Ես հավատում եմ մեր ինքնության զորությանը և մեր ժողովրդի՝ ծանր իրավիճակներից դուրս գալու ունակությանը. փրկության ճանապարհը մեր ինքնությանը վերադառնալն է. Ռուբեն Սաֆրաստյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից հետո իրադրությունը կտրուկ փոխվեց Մերձավոր Արևելքում։ Տառացիորեն 1-2 օրվա ընթացքում կլինի մեծ հրդեհ, եթե չկարողանան իրավիճակը վերահսկել։ Որոշ գործիչներ կանխատեսում են, որ սա կարող է հանդիսանալ Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկը։
- «Հըզբոլլահը», որի հետևում կանգնած է Իրանը, շատ մեծ ուժ է, և եթե այն ներգրավվի պաղեստինա-իսրայելական պատերազմում, Իսրայելի և ԱՄՆ-ի պատասխանը չի ուշանա։ Իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։
- Թուրքիայում էլ իրադրությունը լուրջ է։ Երեկ Մալաթիայում, ուր տեղակայված է ամերիկյան հետախուզական ռազմաբազան, շուրջ 2000 մեքենա ուղևորվել է դեպի այն, և միայն վերջին պահին է ոստիկանությանը հաջողվել կասեցնել այդ ընթացքը։ Թուրքիայում արաբ փախստականները շատ են։ Այնտեղ քաղաքներ կան, ուր արաբներն ավելի շատ են, քան թուրք բնակչությունը։
- Ադրբեջանն, իր մեջքին ունենալով Թուրքիան, ամեն պահի կարող է դրժել այն խոստումները, որ տալիս է պաշտոնական մակարդակում հրապարակային։ Խոսքը Հայաստանի վրա հարձակվելու մասին է։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք։ Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա դեռ կխուսափեն ռազմական գործողություններից, որովհետև կարծում են, որ Հայաստանից իրենց ուզածը դեռևս կարող են ստանալ ճնշման միջոցով։ Եթե Իսրայելն Ադրբեջանի միջոցով ցանկանա Իրանի դեմ դուրս գալ, այս տարածաշրջանում իրավիճակը կդառնա անկառավարելի։
- Աշխարհում միայն մեկ պետություն կա, որը ստացել է ԱՄՆ-ի անվտանգային երաշխիքները՝ Իսրայելն է։ Նույնիսկ Ուկրաինան չունի այդպիսի երաշխիք։ Ամերիկյան արդեն երկրորդ ավիակիրն է մոտենում Մերձավոր Արևելքին։ Դա ահռելի ուժ է։ Այնպես որ, որևէ խոսք չի գնում այն մասին, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Արևմուտքը Հայաստանին կտան անվտանգության երաշխիքներ։ Ռուսաստանի հետ խնդիրներ կան, բայց կարծում եմ՝ պետք չէ սրել, պետք է կարգավորել դաշնակցային հարաբերությունները՝ միևնույն ժամանակ խորացնելով մեր գործընկերային հարաբերություններն Արևմուտքի հետ։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ ձևակերպել մեր ազգային շահը ու հասկացնենք դրանք մեր գործընկերներին՝ ՌԴ-ին, Իրանին և Արևմուտքին։
- Հարավային Կովկասից Ռուսաստանը դուրս չի գա։ Դա ինձ համար ակնհայտ է։ ՌԴ-ն միշտ իր քաղաքականությունն իրականացրել է ուժի միջոցով։ Հիմա, երբ Արևմուտքի կողմից ճնշումը մեծացել է, նոր սկսում է դիվանագիտությունը զարգացնել։ ՌԴ-ն մեծ սխալներ է թույլ տալիս Հայաստանի ու Արցախի հարցում։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կտեսնենք ռուսական դիվանագիտության աշխատանքը տարածաշրջանում։ Պետք է այնպես անել, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն այնքան չսրվեն, որ դա մեր անվտանգության համար սպառնալիք դառնա, որովհետև այս տարածաշրջանում ըստ էության երկու ուժ կա՝ Ռուսաստան և Թուրքիա։
- Թուրքական դիվանագիտության նպատակը վերջին 30 տարում Հարավային Կովկասն իր վերահսկողության տակ վերցնելն է։
- Այսօրվա իրավիճակը կարելի է համեմատել 1920-21թթ․ հետ, երբ բոլշևիկներն ու Քեմալական Թուրքիան կարողացան համաձայնության գալ, որի արդյունքում բաժանվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Դա զարմանալի էր, բայց քանի որ և Ռուսաստանը, և Թուրքիան ունեին մեկ ընդհանուր թշնամի՝ Արևմուտքը, կարողացան լեզու գտնել իրար հետ։ 1930թ․ մի փակ հանդիպման ժամանակ Քեմալ Աթաթուրքը ասել է՝ ճիշտ է, հիմա մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց կգա մի օր, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի, և մենք կկարողանանք իրականացնել մեծ թուրքական երազանքը՝ պանթուրքիզմը։ Ինչպես տեսնում ենք, այդպես էլ լինում է։
- Թուրքիայի պահանջները հայտնի են՝ Հայաստանը պետք է պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի պահանջների հիման վրա, և երկրորդը՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։
- Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ թուրքական բանակը կենտրոնացել էր ԽՍՀՄ սահմանների վրա՝ ամեն րոպե պատրաստ ԽՍՀՄ փլուզման պարագայում իրականացնել պանթուրքիզմի գաղափարը։ Այդ ժամանակ Թուրքիան ակտիվացրեց պանթուրքիստական կազմակերպություններին, բայց երբ տեսան՝ ԽՍՀՄ-ը հաղթում է, 1944թ․դատեց նույն այդ պանթուրքիստական կազմակերպությունների անդամներին, ում ինքն էլ ակտիվացրել էր։
- Ներկայումս պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչելու համար անգամ թուրքական աշխարհի պետությունների կրթական ծրագրերը, դասագրքերն են նույնացվում։ Շատ է խոսվում համատեղ Թուրանի բանակի մասին։
- 1921թ․Խորհրդային 11-րդ բանակը հայ ժողովրդին խորհրդայնացման հեռանկարով, իհարկե, բայց փրկեց ֆիզիկական բնաջնջումից։ Ալեքսանդրապոլի սահմաններին մոտեցած Կարաբեքիրի բաշիբոզուկներն Անկարայից հրահանգ էին ստացել՝ Հայաստանը պետք է բնաջնջվի։ Չստացվեց, որովհետև հյուսիսից մոտեցավ խորհրդային բանակը։
- Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ոչ թե հայ-թուրքական կարգավորումներում ներկայացուցիչ է, այլ նախագահի հանձնակատար հայ-թուրքական հարցերում։ Նման ձևակերպում կար նաև 1918թ. Բաթումի պայմանագրում։ Համընկնումները շատ են:
- Երբ նայում ես Թուրքիայում հրապարակվող քարտեզներին, դրանցում Զանգեզուրի միջանցքը ոչ միայն սոսկ միջանցքն է, այլ ողջ Սյունիքը։ Այնպես որ, Թուրքիան չի հրաժարվել ոչ Զանգեզուրի միջանցքից, ոչ Սյունիքն Ադրբեջանին բռնակցելուց։ Թուրքիան, իհարկե, հիմա հնարավորություն չունի գործարկել այդ միջանցքը, այն կգործի մի քանի տարի հետո, բայց միջանցքը հիմա է պետք ստանալ, քանի դեռ Հայաստանը թուլացած է։
- Երբ խորհրդային տարիներին Երևան-Բաքու գնացքը մտնում էր Ադրբեջանի տարածք, մեզ խորհուրդ էին տալիս հեռու մնալ պատուհաններից, քանի որ ադրբեջանցի փոքր տղաները քարերով խփում էին։ Ես պատկերացնում եմ, թե հիմա ինչ կլինի…
- Վրաստանը, որ հարաբերությունները զարգացրել է Թուրքիայի հետ, ըստ էության ենթարկվում է թուրքական փափուկ ուժի ճնշմանը։ Եթե Հայաստանն էլ ենթարկվի նման ճնշման, մեզ մոտ իրավիճակն ավելի լուրջ կլինի, որովհետև թուրքական իշխանությունները Հայաստանի առաջ պահանջ կդնեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Ցեղասպանության ճանաչումը մեր ինքնության մի մասն է, այն հնարավոր չէ մոռանալ, բայց Թուրքիան պահանջելու է։
- Ես կողմնակից եմ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման։ Պետք է գնալ դրան, բայց հասկանալով դրա վտանգները ու հակազդելով դրանց։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր ինքնությունն ու ազգային արժանապատվությունը։ Եթե Թուրքիան սահմանը բացի, մենք ահռելի ճնշման կենթարկվենք Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից նաև։ Բայց դա ապագայի խնդիր է։ Ներկա պայմաններում Թուրքիան ոչ մի սահման չի բացի, մինչև Հայաստանը չկատարի նախապայմանները։
- Թուրքիան Արևմուտքի բաղկացուցիչ մասն է․ այստեղ պատրանքներ, կեղծ սպասումներ չպետք է ունենալ։
- Ես համոզված եմ, որ Թուրքիային զիջումներ անել չի կարելի, որովհետև թուրքական մենթալիտետն այնպիսին է, որ եթե զիջեցիր, ճնշումն էլ ավելի է մեծանալու։ Ես հավատում եմ մեր ժողովրդի և մեր ինքնության զորությանը ու հազարամյակների ընթացքում ձեռք բերած ունակությանը՝ ծանր իրավիճակներից դուրս գալու։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի շրջանցել վտանգները։
- Ես տեսնում եմ, որ հստակ միտում կա մեր ինքնությունը թուլացնելու։ Պետք է ուժեղացնել մեր ազգային գաղափարի ընկալումները մեր հասարակության կողմից։ Հայ ժողովուրդը հազարամյակների շատ դժվար ճանապարհներ է անցել, բայց պահպանել է իր ինքնությունը։ Աշխարհում քիչ կան նման ժողովուրդներ։ Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ մեզ վրա ուժեղ ճնշում կա նաև գաղափարական առումով, ճանապարհը մեր ինքնությանը վերադառնալն է։ Այս առումով մեծապես կարևոր է, որ մենք ունենանք մեծ ազգային գաղափար, մեծ ռազմավարություն ու մարտավարություն այդ գաղափարին հասնելու համար։ Պետք է Հայաստան-Սփյուռք կապերը դարձնել որպես գործող մեխանիզմ։ Հայաստանը պետք է հանդես գա՝ որպես հայության ու հայկական գործոնի կենտրոն, որում առանցքային դեր ունի Սփյուռքը։ Համայն հայության մեծ գաղափարների շուրջ համախմբումը պետք է լինի մեր մտավորականության կարևորագույն գործը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։
- Եթե դու ունես ուժեղ ազգային պետություն, քեզ հարգում են, ու նույնիսկ գլոբալիստներն են քեզ հարգում։
- Մենք տեսանք՝ ինչքան կորուստ ունեցավ Ադրբեջանը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ վերջին մեկօրյա պատերազմի ժամանակ, ինչ հերոսության օրինակ ցուցաբերեցին մեր զինվորներն ու բնակչությունը։
- Բարությունը ոչ թե թուլություն է, այլ մեծ ուժ։ Պետք է դրա վրա կառուցել հավաքական հայի կերպարը նոր պայմաններում։ Այն սերմերը, որ դրվել են 2000 տարի առաջ Արտաշես Առաջին Բարի թագավորի ժամանակ, մեր մեջ դեռ կան։ Պետք է դուրս բերել դրանք։
- Արցախը մեր ժողովրդի պատմության, Հայաստանի, մեր Հայրենիքի մի մասն է, որը ժամանակավորապես կորսված է։ Մենք չպետք է Արցախը մոռացության տանք։ Պետք է ճանապարհներ որոնել ու ստեղծել հնարավորություններ արդարությունը վերականգնելու համար։ Այդ հնարավորությունը միշտ պետք է պահպանվի։
- Եթե ընդդիմությունը կարողանա ձևակերպել ազգային մեծ գաղափարի ծրագիրը, շատ մարդիկ կհավատային ու կգնային դրա հետևից։ Ցավոք սրտի, դա չկա, ու դա փաստ է։ Պետք է գան մարդիկ, ովքեր կրում են այդ գաղափարները։ Պետք է կարողանանք ժամանակ շահել՝ մեր բանակը կարգի բերելու, պետությունն ուժեղացնելու համար։ Դրա համար ՌԴ-ի հետ հարաբերությունները չպետք է հասցնել այնպիսի մակարդակի, որ հետո հնարավոր չլինի այն խորացնել, պետք է զարգացնել նաև Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարական ուղիով։ Այլ կերպ մեր պետությունն այս միջավայրում չի կարող գոյատևել։ Պետք է ունենալ ազգային գաղափարի վրա հիմնված ժողովրդավարություն։ Այլ ճանապարհ մենք չունենք։ Շատ կարևոր է, որ մեր արտաքին քաղաքականությունը հասկանալի լինի և մեր դաշնակիցների, և մեր թշնամիների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։