
Թուրքի հետ խաղաղությունը դժվար բան է․ մենք կարո՞ղ ենք պարտադրված բոլոր պայմաններն ընդունել․ Մուսալեռցի
168.am-ի զրուցակիցը լիբանանահայ գրող, ատամնաբույժ Խաժակ Այնթապեանն է։
– Ծնվել եք Լիբանանում՝ Այնճարում։ Ինչպե՞ս են հայերը հաստատվել այնտեղ։
– Սփյուռքահայությունը ձևավորվել է Ցեղասպանությունից հետո։ Արևմտահայերի մեծամասնությունը գնացել է Սիրիա, Լիբանան։ Բայց մուսալեռցիների պատմությունը մի քիչ տարբեր է։ Այնճար գնացել ենք ոչ թե 1915թ․ հետո, այլ 1939թ․։ 1915թ. մուսալեռցիները բարձրացան լեռ, դրանից հետո ֆրանսիացիների օգնությամբ գնացին Եգիպտոս, հետո նորից վերադարձան Մուսալեռ և Համաշխարհային երկրորդ պատերազմի նախoրյակին ֆրանսիացիները թուրքերի հետ համաձայնության եկան, և Սանջակ գյուղը, որ մինչ այդ պատկանում էր Սիրիային, հանձնել Թուրքիային։ Եվ Մուսա լեռում ապրող հայությունը չուզեց մնալ Թուրքիայի տիրապետության ներքո, և ֆրանսիացիներին խնդրեցին՝ իրենց այլ տեղ տեղափոխել։ Ընտրեցին Այնճարը որպես տարածք՝ Լիբանանի և Սիրիայի սահմանի մոտ։ Ջուր ունեցող շրջան էր, մուսալեռցիներն էլ՝ հողագործ մարդիկ։ Եվ ժողովրդի մեծ մասը ֆրանսիացիների օգնությամբ տեղափոխվեց Այնճար և 1939թ․ հաստատվեցին այնտեղ։ Տարածքը գնվեց փողով՝ հատկապես ֆրանսահայերի ջանքերի շնորհիվ։ Մեծ ներդրում է կատարել Գյուլբենկյան հաստատությունը։ Փաստաթղթերում գրված է, որ տարածքը պատկանում է հայերին։
– Ամբողջովին հայաբնա՞կ է հիմա Այնճարը։
– Այո։ Ունենք քաղաքապետարան, քաղաքապետը հայ է։ Իհարկե, Սիրիայի պատերազմից հետո մեզ մոտ եկան նաև ոչ հայեր։ Ինչպես Լիբանանի մյուս շրջաններում, մենք էլ այդ խնդիրն ունենք և մինչև հիմա մնում ենք Այնճարում։ Հուսանք, որ երկար չի տևի։
– Հայերն ինչո՞վ են զբաղվում։
– Ամեն ինչով։ Սկզբում զբաղվել են հողագործությամբ, իսկ հիմա երիտասարդությունն ամեն ինչով զբաղվում է։ Հիմնականում արհեստավորներ են՝ ոսկերիչներ, մեխանիկներ։ Կան նաև բժիշկներ։
Նշեմ նաև, որ Այնճարը Լիբանանի զբոսաշրջային վայրերից մեկն է։ Այնտեղ է Այնճարի բերդը։ Կան ռեստորաններ, որոնց տերերը հայեր են։
– Շատ գաղթօջախներում կա դպրոցների խնդիր, հայապահպանության մասին էլ չենք խոսում։ Այնճարում ի՞նչ վիճակ է։
– Բարեբախտաբար, ունենք հայկական դպրոցներ։ Սկզբում 3-ն էին, հիմա՝ 2-ը։ Դպրոցականների մեծ մասը հայեր են։ Ունենք օտարազգի ուսուցիչներ, բայց հիմնականն այնճարցիներ են։
– Կա՞ն ավանդույթներ, որոնք բնորոշ են մուսալեռցիներին ու պահպանվել են։
– Փորձում ենք պահել ավանդույթները։ Երբ փոքր էի՝ Այնճարը գյուղի նման էր․ թոնրի հացն եմ հիշում, լոլիկի մածուկ պատրաստելը․․․ Հիմնական ավանդույթներից մեկը Մուսա լեռան հերոսամարտի տոնակատարությունն է։ Հարիսա են եփում, ինչպես նաև այդ օրը ուխտագնացության օր է լինում, Բեյրութից, Հալեպից հայերը գալիս են Այնճար։ Կան նաև Մուսա լեռան երգեր, պարեր։ Մուսա լեռան ավանդական պարերից է «Չալմը դանգը»։ Մեր հարսանիքները շատ ավանդական են։ Այնճարի խոհանոցը Մուսա լեռանն է։ Ունենք ուտելիքներ, որ ուրիշ խոհանոցներում չկան։
– Ձեր երգիծական նյութերից պարզ է դառնում, որ երիտասարդ տարիներին հաճախ եք եկել Հայաստան։ Նույնն անո՞ւմ է երիտասարդ սերունդը։
– Ասեմ, որ սովորել եմ Երևանում։ 1993-2001թթ․ մնացել եմ Երևանում և դա համարում եմ իմ կյանքի ամենամեծ դպրոցը։ Ոչ միայն նրա համար, որ ԵՊԲՀ-ում ատամնաբուժություն եմ սովորել, այլև կյանքը դժվար էր։ Այդ տարիներին մեր հիմնական զբաղմունքն ընթերցանությունն էր։ Շատ էինք գնում թատրոն, և այդ ամենն ինձ վրա մեծ ազդեցություն էր թողնում։ Հիմա էլ Երևանում սովորող ուսանողներ ունենք, գալիս են, բայց ոչ առաջվա նման։
– 1993թ․, երբ եկել եք Երևանում սովորելու, լույս, ջուր չկար, ինչպես երևում է Ձեր նյութերից, որոշել էիք լողանալ։ Ու օրը մի քանի անգամ ասել են՝ այս խենթը որտեղի՞ց եկավ։ Հիմա Ձեր ո՞ր արարքներն են դիմացինին խենթություն թվում։
– Իմ գրած նյութերը… Մարդիկ մեկ-մեկ ասում են՝ խենթություն է։ Զանգում, ասում են՝ ինչո՞ւ ես այսպես գրել, չի կարելի, պատասխանում եմ՝ լավ եմ արել։ Առաջվա նման խենթություններ չենք կարողանում անել, որովհետև արդեն մեծացել ենք։ Մի դեպք հիշեցի․ ուսանողական տարիներին արված խենթությունների մասին դեռ շատ երկար կարելի է գրել։ Այնճարցի դասընկերոջս հետ ամեն ամառ գնում էինք Սևան։ Այն ժամանակ հյուրատներ չկային ու երկուսով լճի ափին քնում էինք։ Այնտեղ 3-4 օր էինք անցկացնում։ Մի անգամ էլ փետրվարին գնացինք՝ ամենացուրտ ժամանակ, երբ լիճը սառած էր։ Ծառերի արանքում տնակ սարքեցինք ու 4-5 օր մնացինք այնտեղ։ Ամեն առավոտ ձկնորսները գալիս, սառույցի մի հատվածը բացում, ձուկ էին որսում, հետո մենք գնում այդ հատվածում լողում էինք։ Մինչև հիմա ողջ ենք մնացել։
– Հաճախ չեն հասկանում երգիծանքը, փոխարենը՝ ծաղրն է գրավում․ ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։
– Հասկացողը հասկանում է։ Նրանք, ովքեր չեն հասկանում, գալիս է ստացած դաստիարակությունից։ Հայերի ամենամեծ խնդիրներից մեկն իրար նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է։ Բուլինգի հայերեն թարգմանությունը փնտրում, բայց չեմ գտնում։ Այն բնորոշ է մեզ ու պետք է հայերեն տարբերակը գտնել։ Հայաստանում էլ կա այս խնդիրը, բայց սփյուռքում ավելի շատ։ Սփյուռքում «չի կարելի» բառը մեր ճակատին գրված է։ Չի կարելի այսպես խոսել, չի կարելի այսպես անել․․. մարդիկ վախենում են դիմացինից։ Մարդիկ փողոցում ինձ տեսնում, ասում են՝ գրածդ կարդացել, բայց չեմ լայքել․ ցավալի է։ Լիբանանահայության զգալի մասն աշխատում է հայկական հաստատություններում, սա մեծ առավելություն է, սակայն բացասականն այն է, որ մարդիկ վախենում են։
– Բայց այդ վախն անհատականություններ չունենալու և անսկզբունքային լինելու պատճառ չէ՞։
– Իհարկե։ Այդ վախը մեր արմատներում կա, հոգեբանական ճնշումը միշտ եղել է։ Մուսալեռցիների մի մասն Այնճար գնալուց հետո գաղթել, եկել է Հայաստան։ Քաղաքական առումով մտածելակերպի տարբերություն այն ժամանակվանից կա։ Նրանք եղել են դաշնակցականներ, այստեղ եկողները՝ ոչ դաշնակցական։ Մեզ մոտ Մուսա լեռան հերոսամարտի պատմությունն այլ ձևով են սովորեցնում, իսկ այստեղ իրենց ձևով են սովորեցրել։ Երբ եկել էի սովորելու՝ զարմանում էի․ այ մարդ, ես գիտեի, որ Մովսես Տեր-Գալստյանն է եղել հերոսամարտի ղեկավարը, այստեղ Եսայի Յաղուբյանն է։ Երկուսն էլ եղել են, բայց մենք չենք կարողացել միացնել։
– Հոդված էլ ունեք՝ որպես «ազգային բժիշկ» հայերին որոշել եք երկու մասի բաժանել, տեսել եք, որ շարունակում են վիճել, ու ինչքան բաժանես՝ կբաժանվեն։ Հարցի պատասխանը, բուժման եղանակը գտե՞լ եք։
– Ափսոս, ոչ։ Դեռ փնտրում եմ՝ անբուժելի հիվանդություն է երևում։ Ախտորոշումը կատարում ենք, բայց բուժումը չգիտենք։ Ուշադրություն եմ դարձնում Երևանում տաքսու վարորդներին․ մի տաքսու վարորդը դժգոհում է մյուսից։ Բոլորս լավ վարորդներ ենք և դիմացինին չենք հավանում։ Սակայն եթե ամեն մեկն իր սխալն ուղղի՝ ավելի հանգիստ կապրենք։ Երևի բուժումը նրա մեջ է, որ մարդ առաջինն իր ախտորոշումը կատարի, ոչ թե դիմացինի։
Մենք ազգային դաստիարակության ծրագիր չունենք։ Սփյուռքում մենք հեքիաթ ենք սովորեցնում սերունդներին։ Մենք էլ ենք հեքիաթներով մեծացել։
– Կարծում եմ, նաև հայրենապաշտական դաստիարակություն չենք տալիս։
– Այո, ասում ենք՝ Հայրենիքն ամեն ինչից վեր է, բայց ամեն մարդ իր անձնական կյանքում նախ իր մասին է մտածում։ Այսինքն, մեր անձնական և հավաքական կյանքը լրիվ տարբեր է։ Իհարկե, չեմ մեղադրում, ամեն ոք իր կյանքը պետք է ապահովի, որ կարողանա ուրիշին կամ հայրենիքին օգտակար լինել։ Բայց սա պետք է լինի ծրագրված։ Մարդկանց հայրենիք վերադարձը ճիշտ կլինի, եթե ծրագրավորված ինչ-որ բան լինի, բայց չկա։
– «Ազգային բժիշկն ազգային սուպերմարկետում» հոդվածում նշում եք, որ ատամնաբույժ եք, և, եթե վերադառնաք Հայաստան՝ գործ չեք գտնի։ Մի քիչ սխալվում եք, լավ մասնագետների կարիք միշտ կա։
