Հիշում են և պահանջում

Էրդողանն ու Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հիշեցնում են իրենց տրված խոստումները պահպանելու, ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Պայմանավորվածությունների ու խոստումների մասին հիշեցումներ հղվում են նաև Ռուսաստանից ու Արևմուտքից։ Դրանք առավելապես վերաբերում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանը, ի պատասխան այդ հիշեցումների՝ երբեք ուղղակիորեն, աներկբա չի հերքում խոստումների ու պայմանավորվածությունների մասին պնդումները՝ սահմանափակվելով լիրիկական ձևակերպմամբ, թե Հայաստանի համար «միջանցքային տրամաբանությունն անընդունելի է»։ Բայց քանի որ աշխարհաքաղաքականությունը լիրիկական զբաղմունք չէ, Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունն ու տրամաբանությունը նույն հարթության վրա դնելն էլ՝ ծիծաղելի, Նիկոլ Փաշինյանին շարունակում են հղվել տված խոստումների կատարման մասին հիշեցումներ։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու սկզբում հասարակությանը խաբել, ստել-մոլորեցրել է «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով, պատերազմի ընթացքում հանձնել է Արցախի մեծ մասը, իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերին՝ այն հանձնել է ամբողջությամբ։ Մինչ այդ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, խոստացել է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացում Արցախի ինքնորոշման իրավունքի ապահովմանը հասնելու համար։ Ինչպես միշտ՝ ստել է: Նա հայ հասարակությանը տվել է խոստումներ, որոնք ոչ միայն ուղղակի չի կատարել, այլ արձանագրվել է այդ խոստումներին տրամագծորեն հակառակ պատկերը։ Այսինքն՝ նա իր ներքին քաղաքականությունը կառուցել է խոստումներ տալու ու դրանք չկատարելու սկզբունքով։

Վերջին մի քանի տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ ներքին լսարանին տրված խոստումների չկատարմանը զուգահեռ՝ Փաշինյանը հետևողականորեն կատարել է քայլեր, որոնք հնարավոր էին միայն այն դեպքում, եթե դրանց վերաբերյալ խոստումներ տրված լինեին աշխարհաքաղաքական խաղացողներին, այդ թվում՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ վերջիններիս ղեկավարների կողմից պայմանավորվածությունների մասին հիշեցումները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չիրականացրած խոստումներ ունի, և նրան շտապեցնում են։

Կարդացեք նաև

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ սեփական հասարակությանը մեթոդաբար և հետևողական խաբած, խոստումներ տված ու դրանք չկատարած անձը գերազանցիկ ուսանողի պարտաճանաչությամբ է վերաբերվում արտաքին աշխարհին տրված խոստումներին։

Պատճառը ոչ թե նրա պարկեշտությունն է, խաբել չկարողանալու առաքինությունը, այլ այն, որ հենց այդ խոստումների կատարմամբ է պայմանավորված նրա իշխանության պահպանումը Հայաստանում։ Իսկ հայ հասարակությունը, ժողովուրդը, որ անհաշտ է ու անհանդուրժող իրեն անգամ կենցաղային հարցերում խաբողների նկատմամբ, պաթոլոգիկ անտարբերությամբ հետևում է, թե ինչպես է իրեն խոստումներ տված իշխանությունը հերթով տապալում դրանք ու կատարում արտաքին աշխարհի առջև ստանձնած պարտավորությունները։

Արցախի հետ տեղի ունեցածն ու Հայաստանի հետ կատարվողը մեծագույն խաբեություն է, որը երբևէ բացահայտվելու է։ Պարզապես բացահայտման պահին Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ՝ Ադրբեջանին ու Թուրքիային տրված ամենագլխավոր խոստման կատարման բերումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս