«Հակառակորդն ապահովել է 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն Շորժաների ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն». ԳՇ պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանի ուղեկցությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք:

Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպում-բրիֆինգի ժամանակ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ ռազմական գործողությունների հենց սկզբից վարելով դիրքային մարտեր, մեր ստորաբաժանումները ետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները:

«Օրվա ընթացքում հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր մենք կորցրել ենք, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ հակառակորդը կարողացել է այդ ճեղքվածքներով ներթափանցել իր հարյուրավոր և մեծ քանակությամբ ստորաբաժանումներով մեր պաշտպանության խորքը:

Որոշ ուղղություններում մեր ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում՝ ինչպես Ջերմուկի, այնպես էլ ՀՀ հարավարևելյան, արևելյան մյուս ուղղություններում հաջողվել է հակառակորդին ետ շպրտել ելման դիրքեր»,- մանրամասնել է գեներալը՝ հավելելով, որ Ջերմուկ քաղաքից մինչև սահման՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը, հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկա դրությամբ, ինչպես ավելի վաղ ասաց՝ 4.5 կմ:

Նշենք, որ հակառակորդը Ջերմուկի հատվածում մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ:

Այս համատեքստում անդրադառնալով մյուս ուղղություններին (առկա է 5 ուղղություն), ՀՀ ԳՇ պետը շարունակել է.

«Կան 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի նաև դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժաների ուղղությամբ, մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Եվ Իշխանասարի ուղղությամբ որոշակի՝ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն: Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը»,- շարունակել է Էդվարդ Ասրյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը, ունենալով զավթողական նպատակներ, խնդիր է դրել ՀՀ ինքնիշխան տարածքում ապահովել իր գտնվելը և ստեղծել համապատասխան ծանր իրավիճակներ ՀՀ-ի համար՝ տնտեսական, ռազմական առումներով և ենթակառուցվածքների գործունեության համար:

Տեսանյութեր

Լրահոս