– Հայաստանում գործ կա, ունեմ նաև ընկերներ, ովքեր տեղափոխվել են այստեղ և աշխատում են։ Սակայն հայրենդարձության խնդիրը ճիշտ ձևով չենք ծրագրում։ ԱՄՆ-ից և այլ երկրներից մեծ մասամբ Հայաստան գալիս են նրանք, ովքեր թոշակի են անցել։ Բայց հիմնականում ո՞վ պետք է գա Հայաստան, կամ ո՞ւմ պետք է բերենք, դա չենք ծրագրել։ Վերցնենք Սիրիայի կամ Իրաքի հայությանը։ Սիրիայում պատերազմ եղավ, հայերի 80 տոկոսը թողեց-գնաց ԱՄՆ կամ Կանադա։ Ո՞վ էր սրա մեղավորը։ Իրենք չեն, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքը պետք է ապահովեին։ Սիրիայում այսօր մնացել են ամենաանապահով մարդիկ, ովքեր դուրս գնալու միջոցներ չեն ունեցել։ Նրանք արհեստավոր, աշխատասեր մարդիկ են, ամեն ինչ կանեն։ Կարելի է բերել, բնակեցնել Հայաստանում, և դրա համար պետական ծրագիր է պետք։ Նույնը՝ իրաքահայության դեպքում։ Իրաքից գաղթած 100 հոգի նույնիսկ չկա։ Եթե ՀՀ-ում առանձնացնեն տարածք ու ասեն, որ սիրիահայերին պետք է բերեն, մեծ սիրով կգան։ Պետք է լինի պետություն-սփյուռք համագործակցոււթյուն, որն այս օրերին գրեթե անհնար է դարձել։
Նշված գաղութները՝ Լիբանան, Սիրիա, Իրաք․․. այս տարածքները Հայաստանը միշտ մոռացել է և հիմնականում ԱՄՆ-ի, Եվրոպայի հայերով են զբաղված՝ հարուստներով։
– Սփյուռքում ինչպե՞ս են վերաբերվում խաղաղության օրակարգին, հավատո՞ւմ են հայի ու թուրքի միջև բարեկամությանը։
– Որպես մուսալեռցի՝ չեմ կարող ասել, որ հավատում եմ, որովհետև այդ պատճառով թողել ենք Մուսա լեռն ու գնացել։ Թուրքի հետ չենք կարող ապրել՝ դժվար է։ Եթե մնայինք Մուսա լեռում՝ թուրքերը հաստատ մեզ կջարդեին, որովհետև մենք նրանց դեմ հերոսամարտ ենք մղել։ Լցված են մեր հանդեպ։ Թուրքի հետ խաղաղությունը դժվար բան է։ Թուրքի նկարագիրը լավ գիտենք, բայց այնպիսի տարածաշրջանում ենք, որ ուզես-չուզես՝ պետք է համագործակցես։ Նրանք են հարևանները։ Մեկն Իրանն է, որ համաշխարհային ճնշման տակ է, մյուս կողմն Ադրբեջանն է, հետո Թուրքիան, Վրաստանը։ Դժվար խնդիր է։ Թուրքիան համագործակցության դեպքում իր պայմանները պետք է պարտադրի, իսկ մենք կարո՞ղ ենք բոլոր պայմաններն ընդունել։ Նույնիսկ Ադրբեջանը, որ առաջ չկար, սկսեց պարտադրել իր պայմանները։
– Ե՞րբ եք գրել Ձեր առաջին երգիծական նյութերը։
– Միշտ սիրել եմ կարդալ երգիծական նյութեր։ Դպրոցական տարիներին, երբ շարադրություն էինք գրում, ինձ մոտ երգիծական ոճով էր ստացվում։ Նաև գրում էի նման նյութեր, բայց սիրողական զբաղմունք է եղել, որևէ տեղ չի տպագրվել։ Իսկ երբ Ֆեյսբուքում ստատուսներ էի գրում, դրանք հետո վերածվեցին նյութերի ու սկսեցի գրել։ Ընդհանրապես շատ եմ կարդացել, ընթերցանությունն իմ հիմնական զբաղմունքներից մեկն է եղել։
– Երգիծաբանները սիրում են խրատել՝ քննադատության միջոցով, բայց ատամնաբույժները՝ ոչ։ Ատամը քաշում կամ սարքում ու ճանապարհում են։ Հիմա, եթե փոփոխություն կատարենք, ապա որպես ատամնաբույժ՝ ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ և առողջ ատամներ, և, արդյո՞ք երեք տարեկանից հետո ատամ հանելը խելքի նշան է։
– Ատամնաբուժությունը շատ է զարգացել, մարդիկ ուշադիր են իրենց ատամներին։ Ատամները ոչ միայն ուտելու համար են, այլև խոսելու և տեսքի։ Այսօր տարբեր լուծումներ կան՝ առողջ ու գեղեցիկ ատամներ ունենալու համար։ Ամենակարևոր օրգաններից է նաև լեզուն, ու այդ մասին գրել եմ, որ երանի ատամնաբույժներին հնարավորություն տրվի մարդկանց լեզուն էլ բուժել, կամ, եթե վատ է՝ «լեզուն պոկել» ու արհեստականը դնել։
Իսկ ընդհանրապես, առողջ ատամ ունենալու համար պետք է սկսել փոքրուց։ Հիմա արդեն անգամ նորածինների դեպքում կարելի է հասկանալ, թե հետագայում ինչպիսի՞ ատամներ է ունենալու։ 3-5 տարեկանից պետք է ատամները մաքուր պահել։ Չպետք է սպասել, որ ատամը ցավի՝ նոր գնան բժշկի։ Շատ է պատահում, գալիս են մեծ տարիքում, բայց ինչ-որ բան պետք է փոքրուց անեին, որ այս կամ այն խնդիրը չառաջանար։ Ատամների հարցում չպետք է ուշանալ։ Ուշ ատամ հանելն էլ խելքի հետ կապ չունի՝ ժառանգական է։ Մոտ մեկ ամիս առաջ 5-6 տարեկան աղջնակի բերեցին, ով ատամ չուներ։ Ուներ ժառանգական խնդիր՝ ատամների բացակայություն, և այդ տարիքում արհեստական ատամնաշար սարքեցինք։
– Ձեզ կոչել եք «ազգային բժիշկ»։ Դուք էլ եք նկատում, որ հույս չկա, ոչ մեկի չեն գտնում որպես ազգի բժիշկ ու այդ բեռը Ձեզ վրա՞ եք վերցրել։
– Դա էլ պատահական ստացվեց, որովհետև ազգային խնդիրների մասին էի գրում, բոլորը ախտորոշումներ էին, ստացվեց ազգային բժիշկ։
– Փաստորեն, Դուք էլ չեղաք ազգի փրկիչը․․
– Հուսանք՝ կլինեմ, բայց շատ դժվար է։
– Ի՞նչ դրական կողմեր ունի հայ ազգը։
– Շատ դրական կողմեր ունենք, բայց կյանքում դրականը չեն գնահատում ու միշտ մարդիկ միմյանց բացասական կողմերն են մատնանշում։ Երանի այդ մեկը ճիշտ կարողանանք կատարել, իրար դրական ազդակներ տանք, գնահատենք։ Հայերը խելացի ժողովուրդ են, բայց անձնական կյանքում, իսկ հավաքական կյանքում այդ խելքը չի աշխատում։ Սա է մեր հիմնական պրոբլեմը։
– Ո՞ր հիվանդությունների բուժման եղանակներ ենք փնտրում։
– Երևի ամենամեծ խնդիրներից մեկը, որ պետք է բուժել՝ ազգային վախն է։ Մարդիկ չպետք է հոգեբանական ճնշման ենթարկվեն, հանգիստ պետք է կարծիք հայտնեն։