Ստորագրելու եմ. Փաշինյան

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, ըստ որոնց՝ թշնամին կիլոմետրերով ներխուժել է ՀՀ տարածք, և թե թշնամական կողմը պատրաստ է 100 դի վերադարձնել:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հրապարակեցի այսօրվա դրությամբ մեր զոհվածների թիվը: Մի բան եմ առաջարկում, որ մենք քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզեր ընդհանրապես չբարձրաձայնենք, մի հատ էլ՝ քննարկենք: Դա էլ այն պատմությունն է, թե ճի՞շտ է, որ 5 միլիարդ փող ես վերցրել (մեկը կար ընդեղ նստած):

Եվ այստեղ ես համաձայն եմ, որ մենք բոլոր այդ հայտարարությունների հետևից պետք է գնանք՝ ընդ որում, քրեական օրինական վարույթների շրջանակներում.  եթե օրենքը թույլ տա, ոմանց պետք է պագոնազրկենք ընդհանրապես, որ պագոնի տակ զբաղվել են բոշի առևտրով:

ՀՀ տարածք թշնամին  ներխուժել է.  դա փաստ է: Եվ մեր Զինված ուժերն աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Իհարկե ներխուժել են.  նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ,  կարող եմ ասել, որ ևս 10 քկմ են օկուպացրել մեր երկրից: Բա ագրեսիա է տեղի ունեցել, և մենք ասում ենք՝ այդ ագրեսիան չենք ընդունելու, չենք ճանաչելու. պետք է դուրս գան մեր տարածքից, և սա մեր քաղաքական դիրքորոշումն է»:

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ ՀՀ իշխանությունները չեն ասել, թե Հայաստանը չունի պրոբլեմներ, այլ հակառակը՝ ասում են՝ ՀՀ-ն  ունի անվտանգային, գոյաբանական խնդիրներ, բայց նաև՝ պետք է գնան հարցերի կարգավորման:

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝  29.800 քկմ  տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն:

Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ.  ինձ չի հետաքրքրում՝  ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝  ուրախ ու հպարտ է, որ ՀՀ-ում կա թիմ, կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս իրեն այդ պատասխանատվությունը կրելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս