
Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են՝ զարգացնելով ուժեղ և կենսունակ անվտանգություն. Արմեն Խաչիկյան

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն և երկարատև խաղաղության։ Ընդամենը 34%-ն է խաղաղության հասնելը համարում հնարավոր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված փաստաթղթերը կարող են չերաշխավորել անվտանգություն և խաղաղություն՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են՝ զարգացնելով ուժեղ և կենսունակ անվտանգություն։
Իրականում, հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատև խաղաղության հեռանկարը։ Վերջին տարվա ընթացքում տարբեր ամիսներին արված հարցումների պատկերը գրեթե չի փոխվել․ փոքր տատանումները հիմնականում կապված են տվյալ պահի քաղաքական օրակարգի ու հանրային քննարկումների հետ։
Սա միայն վիճակագրական տվյալ չէ․ սա վկայում է հանրային խոր անվստահության մասին, որը ձևավորվել է տարիների փորձից, պատերազմի հիշողություններից և ադրբեջանական կողմից շարունակվող թշնամական վարքագծից։
Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ՝ որպես աղետաբեր ռիսկ։
Սոցիոլոգիական հետազոտությունն իրականանացվել է ԱՐԱՐ հիմնադրամ / ARAR Foundation-ի կողմից, պլանշետների միջոցով հեռախոսային հարցմամբ (CATI)
Ընտրանքը՝ պատահական, գեներացված հեռախոսահամարների բազայից
Սահմանային սխալ․ Δ = ±2.99
Վստահության միջակայք․ α = 95%
ՀՀ 18 և ավելի տարեկան, հայերենին տիրապետող բնակիչների շրջանում»։