«Բանաձևն ընդամենն էմոցիոնալ ֆասթ-ֆուդ է, էմոցիոնալ բարոյական Ավարայր». Նաիրա Զոհրաբյանը՝ «Սերժի վախտվա» ու ներկա իրողությունների մասին
ԵԽԽՎ-ն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը. սա հանրային տարբեր շրջանակների մոտ վերակենդանացրեց հումանիստ Արևմուտքի մասին պատկերացումները և նոր սպասելիքներ ձևավորեց:
Ի՞նչ սպասել Արևմուտքից և ի՞նչ հնարավորություններ կտա ԵԽԽՎ այս զեկույցը հայկական կողմին՝ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանին:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցի պահին Ստրասբուրգում էր և ամփոփեց այն հանդիպումները, որոնք ունեցել էր Եվրոպայի փորձագիտական և քաղաքական շրջանակների հետ այս օրերին:
«Եթե մեկ ձևակերպմամբ ներկայացնեմ իրենց տեսակետը, ապա՝ «Նիկոլը մեր տղան է, ինչպես մեր տղան էր Սահակաշվիլին, Զելենսկին (նկատի ունի՝ Արևմուտքի): Մենք հասկանում ենք, որ այսօր խոսել ՀՀ-ում խոսքի ազատության, մարդու իրավունքների մասին՝ աբսուրդ է, մենք ընդունում ենք, որ երբևէ այսքան քաղաքական հայացքներով բանտարկյալներ չեն եղել, որ այսօր Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործը իրավական խայտառակություն է, և Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ նախկին լրագրող վարչապետն այսօր խոսքի ազատության ամենամեծ թշնամիներից մեկն է, բայց՝ Նիկոլը մեզ համար լավագույն գործիքն է մեր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար (այն է` ՌԴ-ին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու համար),- իր մասնավոր զրույցների ռեզյումեն ներկայացրեց քաղաքական գործիչը՝ մանրամասնելով,- Իմ հաջորդ հարցին, օրինակ, եթե ընդունում եք, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, ինչո՞ւ ՀՀ հարցով համազեկուցողներն իրենց զեկույցներում դրան չեն անդրադառնում. նորից արձագանքում էին՝ «որովհետև Նիկոլը մեր տղան է»»:
Հենց այս համատեքստում անդրադառնալով ԵԽԽՎ կողմից երեկ ընդունված բանաձևին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ թե՛ ԵԽԽՎ այս, թե՛ մի քանի օր առաջ Եվրոպական պառլամենտի բանաձևը, որտեղ կոչ էր արվում ԵՄ-ին՝ պատժիչ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, Հայաստանի համար ընդամենն էմոցիոնալ «ֆասթ-ֆուդ» են, էմոցիոնալ բարոյական Ավարայր, որը ոչ մի կոնկրետ գործողություն չի ենթադրելու:
«Երկու հստակ պատժամիջոց կա, որով Ադրբեջանին կարելի է սատկացնել՝
1. եթե ոչ չեղարկել, ապա առնվազն սառեցնել Ադրբեջանի հետ էներգակիրների պայմանագրերը,
2. նույն եվրոպական տապլոիդներն առնվազն 100 հոդված են գրել Ալիևի կլանի օֆշորային հաշիվների մասին, կամ ԵՄ-ում ունեցած բանկային հաշիվների մասին. սառեցնել այդ հաշիվները:
Սառեցրե՞ց ԵՄ-ն դրանք՝ ոչ, ուստի քանի դեռ այս պայմանական կոչված Արևմուտքը որևէ կոնկրետ պատժամիջոց չի կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլ բավարարվել է ընդամենը Ա4 ֆորմատի էմոցիոնալ մակուլատուրայով, այս կարգի հայտարարություններն ինձ համար ոչինչ են, իրենց ՕԳԳ-ով ձեռքերը սրբելու անձեռոցիկից ավելի ցածր են»:
Անդրադառնալով այդ զեկույցում տեղ գտած ձևակերպմանը, թե Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը, ԱԺ նախկին պատգամավորը շեշտեց.
«Եթե անգամ այդ հուժկու սպառնալիքն իրագործեն, և մի նստաշրջան, ասենք, երեք ամիս կասեցնեն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, և՞, ի՞նչ է լինելու, դրանից Ալիևն իր մազերը պոկելո՞ւ է:
Ո՛չ Ալիևին ես եմ լսել տարիներ առաջ Ստրասբուրգում, երբ նա լիագումար նիստերի ամբիոնից ասում էր՝ ես թքած ունեմ միջազգային բոլոր կառույցների կարծիքների վրա: Դա այն տարիներն էին, ինչպես ասում են՝ «Սերժ վախտ», երբ Ալիևը հայտարարում էր, որ «միջազգային հանրությունը փակ դռների հետևում ստիպում է ինձ ճանաչել Արցախի անկախությունը», դա այն տարիներն էին, երբ, ինչպես հետո Նիկոլն էր ասում՝ Պուտինն ինձ թաքուն ասեց, որ (Սերժի վախտերով) Ալիևն արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ Արցախն այլևս չի լինելու Ադրբեջանի կազմում:
Եվ ահա այդ տարիներին Ալիևը հենց այս հարթակից հայտարարում էր՝ իհարկե, դուք ինձ ստիպում եք, որ ես ճանաչեմ Արցախի անկախությունը, բայց Ադրբեջանը ԵԽ-ից դուրս գալու գնով էլ, սանկցիաների գնով էլ գնալու է մինչև վերջ:
Այնպես որ, եկեք շատ չոգևորվենք այդ մակուլատուրայով»:
Նաիրա Զոհրաբյանն ամփոփելով՝ հիշեցրեց, որ Եվրոպական պառլամենտի՝ սանկցիաների մասին հայտարարությունից հետո ԵՄ առաջին դեմքերը կրկին հայտարարեցին, որ իրենց օրակարգում չկա այդ հարցը, որ դրանք արդյունավետ չեն լինի, հետևաբար՝ Ա4 ֆորմատի վրա մեկ կամ երկու էջանոց հայտարարություններն իր համար ոչինչ են. ընդամենը հայ հասարակության էմոցիաները շոյելու հովհար: