
Սոնոգրաֆիան վնա՞ս է առողջությանը․ ո՞ր դեպքում են կատարում աչքերի, թոքերի ՈՒՁՀ․ Ռադիոլոգի պարզաբանումը
Ուլտրաձայնային ախտորոշումը տեղեկատվական, անվտանգ, ոչ ինվազիվ մեթոդ է` տարբեր օրգանների և համակարգերի մի շարք հիվանդություններ ունեցող հիվանդների հետազոտման համար: «Վարդանանց» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Անահիտ Ճանճապանյանը 168.am-ի հետ զրուցել է ՈՒՁՀ-ի կարևորության, տարածված խնդիրների բացահայտման մասին։
– Բժիշկները, նայելով էկրանին երևացող սև ու սպիտակ պատկերներին, ինչպե՞ս են ինչ-որ բան տեսնում․ ի՞նչ է ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ)։
– Ոլտրաձայնային կամ ժողովրդին հայտնի սոնոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է գերձայնային ալիքների օգնությամբ, որն իրագործվում է հատուկ սարքերի և տվիչների միջոցով։ Պատկերները ստանում ենք սևից սպիտակ կամ սպիտակից սև՝ 200-ից ավելի երանգների միջոցով։
– Արյան լաբորատոր հետազոտության դեպքում բոլորը գիտեն, որ պետք է սոված գնան։ ՈՒՁՀ-ի դեպքում կա՞ն նման սահմանափակումներ։
– Այո, իհարկե։ Կախված նրանից, թե ի՞նչ հետազոտության է ուղղորդվում բուժառուն, նախնական որոշակի պատրաստվածություն է անհրաժեշտ։ Ռենտգեն հետազոտության ժամանակ, օրինակ, երբ բարիում են խմում և այլն, բուժառուների համար դա շատ ավելի հեշտ է, եթե սովին դիմանում են։ Ցանկալի է, որ հետազոտությանը սոված ներկայանան։ Փոքր կոնքի հետազոտության համար պետք է ջուր խմեն, որպեսզի միզապարկը լիքը լինի։
– Ո՞ր օրգանների դեպքում չեն կատարում ուլտրաձայնային հետազոտություն։
– Օրինակ, ոսկրերի։ ՈՒՁՀ-ով այն հնարավոր չէ իրագործել, որովհետև ձայնային ալիքները չեն թափանցում ոսկրի հաստության մեջ, և դրա համար կան ռենտգեն, ՄՌՏ հետազոտությունները։ Հազվադեպ, որ աճառի պոկում է լինում կամ մանր ոսկրերի վերնաշերտի տեղաշարժով կոտրվածքներ, հնարավոր է լինում ՈՒՁՀ-ի միջոցով հայտնաբերել։ Երբեմն նույնիսկ կողոսկրերի կամ միջֆալանգային ոսկրերի մանր կոտրվածքները ՈՒՁՀ-ի միջոցով ավելի հեշտությամբ և ճշգրիտ ենք ախտորոշում, քան ռենտգեն հետազոտությամբ։
– Հոդերի դեպքում ևս ՈՒՁՀ չի կատարվո՞ւմ։
– Կան հետազոտություններ, որոնց դեպքում 100 տոկոսով ինֆորմացիա հնարավոր չէ տալ, օրինակ, կոնքազդրային հոդի ՈՒՁՀ-ն ինֆորմացիան մի փոքր պակաս է տալիս։ Ծնկան հոդի հետազոտության դեպքում կան խաչաձև կապաններ, դրանց մասին ՈՒՁՀ-ով հնարավոր չէ տեղեկություն տալ։
– Աչքերի դեպքում ևս կատարվո՞ւմ է ՈՒՁՀ։
– Այո։ Աչքերի ուլտրաձայնային հետազոտությունը վերջին տարիներին է ներդրվել։ Ինֆորմացիա է տալիս հիմնականում ոսպնյակի, ցանցաթաղանթի մասին։ Տեսողական նյարդը ևս կարող ենք ՈՒՁՀ-ով գնահատել։
– Ո՞ր տարիքից կարող են դիմել ՈՒՁՀ-ի։
– ՈՒՁՀ-ն ներարգանդային շրջանից արդեն մարդու կյանքում առկա է և մինչև խոր ծերություն կարող է ուղեկցել։ Տարիքային սահմանափակում չկա։ Քանի որ ձայնային ալիքների միջոցով է ինֆորմացիա տալիս, ճառագայթում չկա, հետևաբար՝ առողջությանը ևս վնաս չկա։
– Թոքերի ՈՒՁՀ կատարվո՞ւմ է։
– Այն վերջին շրջանում է ներդրվել, ակտուալ դարձավ հատկապես կորոնավիրուսի համաճարակի տարիներին։ Երբ հիվանդանոցները լեփ-լեցուն էին, շատերը չէին կարողանում այցելել հիվանդանոց՝ վախի կամ ծանր վիճակում գտնվելու պատճառով, այդ ժամանակ օգնության եկավ թոքերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, և հազարավոր մարդկանց կյանքեր փրկվեցին։ Հղիների համար էլ ակտուալ է թոքերի ՈՒՁՀ-ն, քանի որ ռենտգենն ու ԿՏ-ն ճառագայթում են։
– Պրակտիկայում առավել շատ ո՞ր խնդիրներն են բացահայտվում սոնոգրաֆիայի միջոցով։
– Բազմաթիվ խնդիրներ ենք բացահայտում՝ ամենափոքրից մինչև ամենալուրջը։ Իհարկե, այսօր շատ կարևոր է ուռուցքների հայտնաբերումը։ Շատ է երիտասարդացել այս պաթոլոգիան։ Հատկապես կանանց մոտ հաճախ ենք հայտնաբերում կրծքագեղձի քաղցկեղը։ Առաջին տեղում է նաև վահանաձև գեղձի քաղցկեղի հայտնաբերումը։ Այդ իսկ պատճառով ՈՒՁՀ-ն որպես սկրինինգային հետազոտություն՝ կարևոր դեր ունի։ Շատ մարդկանց համար ճակատագրական է եղել ուղղակի պրոֆիլակտիկ նպատակով այցելելը և որևէ պաթոլոգիա հայտնաբերելը։
– Ինչպե՞ս եք հասկանում, թե ուռուցքն ինչ բնույթ ունի։
– Այստեղ կարևոր դեր ունի և՛ տարիների փորձը, և՛ գիտելիքը։ Միշտ չէ, որ 100 տոկոսով է ախտորոշում դրվում, հաճախ հարցականներով ենք ուղարկում, հետո ենթադրյալ ախտորոշումը հաստատելու նպատակով ուղղորդում ենք այլ հետազոտությունների, ասենք՝ ՄՌՏ, ԿՏ։ Երբեմն անհրաժեշտություն է լինում նաև բիոպսիա կատարել։
– Հաճախ են հայտնաբերվում վահանաձև գեղձում կամ կրծքագեղձում կիստաներ։ Ի՞նչ պարբերականությամբ պետք է կատարել հետազոտություն։
– Եթե որևէ պաթոլոգիա է հայտնաբերվում բուժառուի մոտ, վեց ամիսը մեկ ուղղակի դինամիկ հետևել, կատարել սոնոգրաֆիա։ Եթե կասկածում ենք, որ գոյացությունը, որը որակվել էր ֆիբրոադենոմա, իր տեսքը, ձևը փոխել է, կան նշաններ, որոնք մեզ համար կարևոր նշանակություն ունեն, կամ լրացուցիչ հետազոտության ենք ուղարկում, կամ 3 ամիս հետո ենք կանչում կրկնակի հետազոտության, որպեսզի ոչինչ բաց չթողնենք։
– Ի՞նչ է կրծքագեղձի էլաստոգրաֆիան։
– Էլաստոգրաֆիան ընդհանրապես կատարվում է կրծքագեղձի, վահանաձև գեղձի, ինչպես նաև լյարդի հետազտության համար։ Ոչ ինվազիվ հետազոտություն է, որը նպատակ ունի հայտնաբերված տվյալ գոյացության բարորակ կամ չարորակ լինելու հավանականությունը գնահատել։
Ոչ թե բացարձակ, այլ հետազոտման հավելյալ մեթոդ է, որ օգնում է ախտորոշումն ավելի հստակեցնելուն։
– Եղե՞լ է, որ հետազոտությամբ կարողանաք կյանք փրկել։
– Կարծում եմ՝ այո։ Վերջին դեպքերից մեկն եմ հիշում։ 29-ամյա աղջիկ էր եկել, ում գինեկոլոգն ուղարկել էր ուղղակի հետազոտվելու համար, և կրծքագեղձում, ցավոք, քաղցկեղ հայտնաբերվեց։ Նա պատրաստվում էր մի քանի օրից երկրից մեկնել, քանի որ արտասահմանում է աշխատում։ Ուռուցքը մեծ էր և հավելյալ հետազոտություններով կճշտվի, թե ո՞ր փուլում էր գտնվում, որովհետև շատ կարևոր է, թե ուռուցքի հայտնաբերումը ո՞ր փուլում է կատարվում։
– Ճիշտ ախտորոշում կատարելու համար ի՞նչն է կարևոր․ սարքավորումը, լավ մասնագետը․․․
– Մի քանի նախապայման է անհրաժեշտ․ առաջինը՝ բժշկի գրագետ, լավ պատրաստված լինելն է, երկրորդ պայմանը լավ սարքավորումն է։ Եթե սարքը լավը չէ՝ հնարավոր է լիքը պաթոլոգիաներ բաց թողնեն այդ պատճառով։ Կարևոր է նաև տվիչն աշխատացնելը և տարածական պատկերացում ունենալը։
Մեր աշխատանքի համար ամենամեծ խոչընդոտը ճարպային շերտի հաստ լինելն է, և որովայնը հետազոտելիս մյուս խոչընդոտն աղիներում գազերի առկայությունն է։ Ճարպը կլանում է ուլտրաձայնը, այնուհետև նրա՝ ներքևի շերտեր թափանցելու հզորությունն արդեն թուլանում է և շատ դժվարությամբ ենք տեսնում պատկերները։ Իսկ գազերն անդրադարձնում են ուլտրաձայնն ու այդ պատճառով դրանք ևս խանգարում են մեր հետազոտությանը։ Ցանկալի է, որ բուժառուները, ովքեր մոտենում են հետազոտության համար և փորափքանքով են տառապում, դեղորայք ընդունեն կամ այնպիսի սնունդ չընդունեն, որոնք գազեր են առաջացնում։ Օրինակ, մարդ կա՝ գալիս, ասում է, որ երկու օր է՝ լոբի եմ կերել։ Պատկերացրեք բժշկի վիճակը։ Ինչպե՞ս հետազոտի։
– Հիմա բոլոր բժշկական կենտրոններն էլ ձգտում են ունենալ ժամանակակից սարքավորումներ, բայց նախկինում այս ամենը չի եղել։ Ինչպե՞ս են կատարել հետազոտություն։
– Նախկինում ոչ մի սարքավորում բժիշկները չեն ունեցել հետազոտելու համար։ Այդ ժամանակ օգնության են հասել իրենց ձեռքերը, աչքերն ու ականջները։ Հույսը միայն իրենց վրա են դրել։ Դասախոսներից մեկը միշտ ասում էր՝ երբ դուռը բացվում է ու հիվանդը ներս է մտնում, արդեն ձեր ախտորոշման 20-30 տոկոսը գոնե պետք է դնեք։ Պատկերացրեք, հիմա, երբ հիվանդը ներս է մտնում, նրա մաշկի գույնից, հայացքից, շրթունքների գույնից, քայլվածքից, կրծքավանդակի կառուցվածքից արդեն կարելի է որոշակի ինֆորմացիա քաղել, թե մարդու մոտ ի՞նչ կարող է լինել, ի՞նչ պաթոլոգիաներ կարող ես փնտրել։
– Ի՞նչ եք նկատել․ ավելի շատ խնդիր ունենալուց հետո՞ են դիմում, թե՞ արդեն սովորություն են դարձրել տարին մեկ անգամ հետազոտվելը։
– Տարիներ առաջ, երբ մարդկանց կենսամակարդակը ցածր էր և կյանքը՝ բարդ, բժշկի գնալու մշակույթը գրեթե վերացել էր։ Հիմա այդպես չէ։ Ապահովագրական ընկերությունները մեծ դեր են խաղում։ Մարդիկ հասկացան, որ չպետք է դանակը հասնի ոսկորին, նոր գնան բժշկի։ Հատկապես երիտասարդ սերունդը հետևում է իր առողջությանը, ուշադիր են նաև ծնողներին, որոնց շատ դեպքերում «ուժով» են բերում։ Ծնողները դժգոհում են, բայց կարծում եմ՝ իրենց մտքում ուրախ են այդ հոգատարության համար։