ կստացվի ավելի քան 1.6 մլրդ դոլար։ Եվ սա՝ դեռ միայն անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ։ Այսօր այդպիսի քաղաքացիների քանակն ու նրանց կողմից չկատարված վարկային պարտավորություններն անհամեմատ ավելի մեծ են։
Վարկերով ծանրաբեռնել են՝ դրել անելանելի վիճակում, ընտրություններից առաջ ուզում են բյուջեի հաշվին «կաշառել», որ ընտրությունների ժամանակ տիրանան նրանց ձայներին։ Բայց այդ փորձերն էլ ցանկալի արդյունք չեն տալիս։
218 հազար քաղաքացիներից՝ տարեսկզբից մեկնարկած ծրագրից մինչև հիմա օգտվել է ընդամենը 2 տոկոսը։ Մնացած 214 հազարը շարունակում է մնալ չկատարված վարկային պարտավորությունների տակ։
Անընդհատ փորձում են ընդլայնել օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը, բայց էլի արդյունք չկա։ Մարդիկ անգամ առաջարկված բյուջետային օժանդակության պայմաններով ի վիճակ չեն սպասարկել իրենց պարտքերը։
Պարտքերի տակ հայտնված քաղաքացիների քանակը Հայաստանում չափազանց մեծ է։ Բայց դա չի խանգարում, որպեսզի նրանց վարկային բեռը շատ ավելի մեծ տեմպերով ավելանա։
Այս տարվա առաջին կեսին, պաշտոնական տվյալներով, միայն սպառողական վարկերի գծով քաղաքացիները ևս 183 մլրդ դրամի պարտք են կուտակել։
Սա գրեթե 475 մլն դոլարին համարժեք բեռ է։ Այն անհամեմատ ավելին է, քան անցած տարի էր։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում քաղաքացիները շուրջ 310 մլն դոլարի սպառողական վարկեր էին վերցրել։ Այս տարի 165 միլիոնով ավելի շատ է։
Բանկերի ոչ մի այլ վարկային պորտֆել այսպիսի տեմպերով չի աճում, ինչպես սպառողական վարկերինը։ Անգամ դրանց բարձր տոկոսները պատճառ չեն սպառողական վարկերի բեռի կտրուկ ավելացման համար։ Հավանաբար այլ ճար չունենալով՝ մարդիկ դիմում են այս վարկերի օգնությանը, ու հետո շատերը հայտնվում են անելանելի վիճակում։ Զարմանալի չէ, որ այսօր Հայաստանում հարյուր-հազարավոր քաղաքացիներ անհուսալի վարկերի տակ են։ Դրանք գլխավորապես սպառողական վարկերն են, որոնք բանկերն այսօր էլ հաճույքով տրամադրում են ու քաղաքացիներին ներքաշում պարտքերի բեռի տակ։
Քաղաքացիների սպառողական վարկերն այսօր գերազանցում են 1 տրիլիոն 577 մլրդ դրամը։
Սա 4.1 մլրդ դոլարին համարժեք պարտք է։ Այս պարտքերի գերակշիռ մասի տակ քաղաքացիները հայտնվել են ՔՊ-ականների իշխանության գալուց հետո։ Մինչ այդ՝ սպառողական վարկերը 570 մլրդ դրամի սահմաններում էին։ 7 տարում գրեթե եռապատկվել են՝ եռապատկելով քաղաքացիների պարտքերը։
Բայց քաղաքացիների վարկային պարտքերը միայն դրանով չեն սահմանափակվում։ Սպառողական վարկերին շատ չի զիջում հիփոթեքային վարկերի պարտքը, որը հասնում է 1 տրիլիոն 536 մլրդ դրամի կամ շուրջ 4 մլրդ դոլարի։
Այս պարտքերի գերակշիռ մասը կրկին գոյացել է ՔՊ-ականների իշխանության տարիներին։
2018թ. կեսերին բանկերի հիփոթեքային վարկերը նույնիսկ 220 մլրդ դրամի չէին հասնում։ Քաղաքացիներին վարկերի գերությունից ազատող Նիկոլ Փաշինյանը 7 տարում նրանց վրա միայն հիփոթեքի գծով 3.4 մլրդ դոլարի պարտքի նոր բեռ է դրել։
7 տարում քաղաքացիների հիփոթեքային վարկերի բեռը գրեթե 7 անգամ աճել է։ Այսքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե ՔՊ-ականների իշխանության տարիներին ինչպիսի հսկայական պարտքերի մեջ են ներքաշել քաղաքացիներին։ Այն էլ այնպիսի պարտքերի մեջ, որոնք երբեմն ձգվում են մինչև 25-30 տարի։ Գայթակղել են եկամտային հարկի վերադարձով ու դրել երկարաժամկետ պարտքերի տակ։ Այս վարկերի մեծ մասը ռիսկային վարկեր են։ Շատերը վաղը բախվելու են դրանք վերադարձնելու ու հիփոթեքով գնված անշարժ գույքը կորցնելու խնդիրների հետ։ Այնպես, ինչպես հիմա բախվել են սպառողական վարկեր ունեցող հարյուր-հազարավոր քաղաքացիներ։ Առաջանալու է մի իսկական պարտքային քաոս, որից ոչ քաղաքացիներն են կարողանալու դուրս գալ, ոչ էլ բանկերը։
Հետևողականորեն այսքան պարտքեր ավելացնելով՝ պետությունն էլ իր հերթին է մտնելու պարտքային ճգնաժամի մեջ։ Այդ ժամանակ գուցե այս իշխանություններն արդեն չլինեն, բայց բոլորս ենք կրելու նրանց անպատասխանատու քայլերի հետևանքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